Հայ տուրիստները Վրաստանի կամ Թուրքիայի հաճախորդներն են, իսկ սփյուռքահայերը՝ Ղարաբաղի
Այս տարի տուրիզմի շուկայում որոշակի փոփոխություններ են կատարվել, ինչը խուճապ է ստեղծել Հայաստանում: Ինչպես հայտնի է, նախորդ տարիներին հայերը հիմնականում իրենց հանգիստը կազմակերպում էին Վրաստանում եւ Թուրքիայում, քանի որ մատչելի էր: Այս տարի Վրաստանը որոշել է կտրուկ բարձրացնել իր տուրիստական ծառայությունների գները, իսկ Թուրքիայում քաղաքական լարված իրավիճակի հետ կապված, այս տարի շատերը վախենում են գնալ Անթալիա: Արդեն Վրաստանի տուրիստական ընկերությունները հայտարարել են, որ այս սեզոնին Աջարիայում 1 անձի համար 1-օրյա հանգիստն արժե 20-23 հազար դրամ: «Առավոտի» հետ զրույցում տեղական տուրգործակալությունները նույնպես նշեցին, որ արդեն ստացել են Վրաստանի գնացուցակները եւ ապշել. «Անցյալ տարի Բաթումում քիչ թե շատ նորմալ հյուրանոցում 1 օր հանգստանալու համար պահանջում էին անձը 10-13 հազար դրամ (30-35 դոլար), իսկ այս տարի ամենաէժան՝ 2 աստղանի հյուրանոցում հանգիստը 1 անձի համար արժե 18-20 հազար դրամ ($45-50)»,- ասաց «Ճանապարհորդի ակումբ» տուրիստական հ/կ-ի նախագահ Արմեն Երանոսյանը: Հարցին, թե ինչի՞ հետ է կապված այս տարվա կտրուկ թանկացումը, պարոն Երանոսյանը պատասխանեց, որ, համենայնդեպս, ծառայությունների որակի բարձրացման մասին խոսք չկա, պարզապես քաղաքականություն է. «Ադրբեջանցիները եւ ռուսները նախընտրում են Թուրքիան, քանի որ այս տարի վախի մթնոլորտ կա եւ Էրդողանի հայտարարություններից հետո հայերը չեն ուզում Թուրքիայում հանգստանալ, Վրաստանը, գիտակցելով, որ հայերն իրենց հաճախորդներն են, ուզում են մեր հաշվին 2 ամսվա ընթացքում լավ փող աշխատել»: Տուրգործակալությունները նշում էին, որ Թուրքիայում զբոսաշրջությունն այս տարի նույնպես մի փոքր թանկացել է: Ա. Երանոսյանի մեկնաբանմամբ՝ դա փոխարժեքի հետ է կապված. «Թուրքիան խորամանկ քայլ արեց. հյուրանոցները, որոնց գնացուցակները նախկինում դոլարով էին, հիմա եվրոյով են, $20-անոցը դարձրել են 20 եվրոյանոց, իսկ թե՛ ՌԴ-ում, թե՛ Հայաստանում եվրոն ավելի թանկ է, քան դոլարը: Ստացում է, որ հայ եւ ռուս սպառողների համար Թուրքիայում հանգիստն էլ է թանկացել»:
«Դելտա-Արմենիա» տուրգործակալությունից տեղեկացրին, որ հանգստանալ ցանկացող հայերը, առաջին պայմանը, որ նշում են՝ էժան լինելն է. «Այս պահին հանգստի էժան տարբերակը Անթալիան է՝ 7 օրը $300՝ 1 անձի համար: Շատ քչերն են ուզում գնալ Իտալիա, Իսպանիա, Փարիզ, որովհետեւ չեն ուզում դեսպանատան գլխացավանքների մեջ ընկնել»: «Միկա-ինտուր» գործակալության տվյալներով՝ այս տարի մեծ պահանջարկ կա Թունիսի նկատմամբ. «Այնտեղ 2 անձի համար մեկշաբաթյա հանգիստը 3 աստղանի հյուրանոցում $1500 է»: Նախորդ տարիներին տուրգործակալություններից նշում էին, որ հայերը շատ են հետաքրքրվում հատկապես սննդով, ճշտում, թե քանի՞ անգամ են հաց տալու, մենյուի մեջ ի՞նչ է մտնում, կկշտանա՞ն, թե՞ ոչ: Այս տարի ավելի շատ հետաքրքրվում են սպասարկումով, հյուրանոցի մաքրությամբ, նաեւ կարեւոր են համարում՝ ծովափում քա՞ր է, թե՞ ավազ:
Ինչ վերաբերում է Հայաստանում տուրիզմի շուկայի փոփոխություններին, ներգնա տուրիստական գործակալությունները վստահեցնում էին, որ Հայաստան ժամանած սփյուռքահայը կամ արտասահմանցին նախընտրում է գնալ ոչ թե Գառնի-Գեղարդ, Սեւան կամ Ծաղկաձոր, այլ՝ ուղիղ Ղարաբաղ: «Ֆանտուր» կազմակերպության տվյալներով, պատճառն այն է, որ Ղարաբաղի հյուրանոցները շատ էժան են, բացի այդ, բնությունն է լավը: Եթե Ծաղկաձորի մասին խոսենք, օրինակ, «Multi rest house»-ի գնացուցակով, սովորական սենյակում միայն մեկ օր գիշերելու համար պահանջում են 40000 դրամ, լյուքս համարը 80000 դրամ է, իսկ քոթեջները, որոնք ընտանիքների համար են, մեկ օրն արժե 120 000 դրամ: Այնինչ Ղարաբաղում 3 օրվա համար վճարում են ընդամենը 55000 դրամ, այն էլ՝ օթեւանը, նախաճաշը, ընթրիքը, զբոսավարի եւ տրանսպորտի ծառայությունը, թեյը, սուրճը եւ քաղցրավենիքը ներառյալ: «Յունայթեդ թրավել» տուրգործակալությունից նշեցին, որ չնայած այս տարի Հայաստանում սննդի շուկայում զգալի գնաճ կա՝ հյուրանոցները որոշել են մի փոքր զոհողությունների գնալ ու ծառայությունների գներն իջեցնել, բայց, միեւնույն է, Ղարաբաղը Հայաստանից տուրիստ է փախցնում: Այս առնչությամբ մեզ հետ զրույցում էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման գործակալության պետ Մեխակ Ապրեսյանը վստահեցրեց. «Մեզ համար տարբերություն չկա՝ արտասահմանցին Էջմիածնում, Սիսիանում կհանգստանա՞, թե՞ Ղարաբաղում, միեւնույն է, եկողը մի քանի օր Երեւանում կանցկացնի ու ոնց էլ անի՝ այստեղ էլ փող կծախսի»: Ինչ վերաբերում է նրան, որ մեր երկրում հյուրանոցները շարունակում են թանկ ծառայություններ մատուցել, ինչը խրտնեցնում է արտասահմանցի տուրիստներին, Մ. Ապրեսյանը պատասխանեց. «Նախ, մենք չենք կարող ազդել նրանց գնային քաղաքականության վրա, կարող ենք գործարար բարենպաստ միջավայր ստեղծել, որ շատ հյուրանոցներ կառուցեն, մրցակցություն լինի՝ գներն իջնեն»: Նշենք, որ մեր փոքր երկրում 80-ից ավելի հյուրանոց կա՝ մնացած իջեւանային կառույցները չհաշված:
Ներգնա տուրիզմով զբաղվող կազմակերպությունները վստահեցնում էին, որ սփյուռքահայերն ու արտասահմանցիներն արդեն հոգնել են Հայաստանի առաջարկած շաբլոն հանգստավայրերից, դրա համար էլ տուրիզմն այստեղ չի զարգանում: «Ճանապարհորդի ակումբի» նախագահի խոսքերով՝ «Ողջ աշխարհը նախընտրում է էքսկլյուզիվ, հետաքրքիր հանգստավայրեր, իսկ ո՛ր գործակալության ինտերնետային կայքը բացում են՝ նույն Գառնի-Գեղարդն է, Սեւանի նկարը, Ծաղկաձորն ու Աղվերանը: Դա արդեն հոգնեցրել է»: Մինչդեռ Մեխակ Ապրեսյանը համոզված է, որ Հայաստանը տուրիստների համար շատ էլ գրավիչ երկիր է. «Այդ մասին թվերն են խոսում, առաջին եռամսյակի տվյալներով՝ զբոսաշրջիկների 9 տոկոս աճ կա: Այդ թիվը նկարած չէ, դա մենք չենք ասում՝ վիճծառայությունն է փաստում»: