Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեր ժամանակների հերոսը

Հունիս 05,2010 00:00

Նրան դեռ սպասում են տանը

\"\"Գագիկ Պողոսյանը 1991 թվից Հոկտեմբերյանի կամավոր ջոկատի կազմում էր: Արցախյան շարժմանը մասնակցել է 1989 թվից. իր բեռնատարով նա միշտ զենք եւ սննդամթերք էր հասցնում Արցախ՝ Ստեփանակերտում, Շուշիում, Մարտակերտում կռվող կամավորներին: 1992 թվականին Սարդարապատի հուշահամալիրում երդվեց եւ անդամագրվեց «Արծիվ 13» ջոկատին: 1992 թվականի հուլիսի 28-ին եւ 29-ին Մարտակերտի շրջանում եւ Լենինավան գյուղի մոտ թեժ մարտեր էին ընթանում: Գագիկը «Արծիվ 13»-ի հետ շտապեց այնտեղ: Այդ օրվանից նա անհետ կորած է համարվում:
Աղջիկը՝ Անուշը, գրեթե ոչինչ չի հիշում հոր մասին. երեք տարեկան էր, երբ հայրը պատերազմ գնաց: «Պապայիս մասին ոչ մի բան չեմ հիշում, մամայիս ու տատիկիս պատմելով գիտեմ, որ նա բարի ու շփվող մարդ է եղել: Ասում են, որ բնավորությամբ շատ նման եմ պապայիս, նրա ամենալավ կողմերն եմ ժառանգել»,- հպարտանում է Անուշը:
Որդու՝ Անդրանիկի դեմքը կարմրել էր, սիրտն ավելի արագ էր աշխատում, ձայնը դողում էր հոր մասին խոսելիս. «Մենք մեքենա ունեինք. պապաս դրանով իրեր էր տեղափոխում: Այդպես էինք ապրում: Երբ տուն էր գալիս՝ առաջինը ես էի դիմավորում նրան: Ես չորս տարեկան էի, բայց պապայիս դիմագծերը շատ լավ եմ հիշում: Երեւի աշխատել եմ լավ հիշել, որ իրենից ինչ-որ բան մեջս մնա, հետս լինի մինչեւ իր հետ գալը»:
Վարդանուշ տատն ասում է, որ իր երեխաների միջից Գագիկն ամենապարտաճանաչն էր: «Դպրոցական հասակում, որ էրեխեքի հետ խաղում էին, ասում էր՝ տղեք ջան, սպասեք էթամ դասերս սովորեմ՝ նոր գամ խաղանք: Շատ հարեւանասեր էր, ձմռանը նավթ էր առնում ու բաժանում էր փոքր երեխա ունեցող հարեւաններին: Մի անգամ էլ,- ասում է Վարդանուշ տատը,- հարեւանի էրեխեքին ասաց՝ էկեք մեր տնից նավթ գողացեք, ես մորս կխոսցնեմ, որ չնկատի: Բայց ես էդ էրեխեքին տեսա, ասացի՝ տանում են, թալանում են, բա մենք ինչ պիտի վառենք: Գագիկս ասաց՝ մամ ջա՜ն, ոչինչ, փոքր էրեխեքի տեր են, թող տանեն»:
Գագիկի մայրը չէր ուզում, որ տղան պատերազմ գնար, նույնիսկ մի անգամ պայուսակն էր պահել, բայց նա արդեն որոշել էր: Իսկ նրա որոշումները փոփոխության ենթակա չէին: Այսօր էլ Վարդանուշ տատը սպասում է որդուն եւ հավատում է, որ Գագիկը ուշ թե շուտ գալու է:
«Մի անգամ,- պատմում է տատը,- երազիս իբր Գագոս էկել- նստել էր մեր բալկոնում: Լուսամուտից տեսա՝ որ տղես ա, սաղ դարդերս մոռացա, ասի՝ բերե՛ք, բերե՛ք էն կովը մատաղ անենք: Գագոս ասաց՝ մա՛ ջան, հլը շուտ ա»:
Վերջերս հեռուստատեսությամբ մի տեսանյութ ներկայացվեց, որտեղ ցուցադրվում էին «Արծիվ 13» ջոկատի ազատամարտիկների դիերը: Տատը ուզում էր նայել այդ տեսանյութը: Մեկ էլ տեսար Գագիկի մասին ինչ-որ բան ասեն, բայց այդ երեկո հեռուստացույցի ալիքները ցույց չէին տալիս: Թոռները դիտմամբ կոտրել էին ալեհավաքը, որովհետեւ, անկախ ամեն ինչից, Գագիկին իր տանը միշտ են սպասելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել