«Առավոտի» ունեցած տեղեկություններով, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի շարքերը համալրվել է եւս մեկ վառ անհատականությամբ: Վերջերս ՀԱԿ-ին է անդամագրվել նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո): Հիշեցնենք, որ նրա առաջին մուտքը քաղաքականություն ավարտվեց քրեական պատմությամբ, որի արդյունքում 2005-ին նա հեռացավ Հայաստանից:
Ոմն «Կծան Միշա» քրեական հեղինակության տված ցուցմունքով Մադաթյանն իրեն պետք է 100 հազար դոլար վճարեր՝ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, նախարար Անդրանիկ Մանուկյանի եւ օլիգարխ Գագիկ Ծառուկյանի սպանությունն իրականացնելու համար: 2008-ի օգոստոսին Մադաթյանը վերադարձավ Հայաստան: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու հարցում, ըստ շրջանառվող լուրերի, օգնել է խնամին՝ Էրեբունի համայնքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը՝ «Թոխմախի Մհեր»: Մադաթյանն իր «բախտը փորձեց» նաեւ 2009-ի վերջին՝ Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքից պատգամավոր դառնալու հավակնություն ուներ: Պատկան մարմինները, սակայն, «քար գցեցին» նրա բախտին՝ վերջին հինգ տարիներին Հայաստանում մշտական բնակության տեղեկանք չտրամադրելով: Երեկ պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ճի՞շտ է, արդյոք, որ ինքն անդամագրվել է Հայ ազգային կոնգրեսին, Էդուարդ Մադաթյանն ասաց. «Բոլորի հետ շփումը կա, եւ լավ հարաբերությունների մեջ եմ, բայց դա ի՞նչ կապ ունի անդամագրվելու հետ: Անդամագրվելու խնդիր չկա: Առայժմ: Նման առաջարկ էլ չի եղել»: