Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գրքերի նկատմամբ սերը չի մարել

Հունիս 05,2010 00:00

\"\"Հայերին հոգեբանական գրքերը եւ մանկական գրականությունը ավելի են հետաքրքրում, քան
հայ դասականները եւ ժամանակակից գրողները

70-ական թվականներին Մարշալ Մաքլյուենը իր «Գուտեմբերգի գալակտիկա» գրքում կանխատեսել է, որ գալու է ժամանակ, երբ տպագիր գիրքն իր տեղը զիջելու է հաղորդակցության այլ տեսակներին: Ճշտելու համար, թե այդ ժամանակը արդեն եկե՞լ է, թե՞ ոչ, որոշեցինք այցելել գրախանութներ: «Գրքերի աշխարհ» գրախանութի աշխատակցուհի Անի Հակոբյանը նշեց, որ այցելուներ շատ ունեն եւ տարիների ընթացքում նրանց թիվը աճում է: «Շատ են գնում մանկական գրականություն, հոգեբանությանը, օտար լեզուներին վերաբերող գրքեր: Քիչ է հետաքրքրությունը հայ եւ հատկապես ժամանակակից հայ գրողների նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ լավ գրողներ չունենք: Այս իրավիճակը մեզ ստիպեց կազմակերպել գրական քննարկումներ՝ ժամանակակից գրողների ստեղծագործությունների վերաբերյալ»,- նշում է Անին: Հաճախորդներից մեկի՝ 21-ամյա Աննայի կարծիքով, պատճառն այն է, որ մեր ժամանակակից գրողներին եւ նրանց ստեղծագործությունները լավ չեն գովազդում, եւ ընթերցողներն էլ, պարզ է, չճանաչելով նրանց՝ գրքերը չեն գնում: Անի Հակոբյանը ասում է, որ իրենց գրախանութ ավելի շատ տղամարդիկ են հաճախում, մշտական հաճախորդների մեջ էլ տղամարդիկ գերակշռում են, բայց տարիքային առումով որեւէ խումբ դժվարացավ առանձնացնել: Ըստ նրա, գրքերի նկատմամբ սերը չի մարել, չնայած այսօր շատերը ընթերցանության իրենց պահանջը բավարարում են ինտերնետով: Կորյունի փողոցում գտնվող գրախանութներից մեկի աշխատակցուհի Սյուզաննա Շահնազարյանը, ով վեց տարվա աշխատանքային փորձ ունի, կարծում է, որ ինտերնետով հետաքրքրվում են հիմնականում երեխաները, իսկ միջին տարիքի մարդիկ եւ մեծահասակները՝ կարդում են:
18-ամյա Լիլիթը ասում է, որ գրախանութներ չի հաճախում, գրքեր ձեռք է բերում գրադարաններից կամ ինտերնետում է փնտրում: «Գրքեր չգնելը դեռ չի նշանակում, որ մարդ չի ընթերցում: Ես գրականություն շատ եմ սիրում, բայց գիրք գնելը ֆինանսական խնդիրների հետ է կապված»,- ասում է նա: Կան մարդիկ (հատկապես՝ մեծահասակները), ովքեր ինտերնետից գիրք չեն կարողանում կարդալ: «Ես տպում եմ թղթի վրա եւ նոր կարդում: Թոռներս միշտ ասում են, որ հին մարդ եմ, բայց ինձ համար ոչինչ չի կարող փոխարինել գրքին, էջերը թերթելու սովորությանը: Երբ գիրքը ձեռքդ բռնած ընթերցում ես՝ քո եւ գրքի միջեւ կապ է առաջանում, իսկ համացանցով ընթերցելիս այդ կապը չես զգում»,- ասում է 56-ամյա Գագիկ Սիմոնյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել