Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կարտոֆիլի փոսը» դարձավ թանգարան

Հունիս 05,2010 00:00

Նոյը կառուցեց տապան, երկրորդ Նոյն էլ՝ 21 մետր խորության թանգարան

\"\"

Մասնագիտությամբ շինարար Լյովա Առաքելյանը, թերեւս, շատերի պես Հայաստանում աշխատանք չգտնելով՝ մեկնեց Ռուսաստան: Սակայն, ինչպես կարելի է ենթադրել, Լյովայի առաքելությունը Ռուսաստանում շինարարությամբ զբաղվելը չէր, այլ, ինչպես կինը՝ Տոսյան է ասում. «իր տան տակը փոս փորելը»:
«Ռուսաստանում 1,5 տարի աշխատելուց հետո տուն վերադարձավ: Մի օր ասացի՝ Լյովա ջան, մեր այգու կարտոֆիլը հավաքում ենք, այնքան շատ է, տեղ չունենք լցնելու եւ հետո էլ ծլում է՝ թափում ենք, մեր նկուղում փոս փորիր, մեջը լցնենք, խոնավության մեջ կլինի՝ չի ծլի»,-պատմում է կինը:
Այն էլ այդ փորելն էր, որ փորեց ու այլեւս կանգ չառավ: Մեկ տարի չէ, երկու տարի չէ՝ քսանվեց տարի նա փորում է այդ փոսը, որն այսօր արդեն կոչվում է «Գետնափոր» թանգարան: «Գիշերը քնում էր, առավոտյան վեր կենում ու իր գործին անցնում: Վիճում էի հետը, ասում՝ գնա աշխատիր, էսպես չենք կարող ապրել, ես ընդամենը մանկապարտեզում դայակ եմ, ինչ պետք է լինի իմ աշխատավարձը, տան ապրուստը, մեր չորս երեխաները ուսերիս են, չեմ կարող պահել: Իսկ նա պատասխանում էր՝ ես պետք է փորեմ, իսկ այն, ինչ անում եմ՝ հետագայում քո եւ իմ երեխաների ապրուստն է հոգալու: Հարցնում էի՝ ի՞նչ ապրուստի մասին է խոսքը, բայց նա, միեւնույն է՝ ինձ չէր լսում: Նա այնքան էր տարվել իր գործով, որ նույնիսկ չէր մասնակցում երեխաների ծննդյան տոներին, անընդհատ ինչ-որ շինարարական գրքեր էր կարդում, եթե երբեմն էլ ինձ հետ ժամանակ էր ունենում զրուցելու, ապա միայն իր ապագա շինության մասին էր խոսում եւ ամենասարսափելին այն էր, որ նա սկսեց այլեւս չսափրվել»,- պատմում է տիկին Տոսյան:
Շատերը Լյովային սկսել էին «Նոյ երկրորդ» անվանել, բայց չնայած դրան, Լյովան նույնիսկ կատակում էր. «Այ մարդ, կարո՞ղ ա ձեր տակն եմ փորում, ո՞ւմ եմ վատություն անում, իմ տանս տակն եմ փորում»:
«Արդեն այնքան էր խորացել, այնքան փորել, որ նույնիսկ գործիքներն էին մաշվել եւ հետո ջերմաստիճանն արդեն շատ ցածր էր ներքեւում, որ նա հագնում էր իր հաստ վերարկուն: Նա հատուկ աստիճաններ էր կառուցել, որի օգնությամբ իջնում եւ բարձրանում էր: Եթե սկզբում շատ էի վիճում, շուտով համակերպվեցի եւ սկսեցի ինքս էլ նրան օգնել: Դե պատկերացրեք՝ որքան հող էինք փորում եւ հանում: Ասում էի՝ այ մարդ, կարտոֆիլի փոսը էս ինչ դարձավ, էս ինչքան կարտոֆիլ պետք է լցնենք, որ փոսը փակվի»,- պատմում է Տոսյան:
«Կարտոֆիլի փոսը»՝ փորված 1985 թվականից, վերջնական տեսքով այսօր արդեն՝ որպես թանգարան 21 մետր խորություն ունի, 7 հարկանի շենքի չափ: Երկար աստիճանները տանում են ոչ թե դեպի «դժոխք», այլ մի վայր, որտեղ ցուցադրված են Լյովա Առաքելյանի քանդակները, ցուցադրված են նրա գործիքներն ու թղթին հանձնած մտքերը: Լյովա Առաքելյանը մահացել է անցած տարի՝ 67 տարեկան հասակում, նա հասցրել է տեսնել իր արածի արդյունքը. թանգարանով հետաքրքրվեցին շատ արտասահմանցիներ ու հայեր, բազմաթիվ առաջարկներ եղան համագործակցելու եւ նոր ծրագրեր մշակելու: «Կարտոֆիլի փոսը» վերածվեց մի թանգարանի, որը այսօր արդեն մեծ գումարներ է բերում Տոսյային, ինչպես ժամանակին խոստացել էր ամուսինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել