Շրջապատի անառողջ մոտեցո՞ւմ, թե՞ անձնական դրդապատճառներ
Ընկերասեր, կենսուրախ՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Վ. Համբարձումյանի անվան թիվ 12 դպրոցի շրջանավարտ Գոհար Մարտիրոսյանին այսպես են բնութագրում ընկերները, ուսուցիչներն ու մտերիմները: «Առավոտի» հետ զրույցում նրանց բոլորի կարծիքը մեկն էր. «Ոչ ոք չէր սպասում, որ Գոհարիկը կարող է ինքնասպանություն գործել»: Սակայն փաստ է այն, որ 17-ամյա Գոհար Մարտիրոսյանը օրերս իրեն վայր է գցել Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի 5-րդ շենքի 7-րդ հարկում գտնվող իրենց տան պատշգամբից: Գոհարիկն այս քայլին է գնացել հայոց լեզու եւ գրականություն առարկայից միասնական քննություն հանձնելու օրը, ժամը 15.53-ին, այն բանից հետո, երբ ԳԹԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված քննական թեստերի ճիշտ պատասխաններին ծանոթանալուց հետո պարզել է, որ 7.5 միավոր է հավաքել: Աղջնակի հարեւանները «Առավոտին» պատմեցին, որ երբ Գոհարն իրեն վայր է գցել, այդ ժամանակ հայրը քնած է եղել, իսկ ողբերգությունից րոպեներ առաջ Գոհարը ուրախ ու զվարթ խաղացել է եղբոր բալիկի հետ: Մինչ այդ՝ նա հեռախոսային զրույցներ է ունեցել իր դասընկերների հետ, որոնք «Առավոտին» ասացին՝ չնայած Գոհարն ինքը նեղսրտած էր, բայց անընդհատ սիրտ էր տալիս իրենց: Մեկ օր առաջ էլ Գոհարի հետ զբոսանքի գնացած ընկերուհիների խոսքով՝ Գոհարն ասել է. «Եթե չընդունվեմ, չգիտեմ՝ ինչ կանեմ»: Իսկ նրա հետ պարապած կրկնուսույցը փորձել է ճիշտ պատասխանների տեղադրումից հետո զանգել Գոհարին ու ասել, որ նրա միավորը կբարձրացվի, բայց արդեն ուշ է եղել….
Թիվ 12 դպրոցի տնօրեն Վլադիմիր Ստեփանյանն էլ մեզ ասաց, որ Գոհարը միջին սոցիալական հնարավորությունների տեր ընտանիքի զավակ էր. «Գոհարն էլ նորմալ վարքի տեր, կազմակերպված, միջինից բարձր առաջադիմությամբ աշակերտ էր: Դասղեկն ասում է, որ բոլոր ծնողական ժողովներին մայրը պարտաճանաչ մասնակցում էր: Գոհարիկը դասարանի սիրտն էր, երեխաների կապող օղակը: «Վերջին զանգի» արարողությունն էլ համարյա ամբողջությամբ նա էր կազմակերպել: Գոհարը դիմել էր Լեզվաբանական եւ Երեւանի պետական համալսարաններ, ուզում էր անգլերենի մասնագետ դառնալ»: Դպրոցի փոխտնօրեն Անժելա Խաչիկյանն էլ նշեց. «Գոհարը պարզ, մաքուր, բարոյական աղջիկ էր: Ոչ ոքի մտքով անցնել չէր կարող, թե նա կարող է այդպիսի քայլի դիմել»:
Գոհարիկի ֆիզիկայի ուսուցչուհի Սեւանույշ Պողոսյանն էլ ասաց. «Գոհարիկին դասավանդելիս նկատել եմ, որ նա գնահատականներին մեծ ուշադրություն չի դարձնում: Իհարկե, լինում են երեխաներ, որոնք շատ ծանր են տանում, երբ ցածր գնահատական են ստանում, սակայն Գոհարիկն այդպիսի բնավորություն չուներ: Նրան լավ եմ ճանաչում, քանի որ իմ դուստրը նրա հետ նույն դասարանում էր սովորում»:
Փորձեցինք նաեւ մանրամասներ ճշտել Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունից, սակայն այստեղ ձեռնպահ մնացին տեղեկություններ հաղորդել, քանի որ հարուցվել է քրեական գործ, որի քննությունը դեռ ընթացքի մեջ է:
Հոգեբանական գիտությունների թեկնածու, հոգեբան, հոգեվերլուծող Անժելա Վարդանյանը կատարվածի առիթով նշեց. «Երբ չկան մանրամասներ ու փաստեր, կոնկրետ եզրակացություններ անելը բարդ է: Պարզապես պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք: Այդ տարիքի պատանիներին բնորոշ է անկայությունը, նրանք հաճախ գաղտնի կյանքով են ապրում, հետո մի քանի առիթ միանում է, եւ անձի մոտ ծնում աֆեկտ, ինչն էլ կարող է նման վախճանի բերել: Գուցե նա այնքա՜ն է ցանկացել բարձր գնահատական ստանալ, որ նրա մոտ ուժեղ շոկ է եղել… Գուցե ընտանիքում հարց է դրված եղել, որ երեխան անպայման պիտի բուհ ընդունվի: Այստեղ դերակատարություն ունի նաեւ այն հանգամանքը, որ ընդհանրապես շրջապատում կան անառողջ մոտեցումներ՝ դեպի ընդունելության քննությունները»:
Հ. Գ. odnoklassniki.ru սոցիալական կայքը ողողված է Գոհարի եղերական մահվան վերաբերյալ հաղորդագրություններով եւ ցավակցություններով: Անծանոթներն անգամ հարց են բարձրացնում՝ ինչո՞ւ: