Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԵՄ ԵՆ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ

Հունիս 08,2010 00:00

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» ակցիայի նախաձեռնող խումբը երեկ, ժ 11-ին, բողոքի ցույց անցկացրեց Կառավարության նիստերի դահլիճի մուտքի դիմաց, ուր ժամանակավորապես անցկացվում են ԱԺ լիագումար նիստերը: Նախաձեռնող խումբը որոշում է կայացրել՝ ցույցերը անցկացվելու են ամեն օր, ողջ քառօրյայի ընթացքում: Ցուցարարները պահանջում են՝ մերժելով նախագիծը, վերջնականապես հանել այն օրակարգից, լեզվի եւ հանրակրթության խնդիրների վերաբերյալ լսումներ անցկացնել հանրության եւ մասնագիտական խմբերի մասնակցությամբ, վերանայել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ պաշտոնում մնալու նպատակահարմարությունը, օրենսդրորեն արգելափակել «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների հնարավորությունը 25 տարվա ժամկետով, որի ընթացքում կկայանա մրցունակ հայալեզու միջնակարգ կրթական համակարգը, եւ օտարալեզու դպրոցների հարցը հնարավոր կլինի վերաքննարկել առանց թվաքանակային սահմանափակումների: Նախաձեռնող խումբը հիշեցնում է, որ հունիսի 6-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում անցկացված միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետը ելույթում նշել է, թե օրենքի փոփոխման պատճառներից մեկն էլ «Տրոյկա Դիալոգ» ընկերության տնօրեն Ռուբեն Վարդանյանի՝ Դիլիջանում միջազգային անգլալեզու դպրոց հիմնելու առաջարկն է: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» ակցիայի մասնակիցները պահանջում են, որ կառավարությունը ուսումնասիրի գոյություն ունեցող այն միջազգային կրթական մոդելների կիրառման նպատակահարմարությունը, որոնք հնարավորություն են ընձեռում կազմակերպել դասավանդումը ցանկացած լեզվով, այդ թվում եւ հայերեն: Այսօր «Ուրբաթ» ակումբում կկայանա նախաձեռնող խմբի մամուլի ասուլիսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել