Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանությունը բացահայտված չէ

Հունիս 08,2010 00:00

Անցյալ տարվա ապրիլի 5-ին Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի կամրջի վրա, Երեւան-Էջմիածին ավտոկանգառում, մեկ կրակոցով սպանվեց Ապարանի «Ճանշինի» 57-ամյա տնօրեն Ջիվան Գասպարյանը: Նրա գլխին առկա էր որսորդական հրացանից առաջացած վնասվածք:
Ջ. Գասպարյանի հարազատները նրա սպանության գործի վարույթի կասեցման մասին իմացել են վերջերս: Վաղարշապատի բաժանմունքում ստացվեցին օպերատիվ տեղեկություններ Ջիվան Գասպարյանի նախկին եւ ներկա մտերմուհիների մասին, որոնք, հնարավոր էր, կապ ունենային նրա սպանությանը:
Ոստիկանությունը դիմեց դատարան, որպեսզի թույլատրվի 2 կասկածյալ կանանց հեռախոսային խոսակցությունները գաղտնալսել: Դատարանը բավարարեց այդ միջնորդությունը, սակայն այդպես էլ, ըստ Էջմիածնի ոստիկանության բաժնի, քննությանը հետաքրքրող տվյալներ ձեռք չբերվեցին: Խուզարկություններ կատարվեցին «Ճանշինի» հանգուցյալ տնօրենի ծանոթների, նրա մտերմուհիների բնակարաններում: Ի դեպ, մտերմուհիներից՝ Ա.Հ.-ի տան մահճակալի ներքնակի տակ հայտնաբերվեց 3 փամփուշտ, ինչն առիթ դարձավ, որպեսզի նա ռազմամթերք պահելու համար ձերբակալվի: Ա. Հ.-ի ծանոթ Ն.Ա.-ի հայրական տանն էլ հայտնաբերվեցին որսորդական հրացանի փամփուշտներ, վառոդ, պայթուցիկ նյութ:
Ապրիլի 9-ին՝ սպանության չորրորդ օրը Ն. Ա.-ն էլ ձերբակալվեց: Սակայն մի քանի օր հետո Ն.Ա.-ին ազատ արձակեցին, քանի որ նա եւ նրա հարազատները ցուցմունք տվեցին, որ հայտնաբերված զինամթերքը պատկանում է իրենց որսորդ հորը: Ոստիկանությունը նշանակեց բազմաթիվ փորձաքննություններ, ստուգվեցին հանգուցյալի հագուստի մանրաթելերն ու եղունգները, դրանք համեմատվեցին կասկածյալների հագուստներից վերցրած՝ Ջ. Գասպարյանի ավտոմեքենայում առկա մանրաթելերի եւ եղունգների հետ, սակայն ընդհանրական բան չգտան:
Մնաց մեկ այլ վարկած. Գասպարյանը վարկ է ստացել ու տվել «գործով չպարզված անձի», նա էլ «քցել» է ու չի տվել:
Հետագայում պարզվեց, որ սպանությունից մեկ օր առաջ «Արդշինինվեստբանկի» Աշտարակի մասնաճյուղից իրոք վարկ է վերցրել եւ այդ գումարը եղել է չնչին. 3000-4000 դոլարի մասին է խոսքը, ինչը չէր կարող մարդկային կյանք արժենալ: Հարազատներն ու ընկերները պնդել էին, որ Ջ. Գասպարյանը թշնամիներ չուներ, որեւէ մեկի հետ գումարային խնդիրներ չի ունեցել: Ոստիկանությունը վարույթը կասեցրեց՝ «մեղադրյալի անձի ինքնությունը հայտնի չլինելու» պատճառաբանությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել