Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդակցություն ՕԵԿ-ում

Հունիս 08,2010 00:00

«Ավելի լավ է հարյուր հոգի ունենա մեկական խանութ, քան մեկ հոգի՝ հարյուր խանութ»,- գտնում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

«Օրինաց երկիր» կուսակցությունում պարբերաբար անցկացվող քննարկումներն այս անգամ վերաբերել են Հայաստանում փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման խնդիրներին: Քննարկմանը հրավիրվել էին պետական մարմինների, հ/կ-ների ու շահագրգիռների կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Նշյալ խնդիրը նաեւ կոալիցիոն կառավարության ուշադրության կենտրոնում է»,- նշել է կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը: «Ավելի լավ է հարյուր հոգի ունենա մեկական խանութ, քան մեկ հոգի՝ հարյուր խանութ: Զարկ տալ ոչ թե օլիգարխիկ տնտեսությանը, այլ փոքր եւ միջին ձեռներեցության վրա խարսխված տնտեսությանը»,- խնդրի լուծման այս ճանապարհն է նախանշել ՕԵԿ առաջնորդը: Արթուր Բաղդասարյանը կարեւորել է այս ճանապարհին բիզնեսի եւ պետական մարմինների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների հաստատումը: Ըստ նրա, փոքր եւ միջին ձեռներեցները չպետք է պարբերաբար անհարկի ստուգումների եւ դրանով պայմանավորված՝ քաշքշուկների ենթարկվեն: Անհրաժեշտ է նվազագույնի հասցնել նմանօրինակ ստուգումները, ոլորտը զարգացնելու համար ստեղծել համապատասխան հնարավորություններ, ապահովել մատչելի ֆինանսական ռեսուրսներ:
«Օրինաց երկիր» կուսակցության նախաձեռնությամբ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված «Հաստատագրված Արտոնավճարների մասին» ԱԺ օրենքի նախագիծը կյանքի կոչվելուց հետո օգտակար կլինի մանր եւ միջին ձեռներեցությամբ զբաղվող մոտ 30 000 ընտանիքների համար:
Օրենքի նախագծի հետ կապված կառավարության նախնական դրական եզրակացությունն արդեն արվել է: Նոր օրենքով պարտադիր չէ, որ կոշկակարը կամ տաքսու վարորդը հարկային մարմնում հաշվառված լինի: «Որքան շատ է գործարարը շփվում պետական կառույցների հետ, այնքան մեծանում են կոռուպցիոն ռիսկերը»,- արձանագրել է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահը: Նմանատիպ քննարկումներն, ըստ Արթուր Բաղդասարյանի, կարեւոր են ոլորտի բացթողումները համակողմանիորեն դիտարկելու եւ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների դիտարկումներին ծանոթանալու տեսանկյունից:
Հայաստանում փոքր եւ միջին ձեռներեցներին խթանելու համար ոչ պակաս կարեւոր անելիքներից է վերջիններիս ֆինանսական մատչելի ռեսուրսների տրամադրումը: «Խանութը հաց է վաճառում, բանկը փող է վաճառում, սակայն մեզանում դրամը վաճառվում է թանկ եւ բարձր տոկոսադրույքներով»,- նկատել է Արթուր Բաղդասարյանը: Այս խնդիրը լուծելու վրա «Օրինաց երկիրը» պետք է ապագայում նպատակաուղղի իր քաղաքական գործունեությունը՝ հասկանալու, թե խնդրի լուծման համար ֆինանսական նորարարական ինչպիսի մեխանիզմներ պետք է մշակվեն:
Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ է աջակցել նաեւ արտահանման գործընթացներին, ինչը այդ ձեռներեցների մոտ կազմում է ընդամենը 9 տոկոս: «Առողջ մրցակցություն ապահովելու համար առավել կարեւոր է փոքր եւ խոշոր գործարարների առողջ եւ խաղաղ գոյակցությունը»,- նկատել է Արթուր Բաղդասարյանը:
Հայաստանում օրըստօրե տարածվում են սուպերմարկետները՝ միաժամանակ անորոշության մեջ թողնելով փոքր ձեռներեցի կրպակի գոյությունը: Այս ուղղությամբ ավելի լավ արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է մշակել օրենսդրական եւ ինստիտուցիոնալ համապատասխան գործիքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել