Լրահոս
Օրվա լրահոսը

Ծծակներով բյուջե են լցնում

Հունիս 08,2010 00:00

 Բաց նամակ՝ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին

Պարոն նախագահ, Դուք, բնականաբար, քաջատեղյակ եք, որ մեր հայրենակիցների մեծ մասը օտար ափերում է՝ հանապազօրյա հաց վաստակելու  մղումով: Այստեղ՝ ամերիկաներում, հարազատների, հայրենիքի ու սիրելի քաղաքի կարոտը սրտներումս մենք չարքաշ աշխատանքով օգնում ենք մեր ընտանիքներին դիմակայելու, մինչեւ Աստված մի դուռ բացի: Հասկանում ենք, մեր երկրի վիճակն առայժմ բարվոք չէ, արվում է ամեն հնարավորը բյուջեն լցնելու համար, բայց որ դա պետք է իրագործվի մեր թոռներին ուղարկվող մեկական շորի, կոշիկի, ծծակի (րՏրՍՈ) հաշվին, ոչ այնքան զվարճալի, որքան՝ զայրացուցիչ է:
 Խոսեմ փաստերով. մայիսի կեսերին երեւանաբնակ թոռնիկիս համար 2,5 կիլոգրամանոց ծանրոց ուղարկեցի՝ այստեղ վճարելով ինչպես ծանրոցի առաքման, այնպես էլ օդանավակայանից տուն հասցնելու գումարը:
…ՀՀ ԿԱ ՊԵԿ միջազգային փոստային եւ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատնից (Արգավանդի խորքերում է, ուր քաղաքային տրանսպորտ չի աշխատում) դստերս ուղարկում են ՊԵԿ (Խորենացու փողոց)՝ ուղարկածս հեռախոսը գնահատելու: Հնարավոր չէ՞ր նույնը կատարել տեղում կամ առանց ստացողի: Իմ կողմից օգտագործած հեռախոսը ՊԵԿ-ում գնահատում են 13500 դրամ: Գրեթե 33 հազար դրամ գնահատված ու գումարը սահմանված կարգով գանձված ծանրոցի համար մաքսատանը կից գործող «ԱԱՌԱՄ–ԱՆ» ՍՊԸ–ն, որպես մաքսային ձեւակերպումներ իրականացնող, պահանջում եւ գանձում է 10 հազար դրամ: (Մի քանի տող գրելու համար՝ 10000 դրամ: Ցանկացած լրագրող կնախանձեր այսպիսի հոնորարին): 6035 դրամ գանձվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի կողմից՝ 2,5 կիլոգրամանոց ծանրոցը «բեռնամշակելու, լրացուցիչ պահեստավորման» համար (միգուցե շփոթել էին ավտոմեքենայի՞ հետ): Ամենազավեշտալին այն է, որ մաքսավճար է դրվել մեկամյա երեխայի մեկ–երկու շորի, ծծակի, մաստակի վրա: Այս ամենին գումարելով մի քանի անգամ Արգավանդ–ՊԵԿ գնալ–գալու տրանսպորտային ծախսերը՝ փոքրիկ ծանրոցը դստերս վրա նստում է շուրջ 60 հազար դրամ՝ չհաշված հերթերում ժամերով սպասելը, նյարդային լարվածությունն ու ժամանակի անտեղի կորուստը:
Պարոն նախագահ, Չինաստանում «Կուլտուրական հեղափոխության» տարիներին երկրի գյուղատնտեսության թերացումները կոմունիստները պատճառաբանում էին ճնճղուկների առատությամբ ու դրանց վերացնելու ռազմավարական պլաններ էին մշակում: Մի՞թե Հայաստանում տնտեսական վիճակը բարելավելուն պետք է նպատակաուղղվեն արտասահմանից թոռնիկներին ուղարկվող 1–2 կիլոգրամանոց ծանրոցները հարկելով: Չե՞ք գտնում, որ այսպիսի անմիտ քայլերով որոշ չինովնիկներ կամ «ԱԱՌԱՄ-ԱՆ» ու չգիտեմ ուրիշ էլ ինչ անվան տակ իրենց բիզնեսը ծաղկեցնող կառույցները խաղում են մեր պետության հեղինակության հետ, կտրում հայրենիքում մի կերպ ծայրը ծայրին հասցնող շատ ընտանիքների գոյության պորտալարը…

Հ. Գ. Նամակս պատրաստ էր, երբ տեղեկացա, որ այս տարվա 5 ամիսները ՊԵԿ–ն ամփոփել է գերակատարումներով: Այսպե՞ս…
Ի դեպ, ծանրոցներ ստանալու հետ կապված մեր քաղաքացիների առջեւ դրված անհեթեթ պահանջների մասին սա առաջին դժգոհությունը չէ, որ ստանում ենք: Դրանց ավելի մանրամասն կանդրադառնանք առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել