Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բայց ինչպե՞ս հրաժարվեի իմ երեխայից»

Հունիս 05,2010 00:00

Տատն ու պապը չեն ընդունում իրենց թոռանը, քանի որ վերջինս ծնվել է «ժամանակից շուտ»:

22 տարի առաջ էր, երբ տեղի ունեցավ Արմանի եւ Աստղիկի հարսանիքը: Ամեն ինչ հրաշալի էր, բայց հետագա իրադարձությունները փչացրին նախորդ օրվա ողջ ուրախ տրամադրությունն ու մթնոլորտը: «Գիտեի, որ կինս հղի էր, բայց չէի սպասում, որ տղաս յոթ ամսական կծնվի, էն էլ հարսանիքիս հաջորդ օրը»,- պատմում է Արմանը: Բանն այն էր, որ Արմանը եւ Աստղիկը նշանված էին մնացել ուղիղ երկու տարի եւ այդ ընթացքում Աստղիկը հղիացել էր: Բայց որոշել էին ծնողներին ոչինչ չասել, այլ ամեն ինչ պատմել հարսանիքից հետո: «Երբ իմացա, որ Աստղիկը հղի է՝ եւ՛ ուրախացա, եւ՛ տխրեցի, որովհետեւ գիտեի, որ ծնողներս դա լավ չէին ընդունի: Չգիտեի ինչ անել, ծանր հոգեկան վիճակի մեջ էի, բայց Աստղիկին ոչինչ չէի ասում, որպեսզի իրեն վատ չզգա ու չճնշվի»,- պատմում է Արմանը:
Արմանի ծնողները շատ ավանդապաշտ ու խիստ էին այդ հարցերում, դրա համար էլ Արմանը վախեցել էր նրանց այդ մասին պատմել: Որոշել էր հարսանիքից հետո ամեն ինչ պատմել՝ մտածելով, որ այդ դեպքում շատ ավելի հեշտ կընդունեն ամեն ինչ ու կհասկանան իրենց թույլ տված սխալը: Բայց Արմանը սխալվել էր, որ ծնողները դա կընդունեն: «Երբ ամուսնանում էինք, դեռ յոթ ամսական էր հղիությունս ու այնպես էի փորս պահում, որ ոչ ոք չէր նկատում հղիությունս: Դրա մասին գիտեինք միայն ես ու ամուսինս: Նրան միշտ ասում էի, որ շուտ ասի ծնողներին դրա մասին, որովհետեւ անընդհատ չեմ կարող փորս պահել եւ ամենավատն այն էր, որ դա կարող էր երեխայի վրա վատ անդրադառնալ: Բայց ես ասում էի՝ ես էլ լսում իմ ասածը, քանի որ Արմանը վախենում էր ծնողներին ասել»,- պատմում է Աստղիկը:
Հարսանիքի հաջորդ օրը բոլորը շատ ուրախ էին, բայց հանկարծ նորահարսը իրեն շատ վատ է զգում: Նրան անմիջապես հիվանդանոց են տեղափոխում՝ մտածելով, որ հարսի կույր աղիքն է ցավում: Բացի Արմանից ու Աստղիկից՝ ոչ մեկը չգիտեր, որ դա ոչ թե կույր աղիքի ցավերն են, այլ ծննդաբերության: «Ամբողջ ճանապարհին Արմանին խնդրում էի, որ ասի ծնողներին, բայց ռիսկ չարեց այդպես էլ: Ախր շատ ամոթ էր, որ բժիշկների մոտ նոր իմանային իմ հղիության մասին»,- պատմում է Աստղիկը:
Ծնողները շոկի մեջ էին, երբ բժիշկները հայտնեցին, որ իրենց հարսը հղի է եւ երեխան լույս աշխարհ կգա յոթ ամսական: «Չէի սպասում, որ ծնողներս նման կերպ կարձագանքեին: Մայրս հենց ծննդատնից հրաժարվեց իր դեռ չծնված թոռնիկից, իսկ հայրս սպասեց մինչեւ ծնվեց տղաս, իմացավ ինչ վիճակում է, նոր ինքն էլ հայտարարեց, որ դա իր թոռը չի: Երեխայի վիճակը ծանր էր, քանի որ յոթ ամսական էր ծնվել, բացի այդ՝ Աստղիկը անընդհատ փորը ներս էր քաշել, որ հղիությունը չերեւա, դրանից էլ ավելի էր վատացել երեխայի վիճակը: Նրան մի ամիս հիվանդանոցում պահեցին: Այդ մի ամսվա ընթացքում ծնողներս ոչ ինձ հետ էին խոսում, ոչ էլ՝ կնոջս, անգամ չէին հետաքրքրվում, թե ինչ վիճակում է գտնվում երեխան»,- պատմում է Արմանը:
Ծնողները խոսեցին միայն այն ժամանակ, երբ արդեն երեխայի վիճակը լավ էր եւ նրան հիվանդանոցից դուրս էին գրել: Արմանի մայրը թույլ չտվեց, որ երեխային իրենց տուն բերեն՝ ասելով, որ դա իր թոռը չի եւ որ ինքը երբեք նրան որպես իր թոռ չի ընդունի: «Սկեսուրս անգամ թույլ չտվեց, որ երեխային դռնից ներս մտցնեմ: Նա իր սենյակից գոռում էր, թե էդ «բիջ» երեխային իմ տուն չմտցնեք: Չեմ հասկանում, ո՞նց կարող էր իր հարազատ թոռանը նման բան ասել»,- ասում է Աստղիկը:
Ծնողները իրենց միակ որդուն այդ օրը դուրս հանեցին տնից՝ ասելով. «Գնա՜, ոնց ուզում ես ապրի»: Արմանին ոչինչ չէր մնում անել, քան նորածին որդու ու կնոջ հետ աներոջ տուն գնալ: «Մայրս, համոզված լինելով, որ երեխան իմն է, միեւնույն է՝ շարունակում է կրկնել, որ Աստղիկը ուրիշի երեխային փորձում է գլխիս փաթաթել: Խորհուրդ էր տալիս երկուսից էլ հրաժարվել ու նոր կյանք սկսել, հակառակ դեպքում՝ պետք է մոռանամ իրենց գոյության մասին: Բայց ինչպես հրաժարվեի իմ երեխայից: Միգուցե երբեւէ հորս ներեմ, բայց մորս այդ արարքի համար կյանքում չեմ ների»,- ասում է Արմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել