Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ

Հունիս 08,2010 00:00

Երեկ այս էին պահանջում Քիրամիջյանի ընկերները

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչներն ու մայիսի 31-ին ձերբակալված Դավիթ Քիրամիջյանի ուսանողական ընկերները՝ մի քանի տասնյակ մարդ, երեկ ի պաշտպանություն երիտասարդի՝ նրան անհապահ ազատ արձակելու պահանջով համատեղ բողոքի ակցիա էին նախաձեռնել: Նրանք հավաքվել էին Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի մոտ, որտեղից էլ շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն: Երթը, որի ողջ ընթացքում ակցիայի մասնակիցները բռնել էին Քիրամիջյանի դիմանկարներն ու հայկական եռագույնը ու ժամանակ առ ժամանակ պահանջում էին իրենց ընկերոջ ազատ արձակումը, ձեռքի հետ նաեւ այդ պահանջի տակ անցորդ քաղաքացիներից ստորագրություններ էին հավաքում, մեկնարկեց եւ ավարտվեց առանց միջադեպերի: Ոստիկանության աշխատակիցները միայն Գլխավոր դատախազության շենքի մոտ էին շարք կազմած «հսկում» տարածքը. նրանք այնտեղ էին՝ թույլ չտալու, որպեսզի երիտասարդ քաղաքացիները շենքին հանկարծ «սահմանվածից» մոտ կանգնեն: Այդուհանդերձ, Քիրամիջյանի զինակիցներն ու ուսանողական ընկերները Գլխավոր դատախազությանը հանձնեցին Աղվան Հովսեփյանին հասցեագրած եւ ստորագրությունների մի շարք պարունակող նամակը, որում մասնավորապես ասված էր, թե հունիսի 3-ին կալանավորված Դավիթ Քիրամիջյանն «ընդամենը փորձել էր իրացնել սահմանադրական իր իրավունքը, օգտվել ազատ տեղաշարժի, խոսքի ազատության իր իրավունքից», որ իրականում նա է տուժողը, որովհետեւ ենթարկվել է ոստիկանների կողմից բռնությունների ու ծեծի, ապօրինի բերման ենթարկվել, ձերբակալվել եւ կալանավորվել։ Նաեւ որ՝ «Դատարանի տրամադրության տակ է եղել ընդամենը մի ոստիկանի ցուցմունք, որով հենց Դավիթ Քիրամիջյանին են այդ ընթացքում ծեծի ենթարկել։ Դ. Քիրամիջյանին կալանավորելու որոշում կայացվել է ՀՀ Գլխավոր դատախազի մոտ կայացած օպերատիվ խորհրդակցության ժամանակ, որը անցկացրել եք դուք, եւ որից հետո ՀՔԾ քննիչը դիմել է դատարանին՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ։ ՀՔԾ ներկայացրած միջնորդության մեջ բացակայել են կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քրեադատավարական եւ քրեաիրավական հիմքերը, իսկ դատարանի որոշումը եղել է ծայրից ծայր անհիմն եւ ընդամենը արտացոլել է քաղաքական վենդետայի հերթական պատվերը։ Մենք դատապարտում ենք կատարված բացահայտ ապօրինությունները, որոնք մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների կոպտագույն խախտումներ են, եւ պահանջում ենք անհապաղ վերացնել Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը եւ դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը ու պատասխանատվության ենթարկել միջադեպի իրական մեղավորներին»։
Հիշեցնենք, որ Դավիթ Քիրամիջյանը, որն, ի դեպ, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի եւ անիմացիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող է, ի տարբերություն շատ բարձրաստիճան ոստիկանների ու պետպաշտոնյաների, հայերենից բացի՝ տիրապետում է նաեւ ռուսերեն, անգլերեն եւ իսպաներեն լեզուների, ձերբակալվել էր մայիսի 31-ին՝ այն բանից հետո, երբ ոստիկանները մի քանի տասնյակ քաղաքացիների թույլ չէին տվել մուտք գործել Ազատության հրապարակ: «Իրավապահներն» ուժի կիրառմամբ նրանց հետապնդել էին մինչեւ Սարյանի արձանին հարող պուրակ ու այնտեղ նրանց, այդ թվում՝ նաեւ Քիրամիջյանին ծեծի ենթարկելով, նրա հագուստը պատռելով խցկել էին ոստիկանության մեքենան ու ժ. 18:20-ի սահմաններում բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին: Նրա վերաբերյալ միայն հունիսի լույս 1-ի գիշերը, ժամը 3-ին էր ձերբակալման որոշում կայացվել, ինչն արդեն իսկ հայաստանյան եւ միջազգային օրենսդրության կոպիտ խախտում է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն, իսկ հունիսի 3-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով ՀՔԾ-ի միջնորդությունը եւ մերժելով խափանման միջոց կալանքի փոխարեն գրավ կիրառելու պաշտպանական կողմի միջնորդությունը, նրան երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել: Դատարանն իր այս որոշումը, ըստ էության, ոչնչով չի էլ հիմնավորել, եթե չհաշվենք այն հերթապահ ձեւակերպումները, որոնք մշտապես տեղ են գտնում հատկապես այլախոհ քաղաքացիներին կալանավորելու համանման որոշումներում. այն է՝ «հիմնավոր կասկածներ կան, որ Քիրամիջյանը, մնալով ազատության մեջ, կարող է իրավախախտում կատարել, խոչընդոտել մինչդատավարական գործի քննությանը, թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խուսափել քրեական պատասխանատվությունից եւ նշանակված պատիժը կրելուց», դատարանը նաեւ հաշվի է առել Քիրամիջյանի արարքի «հասարակական վտանգավորության աստիճանը» եւ այլն: Սա այն դեպքում, երբ նույն դատարանի կողմից ընդամենը 2-3 ամիս առաջ ազատ էին արձակվել ավելի ծանր հանցագործության՝ լրագրող Արգիշտի Կիվիրյանի սպանության փորձի մեջ մեղադրվող Վլադիմիր Սերոբյանն ու Գուրգեն Կիլիկյանը: Սա հատկապես շեշտում ենք՝ ընդգծելու համար ՀՀ իշխանությունների կողմից «արդարադատությունը» ըստ սեփական հայեցողության եւ խտրական սկզբունքով իրականացնելու ավանդական գործելաոճը:
Քիրամիջյանի պաշտպանները դատարանի այս որոշումը երեկ բողոքարկելու են Վերաքննիչում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել