Վերջերս Տավուշի մարզի Վարագավանք համայնքում կազմակեպվել է մասսայական մկրտության արարողություն. Չորաթան գյուղից 56 երեխա մկրտվել է: Արարողության գլխավոր հերոսների թվում էին 26 տավուշցի քավորները: Նրանցից մեկը՝ բժիշկ Գոռ Ուդումյանն էլ «Առավոտին» պատմեց, որ նախաձեռնությունը դարձյալ չորաթանցի Լյովա Քալանթարյանինն էր, որն էլ հոգացել է բոլոր ծախսերը: Կազմակերպիչներն են՝ Չորաթան գյուղի «Մխիթար» մշակույթի եւ արվեստի կենտրոնի տնօրեն Արտակ Փայտյանը, Մխիթարյան կրթահամալիրի տնօրեն հայր Սերոբ վարդապետ Չամուրլյանը եւ տեր Արամը: «Սա առաջին մեծ կնունքն է, ցավոք, խորհրդային ժամանակներից սկսած՝ տավուշցիներին որպես աթեիստներ են դաստիարակել: Առաջիկայում նախապատրաստվում ենք մկրտել նաեւ մկրտված երեխաների ծնողներին: Հուսանք՝ նման ակցիաներից հետո Տավուշում մկրտվել ցանկացողների թիվը կմեծանա»,- կարծում է Գ. Ուդումյանը: