Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրբաշյանի խիղճը հանգիստ է

Հունիս 08,2010 00:00

«Առավոտը» շարունակում է բողոքների հեղեղ ստանալ՝ կապված հատկապես հայոց լեզու եւ գրականություն առարկայի թեստերի հետ: Նշենք, որ այս տարի դրանք կազմել են ԵՊՀ դասախոսներ Փառանձեմ Մեյթիխանյանն  ու Աշխեն Ջրբաշյանը:  Տիկին Մեյթիխանյանի հետ երեկ կապվել չհաջողվեց: Նշենք, որ մեզ հասած տեղեկություններով նա, ինչպես նաեւ նախորդ տարվա թեստերի հեղինակներից ԵՊՀ դասախոս Յուրա Ավետիսյանը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի համագյուղացիներն են: Իսկ Աշխեն Ջրբաշյանը հեռախոսով պատասխանեց մեր մի քանի հարցի, նշելով, որ քանի դեռ արդյունքներն ամփոփված չեն, իրենք հարցազրույցներ տալու իրավունք չունեն: Թեստային աժիոտաժի մասին ի՞նչ կարծիքի է տիկին Ջրբաշյանը: Նրա համոզմամբ,  աժիոտաժը գնալով կմարի, քանի որ, ի, տարբերություն նախորդ տարվա թեստերի, իրենք լուրջ մասնագիտական վեճերի առայժմ չեն հանդիպել: Նախնական արդյունքներից էլ գոհ է, ասում է՝ եթե անցյալ տարի դիմորդների ավելի մեծ տոկոսին չի հաջողվել հաղթահարել նվազագույնի շեմը, այս տարի ընդամենը՝ 10 %-ին: «Դեռ բողոքարկում չի եղել, գուցե հետագայում որոշ դժգոհություններ լուծվեն դիմորդների օգտին»,- կարծում է Ջրբաշյանը: Նաեւ հավելում է, որ եթե անցյալ տարի մեկ թեստ էր, որի վերաբերյալ մոտ  20 վիճելի հարց կար, ապա այս տարի երկուսն է՝ 160 հարցով, եւ մեկ-երկու հարցի վերաբերյալ են ինչ-ինչ տարաձայնությունները:
Ինչ վերաբերում է այն ասեկոսեներին, որ քննությունից առաջ թեստերի պատասխանները վաճառվել են $3000-4000-ով, այս մասին էլ Ա. Ջրբաշյանն ասաց, որ նման հայտարարություն անողները թող բարի լինեն ներկայանալ, մանավանդ՝ իր խիղճը հանգիստ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել