Դա անպետք ատամ է, որը կարող է սպառնալ մարդկանց առողջությանը
«Մամա, տատի ատամմահիկն ա, չէ՞»,-հարցնում է 3-ամյա Գեւորիկը: Մայրը ուղղում է երեխային՝ ասելով. «Ատամմահիկ չի, բալես, ատամհատիկ ա»: Մինչդեռ համառ երեխան չի համոզվում եւ շարունակ պնդում է, որ ոչ թե տատի ատամհատիկն է, այլ ատամմահիկը. գուցե ինչ-որ բան կանխազգում էր:
64 տարեկան Անո տատի «ատամհատիկը» կազմակերպել էր տատի սիրելի թոռնիկ Ռազմիկը: «Վերջին ժամանակներս ինչքան տատին հարցնում էի՝ տատ ջան, ո՞նց ես, կեսկատակ-կեսլուրջ պատասխանում էր՝ ո՞նց պիտի լինեմ, բալես, վատ եմ, հիասթափված, ես էլ գիտեի իմաստուն կնիկ եմ, էն էլ դարդակ գլուխ եմ՝ 64 տարեկան հասակում նոր-նոր իմաստնության ատամ եմ հանում: Ես էլ ծիծաղեցի, ասեցի՝ դե, տատ ջան, որ ատամ ես հանում, քո համար ատամհատիկ եմ կազմակերպելու»,- պատմում է 22-ամյա Ռազմիկը:
2 օր հետո Ռազմիկը, հոր հովանավորությամբ, տատի համար մի մեծ խնջույք կազմակերպեց, տատի մտերիմ ընկերուհիներին՝ իրենց բակի Զինային ու Ռոզիկին էլ հրավիրեց: «Էտ օրը մենք մերոնցով մի լավ ուրախացանք, ծիծաղեցինք, տատին պարացրինք, կենացը խմեցինք, ատամհատիկը շնորհավորեցինք, փոքր եղբայրս՝ Գեւորգն էլ մի բուռ կոնֆետ տատի գլխին շաղ տվեց»,- ասում է Ռազմիկը:
«Այդ օրվա խնջույքից հետո Անո տատը շատ վատ էր, ջերմությունը 38,5 էր, ճնշումը եւս բարձր էր, ջերմությունը եւ ճնշումը իջեցնող դեղեր էինք տալիս: Բայց, չնայած մեր անհանգստությանը, նա, ինչպես միշտ, կատակում էր՝ ինձ չոռ էլ չի կպնի, կարող ա գիտեք մեռնելու եմ՝ չերազեք: Էդ օրը երեկոյան վերջին խոսքը այդ էր, որ ասաց ու գնաց պառկեց քնելու, բայց առավոտյան արդեն…»,- պատմում է աղջիկը՝ Սուսաննան:
Առավոտյան Անո տատը մահացել էր, ինչպես բժիշկներն էին հավաստել՝ սրտի կաթված էր: Տատը լիովին առողջ էր եւ որեւէ այլ պատճառներ, որոնք կարող էին բերել մահվան՝ չկային: Ինչպես հարազատներն են համոզված, պատճառը չարաբաստիկ իմաստնության ատամն էր, որը մեծ դժվարությամբ էր դուրս գալիս: Արդյո՞ք նման բան հնարավոր է: Ըստ ատամնաբույժ Մարինե Շահբազյանի. «Իհարկե, իմաստնության ատամը կամ, այլ կերպ ասած՝ 8-րդ ատամը անկանխատեսելի աճ ունի եւ բարդություններ շատ են լինում՝ ատամը ծնոտի անկյան շրջանում պառկած է լինում եւ լինդով փակված է լինում՝ սա այն դեպքն է, երբ միկրովիրահատություն է անհրաժեշտ, հեռացվում է ատամի վրայի լինդը, որի տակ սովորաբար թարախային կույտ է գոյանում, որն էլ պատճառ է դառնում ջերմության բարձրացման: Եվ այս բոլոր դժվարություններից հետո՝ այն չի մասնակցում ծամելու գործողությանը, մի խոսքով՝ «անպիտան ատամ է», որը հաճախ դուրս գալուց հետո հեռացնում են, քանի որ պրոթեզներ պատրաստելիս էլ դրանք պետք չեն գալիս եւ չեն ներառվում պրոթեզի կառուցվածքային մասի մեջ, այսինքն՝ 32 ատամի փոխարեն հավաքում են 28 ատամ: Իմաստնության ատամը սովորաբար դուրս է գալիս 18 տարեկանից հետո, լինում են նաեւ շատ դեպքեր, երբ այս ատամը ընդհանրապես դուրս չի գալիս՝ տխրելու պատճառ չկա, քանի որ իմաստնանալը կամ չիմաստնանալը սրա հետ ընդհանրապես կապ չունի՝ դա ուղղակի հիմարներն են հնարել եւ հավատում են, որ այդկերպ նրանք մի օր «իմաստուն» կդառնան»: