Ինչպե՞ս խուսափել ամռանը աղիքային վարակներից: ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը երեկվա ասուլիսում հորդորեց «մեր մածունն ու թանն օգտագործել», օգտակար են նաեւ աղ պարունակող հեղուկները. «Ամռանը մարդիկ շատ հեղուկ են կորցնում, իմ խորհուրդն է՝ այն քաղաքացիները, որոնք չունեն սրտանոթային համակարգի լուրջ խնդիրներ, պարտադիր օրական 4-5 բաժակ ջուր խմեն, ցանկալի է՝ 2 բաժակը լինի մեր հանքային ջրերը, որոնք աղ են պարունակում»: Մայրանալ ցանկացողներին եւ գիրանալուց խուսափողներին էլ վարակաբանը զգուշացրեց. «Չվախենա՛լ, չխուսափե՛լ, ջրից վտանգ չկա»: Վարակներից զերծ մնալու մյուս նախապայմանն էլ, ըստ պարոն Ասոյանի, փողոցներում վաճառվող շուտ փչացող սննդից հրաժարվելն է. «Շուտ են փչանում հավը, ձուկը, թռչնամթերքը, խմորեղենը: Ես բազմիցս բարձրաձայնել եմ, որ ժամանակն է խիստ հսկողություն սահմանել ոչ միայն գետնանցումներում, այլեւ մեր սուպերմարկետներում, որտեղ վաճառում են հմայիչ խմորեղեններ, շատ հետաքրքիր է՝ ընդհանրապես որեւէ մեկը հետաքրքրվո՞ւմ է, թե ով է դա պատրաստում կամ պատրաստողները բուժզննման գնո՞ւմ են, թե՝ ոչ»: Վարակաբանը նշեց, որ ամռան առաջին օրերին սննդային թունավորման ոչ մի դեպք դեռ չի գրանցվել, իսկ իր աշխատանքային երկարամյա փորձն էլ ցույց է տվել, որ աղիքային վարակները լինում են աշնանը: Ա. Ասոյանն անդրադարձավ այս սեզոնին սրված ալերգիաներին, որոնք հիմնականում արեւից են լինում: Հնարավոր բարդացումներից խուսափելու համար ալերգիկներին պարոն Ասոյանը խորհուրդ տվեց կրել լայնեզր գլխարկներ կամ քայլել հովանոցներով: