Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԻՆՉՈ՞Ւ ՍԿԶԲԻՑ ՉԱՍԱՑԻՐ»

Հունիս 05,2010 00:00

Կինը լքում է ամուսնուն՝ ամուսնական պարտականությունը չկատարելու պատճառով

Լիանան եւ Նարեկը ծանոթացել էին ընդհանուր ընկերուհու միջոցով: Որոշ ժամանակ շփվելով՝ հասկացել էին, որ ստեղծված էին միմյանց համար: Քանի որ հանդիպել էին բավական հասուն տարիքում (Լիանան՝ 25, իսկ Նարեկը 27 տարեկան էր), ամուսնանալու որոշումը շատ արագ էր կայացվել. «Կարծում էի, որ վերջապես գտել եմ այն տղամարդուն, ում հետ կցանկանայի ապրել ողջ կյանքս: Թեեւ երբեք իդեալներ ստեղծելով չեմ տառապել, բայց Նարեկը ինձ համար իդեալի պես մի բան էր»,- ասում է Լիանան: Որոշումը կայացնելուց հետո սկսվեց հարսանեկան արարողության պատրաստությունը. «Ի տարբերություն շատ երիտասարդների, ես եւ Նարեկը չէինք ցանկանում, որ հարսանիքի կազմակերպչական հարցերով մեր փոխարեն զբաղվեին մեր ծնողները: Քանի որ երկուսս էլ ֆինանսապես ապահովված ընտանիքներից էինք, փորձում էինք որեւէ հարցում չտնտեսել եւ ամեն ինչ անել հնարավորինս գեղեցիկ ձեւով»:
Թվում էր, թե հոկտեմբերի 15-ը՝ Լիանայի հարսանեկան արարողության օրը, նրա կյանքում լինելու էր ամենաերջանիկ օրերից մեկը, սակայն այն, ինչ կատարվեց հարսանիքից հետո, Լիանային կանգնեցրել էր բարդ ընտրության առաջ. «Հարսանիքիս օրը ինձ իսկապես երջանիկ էի զգում, ամեն ինչ ընթանում էր իմ եւ Նարեկի պատկերացրածից էլ լավ, կարծում էի, որ ամուսնանալուց հետո սկսվելու էր իմ կյանքի լավագույն շրջանը, հատկապես ուրախացնում էր այն միտքը, որ հարսանիքից երեք օր անց պետք է մեկնեինք Վենետիկ, սակայն ամեն ինչ փոխվեց հենց հարսանիքի գիշերը»: Նարեկի լավագույն ընկերներից մի քանիսը որոշել էին անակնկալ մատուցել եւ նրանց առաջին ամուսնական գիշերվա համար վարձակալել էին շքեղ սենյակ՝ քաղաքի հայտնի հյուրանոցներից մեկում, ինչը Լիանային շատ էր ուրախացնում, սակայն, ի զարմանս նրա, հյուրանոցում հայտնվելուց հետո Նարեկը խնդրում է, որ իրենց առաջին գիշերը անցկացնեն հաջորդ օրը, իսկ այդ ամենը պատճառաբանում է հոգնածությամբ. «Թեեւ Նարեկը իմ առաջին տղամարդն էր, սակայն ինչ-որ չափով դա ինձ տխրեցրեց, որովհետեւ Նարեկը այդ քայլով փչացրեց իր ընկերների անակնկալը: Սակայն այդ ամենին մեծ ուշադրություն չդարձրեցի, քանի որ, խոստովանեմ, շատ էի վախենում ամուսնական առաջին գիշերից: Սակայն որքան էլ որ վախենում էի, Նարեկի՝ երկրորդ օրն էլ ամուսնական պարտականությունից հրաժարվելը ինձ անհանգստացրեց: Եվ քանի որ մեկ օրից մեկնում էինք Վենետիկ, խնդրեցի ամուսնուս բացատրել, թե ինչ էր կատարվում իր հետ»:
Ամուսնու պատասխանից Լիանան վախենում էր, քանի որ խնդիրը փնտրում էր իր մեջ, սակայն այն, ինչ իրեն հայտնեց Նարեկը, ավելի սարսափելի էր. «Ամուսինս ինձ հայտնեց, որ հրաժարվում է սիրով զբաղվել ոչ թե ցանկության պակասի, այլ պարզապես անկարողության պատճառով, այլ կերպ ասած՝ իմպոտենտ է, դեռ ավելին՝ անպտուղ: Այդ ամենը լսելուց հետո, միակ հարցը, որ տվեցի՝ այն էր, թե ինչո՞ւ ինձ նախքան ամուսնությունը չէր ասել, սակայն Նարեկը դա բացատրում էր նրանով, որ վախենում էր ինձ կորցնել»:
Լիանան չգիտեր, թե ինչպես մխիթարեր ամուսնուն, թեեւ զգում էր, որ ինքը նույնպես մխիթարանքի կարիք ունի: Միակ բանը, որ կարողացավ ասել, այն էր, որ Նարեկը կբուժվի, սակայն վերջինս ասաց, որ հետազոտվել է շատերի մոտ, նույնիսկ արտերկրում, սակայն՝ անարդյունք, եւ միակ հույսն այն է, որ Լիանան իրեն չի լքի: Հաջորդ օրը, Վենետիկ մեկնելու փոխարեն, Լիանան վերադարձավ ծնողների տուն, մի քանի օր մտածելուց հետո կայացրեց իր որոշումը. «Գիտակցում էի, որ լքելով նրան՝ ես բամբասանքների թիրախ եմ դառնալու, ինչպես նաեւ բիծ էի դնելու իմ եւ ընտանիքիս անվան վրա, բայց չէի կարողանում ներել Նարեկին՝ նման բանը ինձնից թաքցնելու պատճառով: Ինքս էլ չգիտեմ, թե ինչպես կվարվեի, եթե Նարեկն ինձ ամեն ինչ պատմեր նախքան ամուսնությունը, սակայն ամուսնությունից հետո նման ճշմարտություն լսելը ինձ համար չափազանց դառն էր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել