Դժվար է պատասխանել «ո՞ւմ կողմից ես» հարցին, երբ երկու հարցադրողներն էլ գտնվում են նույն կողմում: Այդ երբվանի՞ց են «կույրերը» սկսել տարբերել կողմերը: Եթե այսօր կոշիկը տարբերում ենք ոտնամանից, ապա ի՞նչն է խանգարում տարբերել դպրոցը՝ վարժարանից: Ի՞նչ տարբերություն՝ հայերենը չեն սովորում, թե ռուսերենը: Բայց արի ու տես, որ տարբերություն կա, թեկուզ մեծ չէ, այդուհանդերձ՝ կա: Որի՞ն տալ գերադասությունը՝ «թզբեհի՞ն, թե՞ օղու շշին»…
Մայրենի լեզվին անբասիր տիրապետելու ցանկությունն ու ձգտումը խրախուսելի է, բայց, հարց է ծագում, «կրթական ծառայությունների» ո՞ր սպառողն է լինելու դրա կրողը, եւ ո՞վ է լինելու մատուցողը, որտեղի՞ց են հայտնվելու այդ երկու կողմերի ընտրյալները: Պետք է ենթադրել, որ նրանք լինելու են փառաբանված հայկական ավանդապաշտ ընտանիքներից, որտեղ արու զավակներին թույլ է տրվում բացառապես ամեն ինչ, իսկ աղջիկներին՝ միայն մոր ուղեկցությամբ զբոսանք: Արդյունքում ունենում ենք հիմնականում՝ մանկամիտ տիկնայք եւ կնոջ սեռը սեռական օրգանից չտարբերող «տղամարդիկ», որոնք էլ ձեւավորում են ազգային աշխարհընկալման մի մասը՝ պատկերացում կանանց տեսակի մասին: Կանայք՝ աջ աչքի համար, եւ կանայք՝ ձախ աչքի համար: Եթե գոյություն չունի կնոջ հետ խոսելաձեւի մշակույթ, ապա միմյանց դիմելու ձեւի մասին պետք է լռել: Կարելի է լռել ու չնկատել, քանի դեռ չես տեսնում ու լսում, թե ինչպես են դիմում միմյանց պարսիկ վարորդները՝ «աղա» կոչելով: Միգուցե կրթությունից առավել կարեւոր է դաստիարակությունը: Ո՞ր դաստիարակությունը… Ծառայության մեջ գտնվող հարկային տեսուչը չարիք է, իսկ նույն տեսուչը փեսայի տեսքով՝ պատիվ ու պարծանք: Առաջին դեպքում հայ մայրերը անիծում են, իսկ երկրորդում՝ կոչում «բերող տղա» (բերող նշանակում է «աշխատող, վաստակող»): Հասարակության այդ զանգվածի հոգեւոր պահանջմունքը այսօր ի զորու է բավարարել միայն ՀՀ հեռուստատեսությունը, իսկ նյութեղենը՝ Սուրմալուի շուկան: Այս ամենը հայկականից տեղափոխել ռուսական սայլի վրա ու այս անգամ էլ հայտնվել ռուսական քաղաքակրթության հատակում. ո՞րն է իմաստը: Միգուցե ձեռնտո՞ւ է հետագայում մեղքը ուրիշի վրա բարդելու համար:
Ի՞նչ է նշանակում դպրոց՝ այլ երկրից եկած օտարազգի երեխաների համար: Դեռ ոչ մի գյուղացի կովին խոտով, ձիուն վարսակով կերակրելու համար երկու գոմ չի կառուցել: «Գոմեր» հարկավոր չեն: Հարկավոր է դպրոց, ընդամենը, եւ ոչ ավելին, ինչպես սիրում էր ասել մեր առաջին նախագահը:
Լեզուն տեսակի ու ծագման արգասիք է: Մաքրամոլությամբ եւ լեզվափոխանակմամբ՝ ոչ մարդու տեսակը եւ ոչ էլ ծագումը կփոխվի: Նպատակ ունեցողները սովորում ու տիրապետում են ցանկացած լեզվի: Մայրենի լեզվին անբասիր տիրապետելը ընտրյալների մենաշնորհն է: Դրանք մարդիկ են, որոնք հրաշալի խոսում են ոչ միայն հայերեն, այլեւ կարողանում են նաեւ հրաշալի լռել ռուսերեն: Նրանք չեն մասնակցում լեզվի հարցերի ամենօրյա հեռուստահաղորդումների, «նասրեդինների մրցույթին»:
Այս ամենը վատի ու չլինելու մասին էր: Ի՞նչ անել, ինչպե՞ս դուրս գալ այս դժոխքից (թվացյալ), երբ ամենուր թշնամիներ են (թվացյալ), խանգարողներ (թվացյալ): Ինչպե՞ս հիվանդությունը փոխել առողջության, աղքատությունն էլ՝ հարստության: Հիմա՝ լավի ու լինելու մասին:
Անվանենք այն Բարդ խնդիրների պարզ լուծումներ: Ի դեպ՝ սեփական հոդվածներին ու ելույթներին անուններ շնորհելը նույնպես առաջին նախագահի մենաշնորհն էր:
* Ստեղծել կնոջ եւ տղամարդու կերպար՝ հանրության համար…
Բեմից ու հեռուստաէկրաններից վերացնել ստահակների կերպարները փառաբանող կինոնկարներն ու ներկայացումները, իսկ դրանց կերտող դերասաններին հիշեցնել, որ իրենք արժանի են ավելիին, եւ կարող են լինել վաղվա Հրաչյա Ներսիսյաններն ու Գուրգեն Ջանիբեկյանները: Մոնթեների ու Կոմանդոսների կերպարները դարձնել տղամարդու իդեալ:
* Մաքուր պահենք մեր մտքերը: Առողջ միտքը առողջության գրավականն է: Սա էլ առողջության պատասխանը: Հարստության մասին՝ հետո: Որդեգրենք առողջ ապրելակերպը ու անվանենք այն՝ Սիրել նախագահին: Իսկ այս անվանը հավանություն կտար ու կասեր՝ «անշուշտ», մեր ներկայիս նախագահը:
Պետական այրերը լավն են միայն այն դեպքում, երբ պետությունից ակնկալիք է լինում, եւ վատը՝ երբ գալիս է պարտավորությունները կատարելու ժամանակը: Ամուսիններ, մի չարախոսեք պետական այրերի հասցեին, գոնե երեխաների ներկայությամբ: Դրանով դուք սպանում եք նրանց մեջ պետականության զգացողությունը ու փորձում դարձնել անհաջողակ երկրորդ անգամ:
* Միտքն առանց բարձրաձայնելու փոխանցվելու հատկություն ունի: Պարբերաբար մտքում կրկնեք. երթուղային տաքսիների վարորդներն աշխատում են օրական 14 ժամ: Ասելը հեշտ է, գիտակցելը՝ դժվար, զգալը՝ անհնար: Այդուհանդերձ, նրանք դա կզգան ու կմոռանան մեքենայի դռան փակվելու մասին: Հարաբերությունները կդառնան սիրալիր, ձեր գրական լեզուն նրանց չի գրգռի: Այդ իրադրության մեջ հեշտ կլինի տարբերել թմբիրը բթությունից:
Իրականում ոչ մի դժոխք էլ չկա: 1991թ. ձեռք բերեցինք անկախություն: Ազատությունը լավ է, բայց պետք է կարողանալ նաեւ ապրել ազատության մեջ: Չփնովենք մեզ, նայենք մեր շուրջը, թե նախկին խորհրդային հանրապետություններից որն ինչպես է տանում այդ ազատությունը. շարունակական ահաբեկչություն…
ՌԴ ու ԱՄՆ մեկնող մեր հայրենակիցները հայրենիքից չեն փախչում: Պատճառը ազատության մեջ ապրելու անկարողությունն է: ԱՄՆ-ն ու ՌԴ-ն այն երկրներ են, որտեղ առաջին հերթին մարդկանց սովորեցնում են ազատության մեջ ապրել կարողանալ: Ի վերջո, նրանք վերադառնում են: Պատմությունը ցույց է տալիս, որ մենք այն ազգերից չենք, որոնց հարատեւությունը քանակով է որոշվում: Մարդկությանը սպասվող մեծ մերձեցմանը մեզ նման փոքրաքանակ ազգը ինչո՞վ եւ ինչպե՞ս կարող է դիմակայել: Միայն տեսակով, միայն ինքնությամբ, որը կոչվում է մայրենի լեզու: