Որպեսզի հետո ծոծրակներս չքորենք
Գանք սկզբից: Ցարական Ռուսաստանում հայկական դպրոցները երբ փակեցին՝ ազգովի պայքարեցինք: Ավելի հեռվից կարող ենք գալ. Հայկի ու Բելի կռիվը հիշում ենք, բայց հայ ինքնությունը պահելու համար պարսիկների դեմ պայքարը արդեն կենդանի հիշողություն է: Ապա արաբները… Ապա թաթար-մոնղոլները… Ապա թուրքերը… Պայքարեցինք ու դիմացանք: Այնքան պայքարեցինք, բնավորություն դարձավ ու հիմա առանց դրա չենք կարող: Եվ որովհետեւ մեր հայկականին, կարելի է ասել, այսօր ուրիշ սպառնալիք չկա, իրար դեմ ենք պայքարում: Մենք ենք մեզ մատուցում սկուտեղի վրա: Անեկդոտի հանգույն, աքլորից փախչող հավի պես, որ երկմտում է՝ արդյո՞ք շատ արագ չի վազում… Այդ էր՝ պարսիկ դառնայինք, որ նույն արքայական տան տարբեր ճյուղերի հպատակն էինք ու գահի առաջնայնությունն էր միայն վիճարկելի: Արաբ դառնայինք՝ այսօր Նախիջեւանը մեր քարտեզի մեջ քաղցկեղի տեսքով չէինք ունենա: Թուրք դառնայինք ու իրենց անունով մեզ համար արհեստ ու արվեստ զարգացնեինք՝ այդքան զոհ չէինք տա ու մեր հայրենիքն էլ, ուրիշի անունով, բայց մերը կլիներ: Չդարձանք: Լավ, ռուս դառնայինք: Չարենցը Կարսի ռուսական դպրոցում երեք լեզու էր սովորում ու Կարսում էլ մենք էինք ապրում, թեպետ անկախ մերը չէր, մեր Ղուկասովը թուրքից Ռուսաստանի համար էր ազատագրել, բայց բնակչությունը հայկական էր: Է, ինչո՞ւ պայքարեցինք՝ ազգային շարժում, զոհեր… Սովետի հարմար ժամանակը եղավ ռուս դառնալու՝ դառնայինք, դե: Չէ, մերը պայքարով պիտի լինի ու մեզ հաղթել չկա: Մենք ինքներս պիտի մեզ մատուցենք: Այդպես պատվավոր է: Եվ պատվավոր այդ տարբերակը մեր իմաստունները կարծես թե գտնում են, օտարալեզու դպրոցներ են բացում: Դա անում են «փաստարկելով», թե հայկական դպրոցի մակարդակն այն չի, թե դպրոցների ընդամենը մեկ-երկու տոկոսի օտարալեզվացնելը վտանգավոր չէ, թե այդ դպրոցներն ավարտողները արտասահմաններում աշխատանք հեշտ կճարեն…
Նախ հայկական դպրոցի մակարդակի մասին: Պատահական դասագիրք բացես, հիմնականում ռուսերենից բառացի թարգմանած են, բան չես հասկանա, մինչեւ նորից հետ չթարգմանես: Երեխա՞ն է մեղավոր, թե՞ հայոց լեզուն: Իսկ գուցե «թարգմանիչների» ախորժա՞կը, որ քսան տարի է՝ հազար ու մի գրանտներ ու ֆոնդեր են «կրթության բարելավում» կոչված այդ խոռոչում անհետացնում եւ ախորժակը ուտելիս այնքան է բացվում, թարգմանածը հայերենացնելու ժամանակ չի մնում, որովհետեւ հաջորդ գրանտը դմակավոր ոչխարի տեսքով ուր որ է կարող է անցնի սարի մյուս երեսը… Դե՝ քսան տարի բարելավեիք:
Կամ հանճարեղ մտահղացների մյուս «կռվանը», արտասահմանում հեշտ աշխատանք ճարելու մասին: Կարծես մեր պետությունը արտասահմաններին որակյալ բանուժ մատակարարող դարբնոց է: Սովետի ՊՏՈՒ-ի պես մի բան: Ու ինչ հնարավորություններ են բացվում՝ անգլիական, ֆրանսիական, գերմանական… Ճոխ ընտրություն է, թե մեր «մկան ցեթը ում ջրաղացին» օգուտ տա… Հրեաներն իրենց հազար տարվա մեռած լեզուն վերակենդանացրին, մենք մեր կենսունակը մատաղացու ենք անում… Անկեղծ ասած, անսպասելի էր օրենքի նախագծում որոշ փոփոխություններ մտցնելը: Դա չի՞ հիշեցնում մեզանում վաղուց առկա թեքումով դպրոցները: Եթե այդպես է, ինչի՞ համար էր այս աղմուկը: Դպրոցական ծրագրերի ինչ-որ փոփոխություններ պարտադի՞ր է ԱԺ-ով լինի: Թե՞ «դարդ չունեինք, մի բան կտրեցինք-գցեցինք՝ եղավ դարդ»: Թե՞ հիմա էլ ազգովի «ղազագիր» պիտի ստորագրենք օրենքի տեսքով, ուտել-խմելուց հետո ասված «անուշ լինի»-ի պես: Զարմանալի չի լինի, եթե մի օր պարզվի, որ այս ամենը գրազի մակարդակի է կամ մի բաժակաճառին փախցրած խոսքի հետեւանք: Ու հիմա Սայաթ-Նովի ասած՝ «փիքր» պիտի անենք ազգովի մատներս ճակատներիս, թե Թումանյանի «Մի կաթիլ մեղրի» նման «որտեղի՞ց եկավ աղետը այս մեծ»… Բայց, որ փոփոխություններ արվել են, լավ է: Ուրեմն մեր պետական այրերը սկսել են երբեմն լսելով խոսել: Դա իմաստ է տալիս: Իսկ իմաստունների պակաս մեզանում չկա: Հրեն, մեկն էլ լուրջ առաջարկում է ազգովի թլպատվել, որ վրաներիցս հոտ չգա…