Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ՄԻԱՅՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՆԵՐԸ

Հունիս 08,2010 00:00

Լրագրողական կազմակերպություններն առաջարկում են միջազգային կառույցներին՝ «հեռարձակման թվայնացման գործընթացում որեւէ աջակցություն չցուցաբերել ՀՀ կառավարությանը»:

\"\"

Արդեն հաղորդել ենք, որ կառավարությունը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 5 հոդվածից նախատեսում է հանել հետեւյալ մասը. «Օտար լեզուներով հեռուստառադիոհաղորդումները, գեղարվեստական, վավերագրական եւ մուլտիպլիկացիոն կինոնկարները, ինչպես նաեւ հայերեն հաղորդումների օտարալեզու դրվագները (հատվածները) հեռարձակվում են հայերեն համաժամանակյա թարգմանությամբ՝ ձայնային կամ լուսագրային եղանակով»: Այս փոփոխության համար առիթ են ծառայել օրենքի նոր խմբագրության նախագծի վերաբերյալ ԵԱՀԿ փորձագետ, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի Լրատվության իրավունքի եւ քաղաքականության կենտրոնի տնօրեն Անդրեյ Ռիխտերի հետեւյալ դիտողությունները. «Հեռարձակման ժամանակ օտար լեզուների օգտագործման հետ կապված որոշ սահմանափակումներ անհիմն եւ չափազանց խիստ են թվում (օրինակ՝ այն պահանջը, որ ազգային փոքրամասնությունների լեզուներով հաղորդումները պետք է ուղեկցվեն հայերեն լուսագրով)»: Օրենքի հեղինակներն անմիջապես նախատեսել են այս փոփոխությունը, որը խիստ համահունչ է հայերենի դեմ մեր կառավարության արդեն ծրագրված թվացող արշավին: Եվ անգամ փորձ չեն արել առարկելու եւ հիշեցնելու միջազգային փորձը, թե աշխարհում հազիվ թե կան երկրներ, որտեղ ազգային հեռուստաալիքները օտարալեզու հաղորդումներ են հեռարձակում՝ առանց համընթաց, գոնե լուսագրով թարգմանության: Մինչդեռ նախագծի վերաբերյալ ԵԱՀԿ այս նույն փորձագետի հիմնական առաջարկություններից մեկին ի պատասխան՝ «Վերստին նախատեսել այն դրույթը, որի համաձայն՝ Ազգային հանձնաժողովը պարտավոր է պատշաճորեն հիմնավորել հեռարձակման լիցենզիա տրամադրելու մերժման մասին իր որոշումը», ինչպես արդեն հաղորդել ենք՝ կառավարությունը առատորեն հղումներ է արել միջազգային փորձին՝ «գեղեցկության մրցույթների» կանոնների մասով:
Նույն կերպ նաեւ անմիջապես ընդունել են առաջարկը՝ «Հանել Հանրային հեռուստառադիոընկերությունը ՀՌԱՀ-ի իրավազորության տակից», բայց չեն իրականացրել ԵԱՀԿ փորձագետի հերթական անգամ արված առաջարկը. «Բարեփոխել Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի անդամների ընտրության եւ նշանակման կարգը՝ ապահովելու բազմակարծիք հանրային հեռարձակում»: Անտեսվել է նաեւ հետեւյալ դիտողությունը, թե օրինագիծը «միտումնավոր կերպով փորձում է տեսաձայնային լրատվամիջոցների ծառայությունների բոլոր ձեւերն ու տեսակները դնել ՀՌԱՀ-ի լիցենզավորման (կամ թույլտվությունների) խիստ ռեժիմի ներքո եւ ենթարկել դրանք բյուրոկրատական հսկողության ու հայեցողության»:
ԵԱՀԿ վերլուծության մեջ նաեւ ընդհանուր քննադատություն կա. «Փոփոխությունների մի զգալի մաս դեկլարատիվ բնույթ ունի: Կան կրկնություններ, որոնք շփոթություն են ստեղծում: Կան նաեւ մի շարք անորոշ նորմեր, որոնք հավանաբար կհանգեցնեն բախումների համապատասխան մարմինների միջեւ, ինչպես նաեւ նորմեր, որոնք դժվար են կիրարկման տեսանկյունից: Օրինագիծը հեռարձակման կարգավորման նոր մոտեցումներ չի առաջարկում»: Բացի այդ՝ նշված է, թե «օրինագիծը նորովի է սահմանում եւ օգտագործում մի շարք եզրեր ու հասկացություններ եւ անտեսում է այն փաստը, որ դրանք արդեն իսկ մշակվել են Եվրոպայի հեռարձակման եւ տեսաձայնային լրատվամիջոցների ծառայությունների ոլորտում»: Վերջապես նշված է, թե ԵԱՀԿ փորձագետների կողմից նախկինում արված առաջարկություններից շատ քչերն են հաշվի առնվել նոր օրինագծում, եւ այն «կասկածներ է հարուցում այն մասին, որ ԵԽԽՎ-ի բանաձեւերը եւ հեռարձակման մասին օրենսդրությանը վերաբերող՝ ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի բազմաթիվ կոչերը պատշաճ կերպով են արտացոլվել քննարկմանը ներկայացված օրինագծում»:
Կարող է թվալ, թե այս ամենն անտեսվել է, քանի որ, ինչպես էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 3-ի քննարկման ժամանակ նշեց Ներսես Երիցյանը՝ իրենք Երեւանի մամուլի ակումբի հետ պայմանավորվածության են եկել՝ ընդունել այս փոփոխությունները, որոնք անհրաժեշտ հիմքեր են ապահովում թվայնացումը սկսելու համար, իսկ դրանից հետո ձեւավորել աշխատանքային խումբ եւ մշակել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր եւ ոլորտի բոլոր մտահոգիչ ու սկզբունքային խնդիրները կարգավորող նախագիծ:
Սակայն Երեւանի մամուլի ակումբը՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, «Ինտերնյուսի». «Ասպարեզ» ակումբի եւ Բաց հասարակության ինստիտուտի հետ հունիսի 6-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. «Միջգերատեսչական հանձնաժողովը խախտել է պայմանավորվածությունների հենց առաջին կետը, այն է՝ փոփոխությունները պետք է վերաբերեն միայն այն դրույթներին, որոնք ապահովում են հեռարձակման թվայնացումը եւ հնարավորություն են տալիս կազմակերպել եւ անցկացնել լիցենզավորման մրցույթներ: Մենք փաստում ենք, որ մի քանի առաջարկություններ ընդունելով՝ միջգերատեսչական հանձնաժողովը ոչ մի զիջման չի գնացել մեզ համար սկզբունքային այլ հարցերում. օրինագծից չեն հանվել թվայնացման եւ մրցույթների անցկացման հետ որեւէ կապ չունեցող փոփոխությունները: Մասնավորապես, չնայած մեր բազմաթիվ պնդումներին ու հիմնավորումներին, նախագծում չի վերականգնվել հանրային հեռուստառադիոընկերության գովազդի սահմանափակումը (հաղորդումները գովազդով չընդհատելու պահանջը), եւ պահպանվել է գովազդի ծավալը 5-ից 7 տոկոս դարձնելու դրույթը: Ավելին՝ ներմուծված է ըստ էության հակասահմանադրական դրույթ. օրենքի նախագծի 35 հոդվածի 1 մասը խմբագրվել է, ինչի արդյունքում Հանրային հեռուստառադիոընկերության գործունեությունը դուրս է մնում որեւէ կարգավորումից եւ վերահսկողությունից: Չեն հրապարակվել աուդիտի արդյունքները, չի պարզեցվել արբանյակային հեռարձակման իրավունքի տրամադրումը: Պահպանվել են նաեւ նախագծի անընդունելի ձեւաչափը (երբ փաստաթղթից չի երեւում, թե ինչ փոփոխություններ են կատարված) եւ ԱԺ-ում օրինագիծը քննարկելու հրատապության ռեժիմը:
Վերոհիշյալ երկու հիմնական պայմանավորվածությունների խախտումը մեզ հիմք է տալիս խիստ կասկած հայտնելու էկոնոմիկայի նախարարության եւ միջգերատեսչական հանձնաժողովի` խոստումները կատարելու եւ կառուցողական համագործակցության պատրաստակամության եւ ընդունակության վրա: Հերթական անգամ մեր կազմակերպությունների, ինչպես նաեւ միջազգային կառույցների եւ նրանց ներկայացուցիչների ծախսած ժամանակը, աշխատանքը, միջոցները չտվեցին համարժեք արդյունք: Իսկ օրինագծի hանրային քննարկումը մասամբ վերածվեց իմիտացիայի, որի միակ նպատակն էր ժամանակ ձգել եւ ժամանակին մրցույթներն անցկացնելու պատրվակով հապշտապ անցկացնել անորակ եւ հեռարձակման ոլորտի զարգացմանը անուղղելի վնաս հասցնող օրենքը»:
Ուստի հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները հայտարարում են, թե հավանություն չեն տալիս այս նախագծին եւ կոչ են անում ԱԺ-ին չքննարկել այն՝ մինչեւ չներկայացվի պայմանավորված ձեւաչափով ու բովանդակությամբ: Իսկ միջազգային կառույցներին կոչ է արվում՝ «Հեռարձակման թվայնացման գործընթացում որեւէ աջակցություն չցուցաբերել ՀՀ կառավարությանը՝ մինչեւ վերջինս չներկայացնի փոփոխված նախագիծ եւ չապացուցի, որ ունակ է արդյունավետ օգտագործել աջակցությունը»:

Հ. Գ. Երեկ փորձեցինք պարզել ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրանի արձագանքն այն փաստին, որ ԵԱՀԿ առաջարկներն ընդունվել են նման խտրական ընտրությամբ: Սակայն նա նշեց, թե չի կարող խոսել օրենքի նախագծի մասին, քանի որ «գործընթացը դեռ ընթանում է»: Ըստ այդմ՝ դեռ ինչ-որ բանե՞ր կարող են փոխվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել