Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմել են քաղաքապետին եւ ավագանուն

Հունիս 08,2010 00:00

Կապանում գործող հասարակական կազմակերպությունները դեռեւս այս տարվա մայիսի 24-ին Կապանի «Օրհուս» կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ իրենց կոշտ դիրքորոշումն էին արտահայտել ու միասնական «ոչ» ասել Կապանի տարածաշրջանում ուրանի պաշարների երկրաբանական հետազոտությունների իրականացմանն ու առավելեւս՝ ուրանի հանքի հնարավոր շահագործմանը: Սրանից հետո այս կազմակերպությունները բազմաթիվ հայտարարություններ են արել ու բողոքի ակցիաներ կազմակերպել:
Հիմա էլ դիմել են Կապանի համայնքապետին ու ավագանու անդամներին՝ մինչ «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ընկերության կողմից Կապանում կազմակերպվելիք քննարկումը Կապանի ավագանու արտահերթ նիստ հրավիրել եւ որոշում կայացնել վերոհիշյալ խնդրի վերաբերյալ, որպեսզի քննարկման ժամանակ հստակ բարձրաձայնվի կապանցիների որոշումը: Նամակի տակ ստորագրել են «Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հ/կ-ն, «Խուստուփ բնապահպանական» հ/կ-ն, «Էկոլոգիական անվտանգության եւ ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հ/կ Սյունիքի մարզային մասնաճյուղը, ինչպես նաեւ Կապանի «Օրհուս» կենտրոնի համակարգողը:
Այս հ/կ-ները Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանին եւ համայնքի ավագանու անդամներին առաջարկում են նաեւ միանալ «Ազատամարտ» կոմիտեի եւ «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի կազմակերպած՝ ընդդեմ ուրանի հանքերի շահագործման ստորագրահավաքին: Հ/կ-ները համոզված են, որ եթե քաղաքապետն ու ավագանին մասնակցեն ու աջակցեն այդ կարեւոր նախաձեռնությանը, ստորագրահավաքը լիարժեք կկայանա, միասնականությունը կնպաստի, որ տարածաշրջանի բնակիչներն էլ ավելի ակտիվորեն մասնակցեն ստորագրահավաքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել