Լրահոս
Օրվա լրահոսը

Բանկերը գյուղացիներին խաղատուն են տարել

Հունիս 08,2010 00:00

Հրաչյա Քոչարի ծննդավայրում գյուղտեխնիկա չկա, աղբահանությամբ զբաղվել ոչ ոք չի ուզում, խաղողի բերքի մի մասն էլ փչանում է:

Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղը Հրաչյա Քոչարի ծննդավայրն է: Այսօրվա ալաշկերտցիների մեջ կան մարդիկ, որ Քոչարին անձամբ են ճանաչել, հպարտանում են, որ նման համագյուղացի ունեն: Բայց դրանով, ցավոք, սկսվում եւ վերջանում է հպարտության առիթը: Այսօր ալաշկերտցին կենցաղային հոգսերի տակ կքած է:
Ամենահուզողը բարձր տոկոսադրույքով տրամադրվող գյուղացիական վարկերն են: Ալաշկերտցիների համոզմամբ՝ բնության հասցրած վնասն այնքան սոսկալի չէ, որքան բանկերի վարած վարկային քաղաքականության վնասը: «Սրանք, կարծես, մտածված ոչնչացման են տանում գյուղն էլ, գյուղացիական տնտեսություններն էլ»,- ասում են մեր զրուցակիցները: «Կարծես՝ ժողովրդին կազինո են տարել ու թալանում են: Բա ըսենց վարկային քաղաքականություն կըլնի՞: Ինչու 20 տոկոսով վա՞րկ են տալիս, էս ի՞նչ են անում անխիղճները: Թող միանգամից պարանը գցեն վզներիս՝ խեղդեն-պրծնեն: Ինչի ըսենց գյո՞ւղ են պահում»,- նկատում է Վրեժ Զաքարյանը:
Այս բողոքներին ի պատասխան, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ալաշկերտցիներին տեղեկացրել է. «Վանաձորում կայացած մարզպետների արտագնա խորհրդակցության ժամանակ բարձր տոկոսադրույքով վարկերի հարցը բարձրացրել ենք եւ առաջարկել 16-20 տոկոսի փոխարեն իջեցնել տարեկան ութ տոկոսի: Փոխվարչապետը մարզպետներիս հանձնարարել է ըստ համայնքների ամփոփագիր կազմել՝ պարզելու, թե պարտքերի առումով որ համայնքը ինչ վիճակում է գտնվում: Վարկերի հարցը անհապաղ լուծում պահանջողներից է, որովհետեւ պարտքերը ձնագնդի նման  տարեցտարի կարող են մեծանալ եւ կործանել հողագործին»:
Մի կողմից պարտքերը շալակած, մյուս կողմից բնության «քմահաճույքներից» տուժած ալաշկերտցիները, այնուամենայնիվ, նոր ցանքսի են պատրաստվում: «Ինչ անենք՝ խռովենք-նստե՞նք»,- ասաց Սամվել Հակոբյանը: Բայց Ալաշկերտում գյուղտեխնիկա չկա: Վարուցանքի ժամանակ ալաշկերտցիները ստիպված են լինում սպասել այնքան, մինչեւ հարեւան համայնքների գյուղտեխնիկա ունեցողներն իրենց հարցերը լուծեն, վերջում միայն հասնեն իրենց: «Ըտենցով էլ սեզոնից հետ ենք ընկնում: Բա վարի տրակտորն ի՞նչ ա, որ գյուղը չունի: Հարեւան գյուղից ենք բերել տալիս, մեկ հեկտարի դիմաց 30-40 հազար դրամ են ուզում: 15-20 հազար դրամով էլ մեկ պարկ պարարտանյութն ենք գնում: Բա պետությունը չի տեսնո՞ւմ, որ մասնավորը պարարտանյութը ոսկու գնով ա ծախում: Ինչի՞ ինքը չի վաճառում. եթե ինքը վաճառի, հաստատ ավելի էժան կտա, ի՞նչ ա թողել մասնավորի հայեցողությանը, որ նա էլ իր ուզած գնով տա: Խեղճ գյուղացին գլուխը ո՞ր պատով տա, երբ թանկ ու կրակ գնով ոռոգման ջուր, սերմացու, թունաքիմիկատ ա առնում-դնում հողի մեջ՝ որեւէ երաշխիք չունենալով, որ եկամուտ կունենա»,- վրդովված նկատում են ալաշկերտցիները: Պարարտանյութի մասին մարզպետ Ղահրամանյանը ասել է, որ բանակցություններ են ընթանում իրանցիների հետ:
Նախորդ տարի խաղողի մթերման խնդիր ունեցողներն էլ դժգոհեցին, որ բերքի կեսը մնացել-փչացել է: Մարզպետը առաջարկել է՝ «Ինչի՞ էիք փչացնում. օղի թորեիք»: Կորուստ տված գյուղացին պարզաբանեց՝ կառավարությունն արգելել է: Արգելանքի մասին առաջին անգամ լսած մարզպետը հավաստիացրել է՝ «դու թորի, ես տեր եմ»:
Այս ամենից զատ, ալաշկերտը այլ խնդիր էլ ունի: Երկու տարի առաջ գյուղապետ ընտրված Կարեն Հովհաննիսյանը չի կարողանում աշխատուժ գտնել համայնքի աղբահանությունը կազմակերպելու համար: 5000 դրամ օրավարձ, նույնիսկ՝ կեսօրվա հացն է խոստացել, բայց՝ անօգուտ: Ալաշկերտցիներն աղբահանությամբ զբաղվել, փաստորեն, չեն ուզում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել