Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՆԴԿԱԿԱՆ ՍԵՐ՝ ՀԻՄՆՎԱԾ ԱՆԿԵՂԾ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Հունիս 05,2010 00:00

25-ամյա Մարի Պողոսյանը միշտ երազել է ձեռք տալ արեւին եւ հիմա մտածում է, որ իր երազանքը կատարվել է:

\"\"

«Մի փոքր կյանքից հիասթափվել էի: Տղան, ով մի օր իմ թիկունքին կանգնել էր, եւ ես նրան որպես հարազատ էի ընկալում, մի օր ցույց տվեց իր իսկական դեմքը: Պարզվեց՝ իմ «հարազատ ընկերը» փորձում է օգտվել իմ անպաշտպան լինելուց: Հրավիրեց սրճարան… փորձեց ինձ բռնի համբուրել… ես մի կերպ ազատվեցի նրա ճանկերից: Այդ օրվանից մի տեսակ հակակրանք առաջացավ տղաների, հատկապես՝ հայ տղաների նկատմամբ…»,- պատմում է Մարին։ Նա իրեն շատ վատ էր զգում, դարձել էր դյուրագրգիռ: Մի օր էլ վիճելով հորեղբոր աղջկա հետ (միասին վարձով ապրում էին Երեւանում), հեռանում է տնից. «Ես Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի դիզայներական բաժնում էի սովորում: Մեզ հանձնարարում էին բնության գրկում նկարել: Այդ օրն էլ նյարդերս հանգստացնելու համար նստեցի Հաղթանակի այգու խոտերին եւ սկսեցի նկարել»: Մարին նկատում է իրեն մոտեցող ոտքեր, հետո լսում. «Այդ ի՞նչ եք նկարում: Գլուխս բարձրացրի: Իմ դիմաց կանգնած էր մի հնդիկ երիտասարդ: Նա ինձ հետ հայերեն էր խոսում: Ասաց, որ իմ նստած ձեւից կարծել է՝ ես հնդկուհի եմ»: Հնդիկ երիտասարդը «տեղավորվում» է հայուհու կողքը եւ սկսում իր «հարցազրույցը»՝ փորձելով իմանալ, թե ինչ է աղջկա անունը, որտեղ է սովորում եւ այլն: «Ես էլ նրան պատասխանում էի՝ ինքս էլ նրա մասին հետաքրքրվելով»,- ասում է Մարին:
Մի քանի օր հետո, ըստ Մարիի, պատահաբար հանդիպում է Պռաշանդին (այդպես էր երիտասարդի անունը): «Ես ծիծաղում էի, երբ նա մի կերպ էր խոսում հայերեն: Ինձ խնդրեց՝ իրեն սովորեցնեմ հայերեն, փոխարենը նա ինձ պետք է անգլերեն սովորեցներ»,- պատմում է Մարին: Ըստ նրա՝ ամենասկզբից Պռաշանդի հետ հարաբերությունները հիմնված էին մաքուր եւ անկեղծ ընկերության վրա. «Մենք տեղյակ էինք միմյանց գաղտնիքներից: Կես բառից հասկանում էինք իրար: Շատ էի սիրում իմ ազատ ժամանակը նրա հետ անցկացնել: Ոչ մի օր միապաղաղ չէր անցնում: Անընդհատ անակնկալներ, անակնկալներ… Մի օր էլ զանգեց ու կանչեց այն այգի, որտեղ առաջին անգամ հանդիպել էինք: Թիկունքին պահած ձեռքը պարզեց: Ապշել էի՝ կապույտ վարդ»: Ընկերության չորս տարիների ընթացքում Մարին Պռաշանդից շատ բան է սովորել՝ սկսած որդ ուտելուց՝ մինչեւ մարդկանց նվիրվելն ու վստահելը: «Քույրս ասում էր, որ Պռաշանդը հաստատ սիրահարված է ինձ: Պարզապես լռում է, չի ասում, բայց գործում է՝ այդ ընթացքում տաքացնելով իմ սիրտը իր նկատմամբ: Ես չէի հավատում: Հետո մտածում էի՝ ես էլ նրան որպես ինձ շատ հարազատ ընկերոջ եմ սիրում…»,- հիշում է Մարին: Բայց ընկերության հինգերորդ տարում Մարին զգում է, որ Պռաշանդն այլեւս որպես ընկեր չի վերաբերվում, այլ՝ սիրած տղամարդ. «Ինձ թվում էր՝ ես իմ զգացմունքներն արդեն չէի կարողանում վերահսկել: Ինքս մտածում էի՝ թե՛ Պռաշանդը, թե՛ բոլորը գիտեն իմ զգացմունքների մասին: Ես երազում էի այն պահը, երբ Պռաշանդը կասի. «Ես քեզ սիրում եմ»:
Մի օր էլ Պռաշանդը ընկերական հավաքույթ է կազմակերպում: Երբ բոլորին ճանապարհում է, Մարիին խնդրում է մի քիչ սպասել: «Կամուսնանա՞ս ինձ հետ՝ միանգամից հարցրեց Պռաշանդը: Ես, առանց երկար մտածելու, պատասխանեցի՝ այո,- ժպտում է Մարին,- իմ երազած արտահայտությունն էլ չլսեցի»:
Եթե Մարիի համար կարեւոր չէր իր սիրած տղայի ազգությունը, ապա նրա հայրը կտրականապես դեմ էր: Հայ հայրիկին երկու շաբաթվա ընթացքում համոզում է Մարիի քույրը: Մարիի կարծիքով, ամենաբարդ հարցի լուծումը ինքն ու Պռաշանդը լուծել էին. «Փեսացուս խոստացել էր, որ իմ կրոնը չեմ փոխելու: Կայցելեմ այնտեղի հայկական եկեղեցի: Իսկ ապագա երեխաներին երկու կրոնն էլ կմատուցենք, իրենք էլ կընտրեն իրենց ցանկացածը»,- ասում է Մարին:
2009-ի հունիսի 30-ին տեղի է ունենում Մարիի եւ Պռաշանդի քաղաքացիական ամուսնությունը, իսկ նույն տարվա հուլիսի 2-ին Հնդկաստանում հնդկական ավանդույթներով ամուսնանում են: Մի քանի օր առաջ ծնվեց ամուսնական զույգի սեւահեր, սպիտակամորթ եւ կապուտաչյա առաջնեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել