Լրահոս
Օրվա լրահոսը

Հղի կանանց ժամերով չեն սպասեցնի

Հունիս 08,2010 00:00

Եթե ՊԱԳ-ն իր խոսքի տերը լինի, պոլիկլինիկաներում հիվանդներին իրար ձեռքից կխլեն, անգամ ընդմիջման ժամերին կընդունեն:

Թե որքանով են պետբյուջեից բուժհաստատություններին տրված գումարները նպատակային ծախսվում՝ վերահսկում է Պետական առողջապահական գրասենյակը (ՊԱԳ): Քանի որ հանրապետությունում ամբուլատոր ծառայությունն էլ է դարձել պետպատվերով, այսինքն՝ անվճար, այսուհետեւ ՊԱԳ-ը ստուգելու է նաեւ պոլիկլինիկաները: ՊԱԳ-ը եռամսյակը մեկ պոլիկլինիկաներում աշխատող ամեն բժշկի կոդով ստանալու է հաշվետվություն այն մասին, թե նա ինչքան հիվանդ է ընդունել, ինչ աշխատանքներ է տարել նրան բուժելու համար: Դրանից էլ կախված են լինելու բուժաշխատողների աշխատավարձերը:
Այս մասին «Առավոտի» հետ զրույցում նշեց ՊԱԳ-ի պետ Արա Տեր-Գրիգորյանը:
Նրա խոսքերով, եթե նույն բժիշկը նույն հիվանդին ընդունում է, ասենք, 3 անգամ, ապա նրա համար առանձին 3 կատարողական թերթիկ չի լրացվում, այլ՝ մեկ հատ. «Արդյունքներն այդպես ենք ամփոփելու: Հաշվի ենք առնելու ամեն ինչ՝ հղիների վաղ հայտնաբերման, պատվաստումների տոկոսը, դրանով ունենալու ենք միջին թվաքանակ, ըստ որի էլ՝ բալեր են գնալու բժիշկների հաշվին, ինչից էլ գոյանալու է նրանց հավելավճարները: Մտցրել ենք նաեւ խրախուսական ֆինանսավորում: Այն բժիշկները, որոնք իրենց հաշվին կունենան շատ բալեր, կստանան նաեւ խրախուսական գումարներ»:
Պարոն Տեր-Գրիգորյանի ներկայացմամբ, եղել են բուժհաստատություններ, որոնք նոր համակարգի ներդրումից դժգոհել են, սակայն հաշվետվության այս նոր ձեւը քննարկման ենթակա չէ, եւ ՊԱԳ-ն ինչպես որոշել է՝ անելու է: Թե ինչու են  հաշվետվությունը պահանջում 3 ամիսը մեկ՝ մեր հարցին Ա. Տեր-Գրիգորյանը պատասխանեց. «Որպեսզի տեսնենք նրանց աշխատանքի որակը: Եթե ստուգեինք տարին մեկ անգամ, հնարավոր է, որ ամբողջ 9 ամիս ոչինչ չանեն եւ վերջին 3 ամսում սկսեն աշխատել։ Մենք ձգտում ենք, որ խրախուսական գումարը լինի զգալի, եթե, իհարկե, մեր բյուջեն թույլ տա: Հիմա կարծես թե տարեկան աշխատավարձի 10%-ի չափով ենք կարողանում հասցնել»։
Իսկ ինչի՞ վրա են ծախսվում պետպատվերի գումարները՝ ըստ ՊԱԳ-ի պետի, դա լուրջ հարց է.«Սա շատ կարեւոր խնդիր է, այդ պատճառով էլ կարիք զգացվեց, որ այդ մոնիտորինգը լինի ամեն ամիս, որպեսզի ծախսերը նպատակային լինեն, եւ պարտքեր չկուտակվեն: Քանի որ ֆինանսավորումը իջեցվում է ամեն ամսվա մինչեւ 15-ը, ուստի մենք սկսեցինք նայել ամեն ամսվա 20-ից հետո ինչ վիճակ է բուժհաստատություններում, այսինքն՝ ֆինանսավորումից հետո հաստատությունն ի՞նչ վճարումներ է կատարել եւ ինչքա՞ն դեռ ունի անելու։ Մեր մոնիտորինգների սկզբում պարզվեց, որ բուժհաստատություններից 22-ը պարտքերի առումով անհանգստացնող վիճակում է»։
Այսուհետեւ բուժհիմնարկներին նաեւ արգելելու են երկար ժամանակահատվածի համար դեղորայք ձեռք բերել. «Այժմ բուժհաստատությունները 3 ամսից ավելի ժամկետով դեղ չեն կարող գնել, սա արվում է նաեւ նրա համար, որ այդ դեղերը չկուտակվեն, հետո էլ ժամկետն անցնի եւ պետք չլինեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել