Լրահոս
Օրվա լրահոսը

Պարը նույնպես թմրամիջոց է

Հունիս 05,2010 00:00

Մանավանդ՝ եթե պարուսույցը երիտասարդ է եւ հմուտ

Մի ամբողջ ժամ բարձր երաժշտություն, թեժ լատինաամերիկյան մթնոլորտ, բազում ժպիտներ ու սիրահարված աչքեր: Հենց այսպես էր ամեն ինչ, երբ ներկա էի լատինաամերիկյան (սպորտային) պարերի սիրողական խմբի պարապմունքներին: Իսկ այդ ամենն ապահովում էր սպորտային պարերի պարուսույց, միջազգային կարգի մրցավար Արմեն Հարությունյանը (անունը փոխված է՝ շուտով պարզ կլինի, թե ինչու): Ամեն օր ժամը 18- 21-ը նրա պարային դահլիճում բազում կանայք ու աղջիկներ վայելում են լատինաամերիկյան կրքեր: Պարապմունքի ընթացքում դժվար չէր նկատել, որ սիրողականներից յուրաքանչյուրն անհամբերությամբ սպասում էր, թե երբ է հայտնվելու Արմենի գրկում ու պարելու նրա մարմնի թելադրանքով: Իսկ այդ անհամբերության պատճառը պարզեցի Արմենի հետ զրույցում: «Գրեթե բոլորը սիրահարված են ինձ: Դա ես չեմ ասում, իրենք են մոտենում ու խոստովանում: Բայց ծանր չեմ տանում»,- ծիծաղելով խոստովանում է Արմենը:
Սիրահարված լինելը եւ Արմենի հետ պարելու անհագ ցանկությունը շատ կանանց ու աղջիկների դրդում է անհատական պարապմունքների: Այսինքն՝ շաբաթական առնվազն երեք անգամ մեկ ժամով ամբողջ դահլիճը, Արմենի ողջ ուշադրությունը, ժպիտն ու ամուր ձեռքերը միայն քոնն են: Իսկ այդ հաճույքի մեկ ժամն արժե «ընդամենը» 5000 դրամ: «Սկզբում բոլորն էլ խմբով են գալիս, հետո իրենք են մոտենում եւ անհատական պարապմունքի ցանկություն հայտնում»,- ասում է Արմենը: Իսկ իմ այն հարցին՝ եղե՞լ են դեպքեր, երբ գումարը փորձեն իջեցնել կամ գուցե թանկ լինելու պատճառով հրաժարվեն անհատական պարապմունքներից, նա շատ ինքնավստահ ասաց. «Ինձ համար ժամը 20 000 դրամով էլ կպարապեն: Բայց ես էլ խիղճ ունեմ, մեղք չե՞ն: Չնայած կարելի է գները բարձրացնել, հիմա ամեն ինչն էլ թանկացել է»:
Իմ դահլիճ գնալու օրը Արմենը երկու անհատական պարապմունք ուներ. առաջինը ժամը 19-ին, երկրորդը՝ 20-ին: Դեռ 18.30 էր, երբ դահլիճ մտավ գեղեցկադեմ, մոտ 25 տարեկան մի աղջիկ: Անցնելով հանդերձարան՝ սուրճ դրեց, պայուսակից հանեց Արմենի սիրած քաղցրավենիքները (այդ մասին հետո Արմենից էի իմացել) ու սպասում էր՝ մինչ Արմենը կավարտի նախորդ պարապմունքը: Սրճելուց հետո նրանք սկսեցին պարային դասը: Ժ. 19.50-ին եկավ մի ուրիշ գեղեցկուհի, եւս ոչ դատարկ ձեռքերով: Այս մեկն էլ Արմենի համար ճաշի սեղան գցեց: Համոզվելու համար, որ ջանքերն ապարդյուն չեն, դահլիճի մի ծայրից մյուսը շատ գայթակղիչ ձայնով հարցրեց. «Հաստատ սոված ես, չէ՞»: Դրական պատասխան ստանալով՝ աչքերն էլ ավելի փայլեցին: Իսկ մեր նախորդ գեղեցկուհու հայացքն ասում էր. «Ես քեզ հաջորդ դասին ցույց կտամ, թե Արմենիս ինչպե՞ս է պետք կերակրել»: Այս հոգատարության ու մրցակցության մասին Արմենը խոսում է հաճույքով. «Բա որ տոն օրերին գաք: Մեկը մյուսից ընտիր նվերներ եմ ստանում՝ ի՞նչ վատ ա, որ: Համարյա ամեն դասին էլ նրանց հաշվին եւ՛ ուտում եմ, ե՛ւ խմում: Ամեն ինչ փոխադարձ է. նրանք ինձ վճարում են, լավ նայում են, ես էլ ընենց հաճելի պահեր եմ մատուցում, որ նույնիսկ իրենց ամուսիններն ի վիճակի չեն: Հետո փողերս հաշվելով՝ գնում եմ տուն»: Իսկ տանը նրան սպասում են կինն ու երկու երեխան: Կինը՝ Անիտան (անունը փոխված է), եւս սպորտային պարերի պարուսույց է, բայց դասավանդում է միայն փոքրիկներին: Նրա խոսքերով, Արմենին խանդելու ոչ մի առիթ չունի, վերջինս իր աշխատանքն է կատարում:
Արմենի հետ զրույցում անկեղծ ասացի, որ շատ դժվար է հասկանալ այդ աղջիկներին ու կանանց: Նրանցից շատերն ունեն հաջող ընտանիք ու հոգատար ամուսին, վերջապես Արմենն էլ շատ հեռու է Ալեն Դելոն լինելուց: «Իսկ ձեզ ո՞վ ասաց, որ իմ արտաքինը նրանց ճաշակով է: Նրանք սիրահարվում են պարի շնորհիվ եւ պատրաստ են ցանկացած խենթության՝ ավելի շատ զգալու այդ հաճույքը: Դա մոլուցք է, հիվանդություն, թմրադեղ, չգիտեմ՝ ամեն ինչ»,- ասում է Արմենը: Ապացուցելու համար, որ ես էլ կարող եմ դառնալ այդ խենթ աղջիկներից մեկը, Արմենն առաջարկեց ինձ պարել իր հետ: Համաձայնեցի… Չեք պատկերացնի՝ ինչ են անում մարդու հետ այդ պտույտները, իջեցում-բարձրացումները, հպումները եւ վերջապես հենց ինքը՝ Արմենը: Եթե ժամանակին կանգ չառնեի, չհավաքեի իրերս ու դահլիճից դուրս չգայի՝ հաստատ հաջորդ անհատական պարապմունքն իմը կլիներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել