Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ-2010»

Հունիս 08,2010 00:00

Նախարարությունների «շարադրությունները»՝ վարչապետի հանձնարարած թեմայով

Որոշ ժամանակ առաջ ՀՀ կառավարության կայքում հայտնվեցին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրահանգով ՀՀ նախարարություններում մշակված 2010 թվականին տնտեսական աճ եւ զարգացում ապահովող ծրագրերը, որոնք, իբր, պետք է հանգեցնեն տնտեսական աճի ցուցանիշի բարելավմանը: Յուրաքանչյուր նախարարություն մշակել էր մի քանի կետից բաղկացած ծրագիր: Սակայն դրանց մեջ կան կետեր, որոնք որեւէ կերպ չեն տեղավորվում «տնտեսական աճ ու զարգացում ապահովելու» շրջանակներում: Թեեւ դա ինչ-որ տեղ հասկանալի է, քանի որ նախարարություններն իրենք են մշակել իրենց ծրագրերը, դրանցում կան կետեր, որոնք, այսպես թե այնպես, պետք է կատարվեին, ու դրանք պարզապես «սղացվել» են ծրագրում:
Այսպես, ՀՀ արդարադատության նախարարությունում հավանաբար մտածել են, որ իրենց մոտ այնքան փայլուն վիճակ է, որ տնտեսական աճ ու զարգացում ապահովելու համար 3 կետն էլ բավական է, եւ այդ երեքից մեկը «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքով ընկերություն հիմնադրելու գործընթացի իրականացումն է, հաջորդը՝ նոտարիատի բնագավառում բարեփոխումների իրականացումը, եւ վերջինը՝ արագացված դատաքննության ընթացակարգերի վերաբերյալ օրենսդրական փաթեթի մշակումն ու ընդունումը: Համաձայնեք, որ այս երեք կետերից ոչ մեկը նման չէ հատուկ մշակված՝ տնտեսական աճ ու զարգացում ապահովելուն միտված նպատակի:
Կամ՝ արտաքին գործերի նախարարությունը 4 կետով որոշել է իր ներդրումը տնտեսական աճ-2010-ի մեջ: Դրանց մեջ կա հետեւյալը. «Ճապոնիայում, Քուվեյթում, Իրաքում, Իսպանիայում, Չեխիայում (արդեն իսկ գոյություն ունեցող գլխավոր հյուպատոսությունը կվերակազմակերպվի դեսպանության), Բեյրութում, Նիդեռլանդներում, Ուզբեկստանում (հարցը դեռեւս բանակցային փուլում է), Բրազիլիայում (Սան Պաուլու քաղաքից հյուպատոսարանը կտեղափոխվի) դեսպանությունների կամ հյուպատոսությունների հիմնում, որոնց կառուցման համար պահանջվող միջոցները կներգրավվեն նախարարության սեփական խնայողություններից»: Հավանաբար այստեղ տնտեսական զարգացումն ապահովում է այն, որ հիշյալ դիվանագիտական կառույցները  հիմնվելու են ԱԳՆ սեփական խնայողություններից եւ ոչ թե, ասենք՝ կառավարության պահուստային ֆոնդից: Ի դեպ, ԱԳՆ-ի մյուս կետում էլ է նմանատիպ բան գրված. «ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի շենքի վերանորոգման (ներքին հարդարման) աշխատանքի ավարտ՝ նախարարության սեփական խնայողությունների հաշվին, ինչպես նաեւ դիվանագիտական դպրոցում արտաքին տնտեսական ուղղվածության բաժնի ստեղծում»: Միայն ուրախանալ կարելի է, թե որքան տնտեսվար մարդիկ են աշխատում մեր ԱԳՆ-ում, որ այսքան գումարներ են խնայել։ Սակայն հարց է առաջանում՝ եթե այս ծրագիրը չլիներ, արդյոք դիվանագիտական դպրոցում ներքին հարդարման աշխատանքներ չէի՞ն կատարվելու, կամ Չեխիայում գործող գլխավոր հյուպատոսությունը չէ՞ր վերակազմակերպվելու դեսպանության:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւս համեստորեն 4 կետանոց աշխատանքային պլան է գծել: Այստեղ ներառված կետերը կարծես համապատասխանում են տրված առաջադրանքին՝ տնտեսական աճ եւ զարգացում ապահովելուն: Սակայն, օրինակ, նախանշված «աշխատանքային օրենսդրության բարելավում, մասնավորապես՝ աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների իրականացում» կետը, որն այս օրերին իրագործվում է, առայժմ միայն խորը դժգոհությունների տեղիք է տվել։ Մասնավորապես, ընդդիմությունը հայտարարել է, որ այդ փոփոխություններով «վարչախումբը ցանկանում է ստեղծել իրավազուրկ եւ ընչազուրկ հասարակություն»:
Շատ ավելի հավակնոտ է ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած 6 կետանոց ծրագիրը, որում ներառված է, մասնավորապես, նման մի կետ. «միջուկային բժշկության զարգացման ծրագրի մեկնարկ» կամ ավելի երկարաշունչ եւ դժվար իրականանալի «բուժօգնության եւ սպասարկման ծառայությունների փոխհատուցման իրատեսական գների սահմանում, համավճարի սկզբունքի կիրառում եւ վճարովի ծառայությունների կանոնակարգում՝ բուժհաստատությունների ֆինանսական առողջացում, ստվերային եկամուտների կրճատում, հարկային մուտքերի ավելացում եւ աշխատավարձերի բարձրացում» կետը: Խրախուսելի է, որ 2010-ին տնտեսական աճ ապահովելու նպատակով առողջապահության նախարարությունը ստանձնել է ստվերային եկամուտների կրճատման խնդրի լուծումը, սակայն ի՞նչ է այս կետի կատարման վերաբերյալ զեկուցելու տարեվերջյան իր հաշվետվության մեջ առողջապահության նախարարը՝ դժվարանում եմ պատկերացնել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը պլանավորում է 2010-ին «ֆինանսական ռեսուրսների ավելի հստակ կառավարում»: Որքան որ այս կետը քիչ բան ասող եւ անհստակ է, նույնքան առարկայական է հաջորդը՝ «ՀՀ 5 մարզում մոտավորապես 800.0 մլն դրամի հակակարկտային 70-80 կայանի տեղադրում»:
Բնապահպանության նախարարությունը շարունակում է գտնվել իր մշտական՝ ծիծաղաշարժ դերի մեջ: Այս նախարարությունում որոշել են տնտեսական աճ եւ զարգացում ապահովող ծրագրերի մեջ ներառել այս կետը. «Գերմանիայի վերակառուցման եւ զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հարավային Կովկասի տարածաշրջանում բնապահպանական դրամաշնորհային ծրագրով «Հայաստանի Ջավախքի (Աշոցքի) շրջանում պահպանվող տարածքների («Արփի լիճ» ազգային պարկի) ստեղծումե ծրագրի իրականացում»: Ի՞նչ կապ ունի ԳՎԶԲ-ի փողերով եւ որպես դրամաշնորհային ծրագիր իրականացվող ազգային պարկի ստեղծումը վարչապետի հանձնարարականի հետ՝ մշակել տնտեսական աճ ապահովող ծրագրեր: Գյուղնախարարությունն էլ, բնապահպանության նախարարության նման, որոշել է հարսի «…»-ով փեսուն լավություն անել եւ իր ծրագրում ընդգրկել է հետեւյալ կետը. «ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում շաքարի գործարանի շահագործում եւ հանրապետությունում շաքարի ճակնդեղի մշակության վերականգնում»: «Հարսը» տվյալ դեպքում Ախուրյանում շաքարի գործարանի սեփականատերն է, որն իր գործարանը հիմնել է ամենեւին ոչ նրա համար, որ գյուղնախարարությունը՝ «փեսեն», դա որպես տնտեսական աճի զարգացում ապահովող՝ իր մշակած ծրագիր ներկայացնի: Չմոռանանք նշել նաեւ, որ գյուղնախարարությունը մտադիր է մշակել նաեւ ոչխարաբուծության եւ տավարաբուծության զարգացման ծրագրեր: Մի բան, որ այսպես թե այնպես այդ կառույցի հիմնական գործառույթներից է:

(շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել