Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՇՈՐ ՉԱՓԻ ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հունիս 08,2010 00:00

\"\"Արագածոտնի մարզպետարանի անտարբերությունը հարկատուների վրա լրացուցիչ 22 միլիոն դրամ կնստի

Ապրիլի 30-ին տեղեկացրել ենք, որ ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը այցելել է Արագածոտնի մարզ, մասնավորաբար՝ Արագած գյուղ եւ արձանագրել, որ թեեւ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցը կառուցվել եւ շահագործման է հանձնվել 2004 թվականին, սակայն թերի եւ անորակ կատարված շինարարության հետեւանքով այսօր արդեն դպրոցի պահպանման համար լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտություն է առաջացել: Սա տեսնելով, Արմեն Գեւորգյանը հանձնարարել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին աշխատել իրավապահ մարմինների հետ՝ դպրոցի շինարարության պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար:
ՀՀ տարածքային կառավարման նախարարի այցից ու հանձնարարությունից մեկ ամիս անց հետաքրքրվեցինք. ի՞նչ է արել մարզպետը մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, ներկայացրե՞լ է որեւէ առաջարկ՝ ի հայտ եկած թերությունները վերացնելու ուղղությամբ: Եթե այո, ապա ե՞րբ եւ ի՞նչ է առաջարկում:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրին, որ «մինչ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի՝ Արագածոտնի մարզ կատարած այցը, 2010 թվականի մարտի 10-ին նշված հարցի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել իրավապահ մարմինների կողմից եւ ներկայացվել է ՀՀ Արագածոտնի մարզային դատախազություն: Ներկայումս գործը գտնվում է մարզային քննչական բաժնում, որտեղ փորձաքննություն է նշանակվել: Փորձաքննության արդյունքների առկայության պարագայում կկայացվի վերջնական որոշում»: Իսկ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ըստ տարածքային կառավարման նախարարության պատասխանի, «ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին ներկայացրել է առաջարկություն, համաձայն որի՝ մարզի Արագած համայնքի թիվ 2 դպրոցի դրենաժային համակարգի կառուցման համար մոտավոր հաշվարկներով կպահանջվի 12.0 միլիոն դրամ, իսկ նոր հատակի համար՝ 10 միլիոն դրամ: Գումարի չափը կճշտվի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում, որի համար 2011 թվականի պետական բյուջեի նախագծում կնախատեսվեն համապատասխան միջոցներ»:
Արագածոտնի մարզպետարանը, ինչպես ցանկացած մարզպետարան, տեղերում կառավարության տարածքային քաղաքականությունը իրագործող պետական կառույց է: Օրինակ՝ մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունը կոչված է իրականացնել պետական բյուջեից մարզին հատկացված միջոցների բաշխումը եւ վերահսկել մարզի բյուջեի ու տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների միջոցների ծախսերը: Քաղաքաշինության վարչությունն էլ շինարարության բնագավառն է վերահսկում-համակարգում:
ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն, հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը) որակվում է խոշոր չափ եւ դա գողանալը, յուրացնելը, վատնելը, խարդախությամբ դրան տիրանալը, հափշտակելը, շորթելը պատժվում է մինչեւ ութ տարի ազատազրկմամբ: Արագածոտնի մարզպետարանի անուշադրության արդյունքում պահանջվող 22 միլիոն դրամը այսօրվա նվազագույն աշխատավարձի 730-ապատիկն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել