Դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի մասին այսպիսի կարծիք ունեն «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվողները:
Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը «Ելնի Վիրապ» տոնը (այն խորհրդանշում է Գրիգոր Լուսավորչի՝ 1709 տարի առաջ Խոր Վիրապից ազատվելը) ամեն տարի նշում է արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Շաբաթ օրը բանտարկյալների համար պատարագ մատուցվեց, մատաղ արվեց:
Բանտարկյալները անչափ գոհ էին ինչպես գաղութի պայմաններից, այնպես էլ նոր պետից՝ Վարդան Սարգսյանից, որը, նրանց բնութագրմամբ, եղածների մեջ ամենամարդկայինն է: Դատապարտյալ Լյովա Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց. «Համեմատած սովետական դարաշրջանի հետ, Արթիկի պայմանները հիանալի են. շարքային ծառայողից մինչեւ պետը մարդկային վերաբերմունք են ցույց տալիս»: Հետաքրքիրն այն է, որ բոլոր բանտարկյալները մի մարդու պես ոգեւորված գովերգում էին գաղութի անձնակազմին ու նույն ոգեւորությամբ հողին հավասարեցնում դատապարտյալների վաղաժամկետ ազատման հանձնաժողովին: Դատապարտյալ զրուցակիցս «հանձնաժողով» բառը լսելով՝ զայրացավ. «Այ էդ մեկը բոլոր դատապարտյալների ամենացավոտ հարցն է: 2006թ. հուլիսի 31-ին հանձնաժողով ստեղծվեց, ու այդ անվան տակ իբր թե պայքարում են կոռուպցիայի դեմ: Էստոնիայի նմանությամբ ստեղծված կառույց էր, որը բերեցին մեզ մոտ, բայց, ի տարբերություն մեզ, Էստոնիայում հանձնաժողովի բոլոր անդամները քաղաքացիական դեմքեր են, եւ իրոք պայքարում են կոռուպցիայի դեմ: Եթե գործդ ադմինիստրացիայի միջոցով հասնում է հանձնաժողովին, գոնե նայում են, թե դատապարտյալն ունեցե՞լ է խախտում, ինչպիսի՞ն է նրա վարքագիծը: Իսկ մեզ մոտ հանձնաժողովի անդամները 9-ն են, 5-ը ուժային համակարգի ներկայացուցիչներ են, որոնք կարող են որոշել, թե ինչ անել: Մյուս 4-ը չգիտեն, թե ինչո՞ւ են գալիս, ինչո՞ւ են գնում, էնքան որ՝ հանձնաժողովի անդամ են: Վերեւից կասեն՝ կազատվես, մոտիկ ծանոթ ունես՝ դարձյալ կազատվես: Ես չեմ վախենում ասել, որ մեծ գումարներ են տալիս հանձնաժողովին, կաշառում են, 5 հոգով իրար մեջ կորոշեն, կկիսվեն՝ կազատեն: Մի խոսքով, հանձնաժողովը տրորում է մայր օրենքը, իրեն Աստծո դեր է վերապահել, իրենք իրենց կանոնակարգ են հորինել»: Մեկ այլ դատապարտյալ էլ զայրանում է այն փաստից, որ մանր գողության համար մարդուն 4-5 տարի դատապարտում են ու փոխանակ նրան հնարավորության տան, որ աշխատի ու վերադարձնի գողացածը, բանտարկում են՝ մի բան էլ պետական բյուջեից նրա վրա մեծ գումարներ ծախսելով: «Նախ, եթե մարդը փող ունենա, նորմալ աշխատատեղ ունենա, ինչո՞ւ է գողություն անում: Պատահական չէ՝ մեր համակարգը հիմա մոտ 5000 կալանավոր ունի, իսկ նույն համակարգը մի քանի անգամ շատ աշխատողներ ունի, եթե կալանավորների թիվը կրճատվի, կկրճատվեն աշխատողները, ինչը ձեռք չի տալիս բազմահազարանոց բանակին»,- ասաց Լյովա Սիմոնյանը:
5 տարվա ազատազրկման դատապարտված՝ քրեակատարողական հիմնարկի գրադարանավար Հրաչյա Պարսյանն էլ դժգոհեց հանձնաժողովի աշխատանքներից, որ իրեն 4 անգամ ներկայացրել են վաղաժամկետ ազատման, սակայն հանձնաժողովը «կտրել է»՝ պատճառաբանելով, որ «Սերժ Սարգսյանի ներքին հրամանն է՝ չազատել ծանր հոդվածներով դատապարտվածներին»: «Էսօր ջահելությանը փակել են ստեղ ու կոտորում են: Ասենք, մի 20 հազար գողացել է, որ հացի կոպեկ անի, բերել են 3-4 տարի բանտարկել են: Բանտարկյալին, որը խրախուսանքներ ունի, անկախ կոչված հանձնաժողովը ինքն է կտրում, ինքն է կապում, չեն ազատում՝ չմտածելով, որ ընտանիքը սովից կմեռնի: Եթե բանտի պետը, որն անմիջական շփման մեջ է բանտարկյալի հետ, գտնում է, որ կալանավորը իրեն լավ է դրսեւորել, ի վիճակի է ազատման, ինչո՞ւ է հանձնաժողովը, առանց բանտարկյալի բնութագիրը կարդալու, հայտարարում՝ դուք կտրված եք»,- դժգոհեց Հրաչյա Պարսյանը: Իրեն քաղբանտարկյալ համարող Արթուր Այվազյանը՝ «Մանախը», եւս քննադատեց հանձնաժողովին, ասելով, որ նա մարդկանց ազատում է՝ նայելով տեսքին: «Բոլորին է հայտնի, որ անկախ հանձնաժողով կոչված կառույցը ընդամենը քաղաքական լծակ է: Պատկերացրեք անձը գողանում է 1000 դրամ, պետությունը դատապարտում է նրան առնվազն 4-8 տարով, էդ մարդուն 1000 դրամի համար 4 տարի պահում է անկախ հանձնաժողովը պետական բյուջեի հաշվին: Գիտե՞ք ովքեր են էդ հանձնաժողովի կազմում. ովքեր կյանքում ընդհանրապես ոստիկան չեն տեսել ու հիմա գալիս-տեսնում են դատապարտյալի, ասում են՝ իմ դուրը չի գալիս դեմքը, եղբայր, էդ մարդը ստեղ 6 տարի տուլիկով ապրել ա, ի՞նչ դեմք ես ուզում տեսնել: Դու դեմքով մարդու ճակատագի՞ր ես որոշում»,- հեգնեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ հանձնաժողովը որոշումներ կայացնելիս ոչ մի հիմնավորում չի ներկայացնում, որի պատճառով էլ այսօր 8 հոգանոց խցերում 20-30 հոգի են ապրում, 300 հոգու համար նախատեսված «Արթիկում» 350 հոգի է «հյուրընկալվել»: