Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսկական սեր գոյություն ունի

Հունիս 05,2010 00:00

12 տարի անց կյանքը հնարավորություն է տալիս ամեն ինչ սկսել նորից

Արմինեի եւ Էդմոնդի սիրո պատմությունը բոլոր նման պատմությունների պես գեղեցիկ էր: 16 տարեկանից պատանիները պլանավորում էին իրենց ապագա կյանքը: Հասունացավ այն պահը, երբ իրենց հարաբերությունների մասին որոշեցին հայտնել հարազատներին: «Մտածում էինք՝ բոլորն էլ կուրախանան: Արդեն մեր նշանադրության օրն էինք որոշել: Մտքովս չէր էլ անցնում, որ ամեն ինչ նման ավարտ կունենա»,- պատմում է Արմինեն: Որոշվեց, որ յուրաքանչյուրն ինքը կպատմի իր ծնողներին: Պլանները կազմվեցին, բայց…… «Այդքան դժգոհ ու հիասթափված՝ իմ ծնողները երբեք չէին եղել: Նրանց չէր հետաքրքրում մեր սերը: Մտածում էին՝ երեխայական զգացմունք է եւ կանցնի: Ու այլեւս չթողեցին, որ հանդիպենք: Այդ պատճառով նույնիսկ տեղափոխվեցինք Մոսկվա»,- ասում է Արմինեն:
Մոսկվայում Արմինեն ընդունվեց պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ, իսկ Էդմոնդի մասին գրեթե ոչ մի տեղեկություն չուներ: Արմինեն միայն իր եղբոր խոսակցություններից էր հասկացել, որ Էդմոնդը շատ անգամ է ցանկացել գալ իր ետեւից, բայց եղբայրը խոչընդոտել էր: Արմինեն էլ իր հերթին ծնողների կամքին չէր ուզում հակառակվել: Կարծում էր, որ մեծերը սխալ խորհուրդ չեն տա. «Այնքան էին ասում, որ ինքն ինձ համար չէ: Ասում էին՝ ի՞նչ կարող է քեզ առաջարկել, դու մի օր էլ էդ կյանքի պայմաններին չես դիմանա: Այդ ժամանակ Էդմոնդը աշխատանք չուներ, ապրում էր հոր հաշվին, մեծ ընտանիքով բնակվում էին երկու սենյականոց բնակարանում: Բացի այդ՝ բանակ պիտի գնար: Ես էլ երեխա էի, այն էլ ծնողի յուրաքանչյուր խոսքը բացարձակ ճշմարտություն ընդունող երեխա: Բայց մեծերն էլ են երբեմն սխալվում»:
 Անցավ 7 տարի: Այդ ընթացքում նրանք չէին հանդիպել: Էդմոնդը ամուսնացել էր ու աղջիկ ուներ, իսկ Արմինեի կյանքում ոչինչ չէր փոխվել: Նույնն էին նաեւ Էդմոնդի նկատմամբ ունեցած նրա զգացմունքները: Էդմոնդը լավ աշխատանքի էր անցել եւ այդ ընթացքում այնպիսի կայացած ու նախանձելի տղամարդ էր դարձել, ինչպիսին Արմինեի ծնողները միշտ ցանկացել էին տեսնել իրենց աղջկա կողքին: Իր համար տուն էր գնել, աշխատում էր օդանավակայանում եւ, ինչպես հարեւաններն էին ասում. «Կնոջը թագուհու պես էր պահում»: Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ Արմինեն որոշ ժամանակով պետք է վերադառնար Հայաստան ու ճակատագրական հանդիպումն անխուսափելի էր: Նրանք հանդիպեցին: Ոչ ոք անցյալի մասին չէր հիշում: Էդմոնդի կինն ու երեխան Արմինեին շատ դուր եկան: Հաճախ միմյանց տուն էին գնում: Մի անգամ էլ Արմինեին ցույց տվեցին Էդմոնդի հարսանիքի տեսագրությունը. «Արդեն սովորել էի այն մտքին, որ Էդմոնդն ուրիշին է սիրում: Լինում է, չէ՞, երբ ցավոտ տեղը թմրում է ու քեզ համար արդեն սովորական է դառնում այդ ցավը: Երբ նայում էի հարսանիքի պատկերները, ինձնից անկախ Էդմոնդին ասացի, թե Մերին ոնց որ հղի լինի: Էդմոնդն էլ ասաց՝ ոնց որ չէ: Ու հետո հասկացա, որ Էդմոնդը ստիպված է ամուսնացել, որովհետեւ Մերին հղիացել էր»:
Բայց փաստն այն էր, որ Էդմոնդն արդեն ամուսնացած էր: Մի քանի ամիս հետո Արմինեն գնաց Ռուսաստան: Կարճ ժամանակ անց, սակայն, ստիպված էր վերադառնալ, քանի որ տատիկն էր մահացել, իսկ պապիկը մենակ էր ու խնամքի կարիք ուներ: Այս անգամ արդեն ընդմիշտ վերադարձավ: Էդմոնդն արդեն երկու երեխայի հայր էր: Նրանց երկրորդ հանդիպումն առաջինից ոչնչով չէր տարբերվում՝ հարաբերություններն ընկերական էին. «Ես զգում էի, որ ինքը երջանիկ չի: Հարցնում էի՝ Մերին ու երեխաներդ ո՞նց են, ասում էր՝ լավ են էլի, երեւի: Ու էն գիտակցումը, որ երկուսիս կյանքն էլ կոտրվել էր, մեղմ ասած, հաճելի չէր»:
Երեք տարի է՝ ինչ Արմինեն ու Էդմոնդը ապրում են իրար շատ մոտ ու միեւնույն ժամանակ չափազանց հեռու: Արմինեի խոսքերով, նա իր սեփական փորձով համոզվեց, որ իրական սեր գոյություն ունի եւ դա կարող է լինել եւ 16 տարեկանում, եւ 26: Իրական սերը չի մարում, թեկուզ անցնեն շատ տարիներ:
Հիմա Արմինեն բանկի աշխատակցուհի է ու չի մտածում անձնական կյանքում որեւէ փոփոխություն մտցնել: Բոլորովին վերջերս էլ իմացել է, որ Էդմոնդը կնոջից բաժանվել է: Համոզված է, որ անպայման կզանգի: Իսկ այն հարցին, թե ի՞նչ կպատասխանի, եթե Էդմոնդը առաջարկի ամեն ինչ սկսել նորից, քմծիծաղով ասաց. «Այդ առաջարկին սպասել եմ համարյա 12 տարի, բայց հիմա պատասխանը ինքս էլ չգիտեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել