Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍՏԱՄՅԱՆՆ ԱՆԽՈՐՏԱԿԵԼԻ Է

Հունիս 08,2010 00:00

Նա նորից ընտրվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ

Օրերս Աղավնաձորում իր աշխատանքներն ավարտած ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 15-րդ գերագույն ժողովն ընդունել է հայտարարություն, որում գերակա խնդիրներ է հռչակել «ազգային ուղեգծի վերականգնումը, սոցիալական արդարության հաստատումը, քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, երկրում նոր իշխանության ձեւավորումը»:
Գերագույն ժողովը նախկին 15 հոգանոց ԳՄ կազմի փոխարեն փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է 9 հոգանոց մարմին, որի ներկայացուցիչ հերթական անգամ ընտրվել է Արմեն Ռուստամյանը: Երեկ ասուլիսում «Առավոտի» հարցին՝ այդքան գո՞հ է ձեր աշխատանքից կուսակցությունը, չունի՞ քննադատություն՝ պրն Ռուստամյանը պատասխանեց. «Չէ, քննադատություն ունի՝ այն էլ ինչպիսի՜: Մեր կուսակցության մեջ ինչն է շատ՝ քննադատությունը։ Ժողովներն անցնում են շատ բուռն քննարկումներով: Առաջին հարցը, որ միշտ ժողովի առջեւ դրվում է՝ Գերագույն մարմնի հաշվետվությունն է, եւ ամենաբուռն քննարկումները տեղի են ունենում հենց այդ ժամանակ: Հավատացնում եմ, որ չեն լինում ելույթներ՝ դիֆերամբներով, գովասանքներով: ՀՅԴ ժողովներում տեղի է ունենում ճիշտ հակառակը՝ այնտեղ չեն հավաքվում իրար գովելու համար, հավաքվում են անխնա քննադատելու, վերհանելու բոլոր բացթողումները, որովհետեւ դա այդ տեղն է: Եվ այդ թվում նաեւ իմ մասին է ասվում, ինչո՞ւ ոչ, որովհետեւ ես ԳՄ ներկայացուցիչն եմ եւ ներկայացնում եմ ԳՄ ամբողջական գործունեությունը, եւ հարցերի հիմնական պատասխանողը ես եմ այդտեղ լինում: Բայց մեր ժողովների հիմնական առավելությունն է՝ միշտ բուռն քննարկումներից, ծանրութեթեւ անելուց հետո գտնվում է այն բալանսը, որի շուրջ պետք է կառուցվի հետագա անելիքների ծրագիրը եւ ուղղությունը, հայեցակարգը»: Ըստ նրա՝ «Միշտ ժողովներից առաջ շատ է խոսվում, թե թեւեր կան, խմբավորումներ կան՝ մեկն այս թեւից է, մյուսն՝ այն թեւից. այսպիսի բան չկա՛: Պարզապես այդ քննարկումները բուռն են ընթանում, եւ թվում է, թե դա ըմբոստության նշան է՝ կուսակցության ղեկավարությունը չի ընդունվում շարքայինների կողմից»: Բայց ըստ Արմեն Ռուստամյանի, ԳԺ-ն գնահատել է. «Բացթողումներ ունենք, բայց ընդհանուր գծերով գործել ենք ճիշտ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել