Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դեժավյու»՝ արդեն նախկինում տեսած

Հունիս 05,2010 00:00

Երեւույթ, որից հնարավոր չէ խուսափել

«Ինձ մոտ հաճախ է առաջանում մի զգացողություն, երբ թվում է, թե ներկայի իրադարձություններն արդեն կատարվել են նախկինում: Դա շատ հաճախ վախի զգացողություն էր առաջացնում: Նույնիսկ ժամանակ է եղել, որ սկսել եմ հավատալ նախորդ կյանքին: Նաեւ կարծում էի, որ այս ամենը տեսել եմ երազում»,- պատմում է «դեժավյու» ապրած 20-ամյա Աննան:
«Դեժավյուն» այն զգացողությունն է, երբ քեզ թվում է, թե նախկինում արդեն եղել ես այս կամ այն իրադարձության մասնակիցը կամ վկան: Այլ բառերով ասած՝ թվում է, թե ներկան եղել է անցյալում: Այս երեւույթի մասին խոսվել է առնվազն Պլատոնի ժամանակներից: «Դեժավյու» ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է արդեն նախկինում տեսած: Տերմինի հեղինակը ֆրանսիացի հոգեբան Էմիլ Բուարակն է: Մարդկության 97 տոկոսը կյանքում գոնե մեկ անգամ ապրում է «դեժավյու»:
Տարբեր գիտնականներ տարբեր բացատրություն են տալիս այս երեւույթին: Ոմանք կարծիք են հայտնում, որ «դեժավյուն» կապված է ռեինկարնացիայի հետ, երբ մարդը մահանում է եւ այլ մարդու մարմնով նորից աշխարհ է վերադառնում: Ըստ որոշ հոգեբույժների տեսակետի՝ դա հիվանդություն է՝ էպիլեպսիայի «եղբայրը», չնայած այն լուրջ հետեւանքների չի կարող հանգեցնել, անգամ եթե հաճախակի է լինում: Որոշ մասնագետների կարծիքով էլ այն երազների արդյունք է:
Ֆիզիկոսները «դեժավյուն» դիտարկում են որպես ժամանակի խախտում: Անցյալը, ներկան եւ ապագան տեղի են ունենում միաժամանակ, եւ այդ խախտումը բերում է «դեժավյուի»:
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան Ռուբեն Պողոսյանը այս երեւույթը կապում է հեռազգացողության, մարդկային հիշողությունների հետ: «Մարդը, նույնիսկ, ներարգանդային շրջանից իր հիշողության մեջ պահպանում է ծնողներից փոխանցված ինչ-որ պատկերներ, հիշողություններ, որոնք մենք հաճախ անվանում ենք պատմական հիշողություն: Դրանք պահպանվում են մեր գլխում, մեզանից անկախ: Ոչինչ հիշողության մեջ չի կորչում: Եվ որոշ դեպքերում մենք, հայտնվելով ինչ-որ իրադրության մեջ, ծանոթ պատկերներ ենք տեսնում եւ մեզ թվում է, որ արդեն մի անգամ եղել ենք այդ իրավիճակում: Բայց իրականում մենք ոչ թե եղել ենք այդ վայրում, այլ հիշողություններում պահպանվել է որոշ պատկերներ, որոնք մենք նմանեցնում ենք այդ վայրի հետ»,- ասում է պարոն Պողոսյանը: Նա նաեւ նշում է, որ մարդկանց հիշողություն է փոխանցվում նաեւ տրանսգեներացիայի շնորհիվ: Սա մի երեւույթ է, երբ մարդկանց հիշողություններ են փոխանցվում իրենց նախնիներից:
Ըստ հոգեբանի, «դեժավյուն» այն դեպքերում է վտանգավոր, երբ մարդ չի կարողանում ինքնուրույն դուրս գալ անվերջ իրեն հետապնդող պատկերներից: Այս պարագայում անհրաժեշտ է դիմել հոգեբանի օգնությանը:
Կա կարծիք, որ «դեժավյուի» բարդացումները կարող են հանգեցնել էպիլեպսիայի: Հոգեբանը հաստատեց այս կարծիքը: Նա նաեւ տեղեկացրեց, որ բոլոր մարդկանց մոտ այս երեւույթը լինում է: «Անհնար է, որ չլինի, վերջին հաշվով բոլորս էլ ունենք անգիտակցական հիշողություններ, տրանսգեներացիոն կապեր, պատմական հիշողություն»,-ասում է պարոն Պողոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել