Այսպիսին են Հայրենիքի իսկական նվիրյալները
Նոդար Մարգարյանը Թբիլիսիից էր: Ուսուցիչները հիշում են, որ հայոց պատմության դասերին Նոդարի աչքերը ուղղակի այրվում էին ցասումից, թե ինչու պետք է թշնամին իր ժողովրդին այդքան նեղություն տար: Դպրոցն ավարտելուց հետո եկավ Երեւան, ընդունվեց եւ գերազանցությամբ ավարտեց ԵՊՀ-ի մեխանիկայի եւ մաթեմատիկայի ֆակուլտետը: Հետո մեկնեց Թբիլիսի, որտեղ եղբոր հարսանիքին հանդիպեց ապագա կնոջը՝ Աղունին: Ամուսնացան ու վերադարձան Հայաստան: Սկզբում ապրեցին հանրակացարանում: Կինը պատմում է, որ երկար տարիներ հերթ են կանգնել բնակարան ստանալու համար: Բայց այդ ամենը նրանց չէր խանգարում, որ երջանիկ լինեին: «Նոդարը համեստ, բարի, սիրալիր մարդ էր ու հոգատար ամուսին»,- հիշում է տիկին Աղունը: Հանրակացարանի սենյակներից մեկում չորս երեխաներ ունեցող մի ընտանիք էր ապրում, նրանցից ոչ ոք չէր աշխատում: Աղունը պատմում է, որ Նոդարը միշտ փորձում էր ինչ-որ կերպ օգնել նրանց: «Նա նաեւ հոգատար հայր էր, ազատ ժամանակը զավակներին էր տրամադրում, նրանց միշտ տանում էր զբոսնելու, իսկ երբ սկսվեց արցախյան շարժումը, նա իրեն նվիրեց հայրենիքին»,- ասում է Աղունը:
Պատերազմ գնալու մասին Նոդարը կնոջը ոչինչ չէր ասել: Մի անգամ, երբ Նոդարը վերցրեց երեխաների նկարները, կինը հարցրեց, թե ինչի՞ համար են այդ նկարները: Նոդարը պատասխանեց՝ գործերի: Հետագայում Աղունն իմացավ, որ տղաները գնում են ռազմաճակատ: Նոդարը Մաշտոցի շրջանի ջոկատի անդամ էր, իսկ երբ 1990 թվականի սեպտեմբերի 20-ին ստեղծվեց Հատուկ գունդը, անդամագրվեց գնդին:
Զորամասում նա նշանակվեց կապի վաշտի հրամանատար եւ ապահովում էր 28 վաշտերի կապերը: Նոդար Մարգարյանի մարտական ընկերներից Գեղամը հիշում է, թե ինչպես մի անգամ Նոդարը իրեն խորամանկությամբ տուն ուղարկեց.«Ամիսներով գտնվում էինք Շահումյանի շրջանում, բոլորը հերթափոխ էին եղել, բացի ինձնից: Ընկերներս ամեն ինչ անում էին, որ տուն գնամ, ես չէի համաձայնում: Քանի որ Նոդարը կապի հրամանատար էր, ապա բոլոր տեղեկությունները ստանում էինք նրա միջոցով: Մի անգամ եկավ ինձ մոտ եւ ասաց, որ հայրս առողջական խնդիրներ ունի ու պիտի անպայման քաղաք գնամ: Երբ եկա տուն, հասկացա, որ գլխիս սարքել էին: Իսկ երբ Նոդարին հարցրի, թե ինչո՞ւ այդպես արեց, ասաց՝ ախր երեխաներդ մեղք են, քեզ շատ են կարոտել»:
Ընկերների հիշողության մեջ Նոդարը մնաց հանգիստ, կարգապահ, բարեհամբույր ու խելացի անձնավորություն: «Ես երբեք չեմ տեսել, որ Նոդարը ինչ-որ մեկին վիրավորի, նա մակարդակով էր, ցուցամոլ ու գոռոզ չէր, երբեք ցույց չի տվել, որ ինքը հրամանատար է»,- պատմում է Գեղամը:
Նոդար Մարգարյանը զոհվեց 1992 թվականին Մարտակերտի շրջանում, մարտական գործողությունների ժամանակ՝ թշնամու խրամատում: 1993 թվականին Մաշտոցի շրջանի տղաները Նոդարի ընտանիքին նվիրեցին բնակարան՝ Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասում: