Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անպատասխան սերը՝ շիզոֆրենիայի պատճառ

Հունիս 05,2010 00:00

35-ամյա Արամ Մինասյանը 15 տարի առաջ սիրահարվեց, իսկ 2 տարի անց նրա մոտ նկատվեցին հոգեկան շեղումներ:

«Ես գիժ չեմ, որ ինձ այստեղ եք պահում, դուրս թողեք, թե չէ, եթե ձեռքս դանակ ընկավ՝ սաղիդ կմորթեմ»,- օրը նվազագույնը 20 անգամ կրկնում է Նուբարաշենի հոգեբուժարանում գտնվող 35-ամյա Արամ Մինասյանը: (Նրա հետ առերես հանդիպել չհաջողվեց, որովհետեւ ծնողները եւ բժիշկները հավատացնում էին, որ վտանգավոր է):
Նա արդեն 15 տարի տառապում է շիզոֆրենիայով: «Արամիս հիվանդությունն անկանխատեսելի է, մեկ սկսում է սովորական դատող մարդու պես խոսել, մեկ էլ գազազում է, անսպասելի տեղից վեր է թռչում, վատ-վատ բաներ է ասում»,- պատմում է Արամի մայրը: Նա մինչ 2009 թվականը որդուն տանն էր խնամում, բայց վերջին մեկ տարում Արամն իր պահվածքով վտանգավոր էր դարձել նույնիսկ հոր եւ մոր համար: «Էլ անհնար էր, ամեն վայրկյան կարող էր մեզ մորթել, քանի անգամ հարեւաններն են օգնության հասել, մի կերպ դանակը ձեռքից խլել են, հաջորդ րոպեին Արամիս նոպան անցել է ու չի էլ հիշել, որ նման բան է եղել»,- լացակումած պատմում է Արամի հայրը:
Ըստ հոգեվերլուծաբան Սվետլանա Կիրակոսյանի, շիզոֆրենիան քրոնիկական ընթացք ունեցող հիվանդություն է, որի հիմքում ընկած են անձի ներաշխարհի փոփոխությունները, ուստի շիզոֆրենիայի առաջացման կոնկրետ պատճառ, որպես այդպիսին, կարող է եւ չլինել: «Շիզոֆրենիայով տառապող հիվանդները դառնում են քչախոս եւ ինքնամփոփ, խուսափում են անգամ մտերիմների եւ ընկերների հետ շփումից: Սկսում են հետաքրքրվել այնպիսի բաներով, որոնցով նախկինում երբեք չէին հետաքրքրվում՝ եւ հակառակը: Հիվանդների մի մասը ամբողջովին դադարում է մտածել, ոմանք էլ հաճախ լարված են, անընդհատ ինչ-որ տեղ են շտապում»,- պարզաբանում է հոգեվերլուծաբանը:
Ծնողները հավաստիացնում են, որ Արամը սիրուց է գժվել: 17 տարեկանում սիրահարվել է մի աղջկա, մոտ 2 տարի ամենուր հետեւել է նրան, փորձել է շփման եզրեր գտնել, բայց աղջիկն այդպես էլ նրա զգացմունքներին չի պատասխանել, իսկ երբ Արամը մեկնել է բանակ՝ աղջիկն ուրիշի հետ է ամուսնացել: «Մենք 2 Արամ գիտենք՝ մինչեւ 18 տարեկանը ու դրանից հետո: Այդ աղջկա մասին սկզբում ինձ շատ էր պատմում, խորհուրդներ էր հարցնում: Միշտ ասում էի, Արա՛մ ջան, էդ աղջիկը քեզ չի սիրում, ինչո՞ւ ես քեզ տանջում, դեռ երեխա ես, ուրիշին կսիրես, կամուսնանաս»,-հիշում է Գոհարը՝ Արամի քույրը: Յուրաքանչյուր այսպիսի խոսակցությունից հետո Արամը քրոջից նեղանում էր, ասելով. «Չես հասկանում՝ ես Արեւիկին գժի պես սիրում եմ, ուրիշի չեմ ուզում, ես մենակ իրեն եմ սիրելու, ինքն էլ ինձ, դե կտեսնեք»:
Շուտով Արամը լրիվ կորցնում է ինքնատիրապետումը: Ծնողները ստիպելով նրան հոգեբանի մոտ են տանում: Վերջինս ոչնչով չի կարողանում օգնել՝ Արամն արդեն հոգեբույժի կարիք ուներ: Մի քանի օր հոգեբուժարանում մնալուց հետո Արամը տեղափոխվում է տուն ու դեղերի օգնությամբ քիչ թե շատ առողջանում է, չնայած, մոր հավաստմամբ, միշտ էլ նոպաներ ունեցել է: «Արամս երբեք չի ընդունում, որ ինքը շեղումներ ունի: Ինձ թվում է՝ նույնիսկ աչքին բաներ են երեւում, որովհետեւ գիշերները չի քնում, վախենում է ինչ-որ հոգիներ իրեն խեղդեն»,- ասում է Արամի մայրը:
Հարազատների փոխանցմամբ, Արամն արդեն երկար տարիներ է՝ չի հիշում Արեւիկի մասին, հիմա նրա միակ թշնամիներն իրեն «գժանոց գցած» ծնողներն են, ովքեր հոգեբուժարանի սենյակում Արամի հետ միայնակ չեն մնում. տղան նրանց տեսնելիս նոպայի մեջ է ընկնում, հարձակվում է նրանց վրա, իսկ հետո հեկեկալով խնդրում է իրեն տուն տանել ու կաթով լողացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել