32-ամյա Ալինա Ազիզյանը 9 տարի աշխատել է դպրոցում, հիմա պարզվում է՝ միջնակարգի դիպլոմը բավարար չէ դասվար լինելու համար:
Ալինա Ազիզյանը, ավարտելով Արարատ քաղաքի պետական ինդուստրիալ տեխնոլոգիական տեխնիկումի մանկավարժականի դպրոցական բաժինը՝ որպես դասվար, 5 տարի աշխատել է Արարատ քաղաքի եւ հետո 4 տարի Վայքի դպրոցներից մեկում՝ որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի: «Վերադառնալով Արարատ քաղաք՝ ցանկանում էի նորից անցնել աշխատանքի այն դպրոցում, որտեղ ես սովորել էի եւ հետո նաեւ 5 տարի աշխատել: Բայց դպրոցի տնօրենն ասաց, որ իմ կրթության փաստաթուղթը չի բավարարում այդտեղ աշխատելու պահանջներին եւ մերժեց: Նա նաեւ ավելացրեց, որ իմ գիտելիքների վրա չի կասկածում, պարզապես «վերեւից» կգան ստուգումների եւ կիմանան, որ այստեղ տեխնիկումավարտ ուսուցիչ է աշխատում»,- ասում է Ալինան: Ըստ նրա, այդ հոսքի տակ շատ ուսուցիչներ ընկան, եւ նրանք ստիպված եղան նորից տարբեր պետական եւ ոչ պետական բուհերի հեռակա բաժիններում իրենց կրթությունը շարունակելու: «Բայց այդ բուհերում սովորելը միայն մի թղթի կտոր է քեզ տալիս՝ տանելով քո ժամանակը, գումարը եւ ոչ մի գիտելիք չավելացնելով: Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլիներ քննություններ անցկացնել դպրոցներում աշխատող ուսուցիչների միջեւ եւ ըստ այդմ որոշել՝ ով աշխատի, ով՝ ոչ: Դիպլոմով որակը որոշելը, ըստ իս, սխալ է: Ինձ թվում է՝ տեխնիկումի իմ ստացած գիտելիքները միանգամայն բավարար էին ինձ աշխատելու համար, դա վկայում է գոնե իմ 9 տարվա աշխատանքը»,- ասում է Ալինա Ազիզյանը: Իսկ մեկ այլ 44-ամյա մանկավարժ, ով չցանկացավ ներկայանալ, ամաչում է նստել իր երեխաների տարիքի ուսանողների հետ միեւնույն ուսանողական նստարանին: «Ի՞նչ արած, ստիպված եմ: 20 տարուց ավելի աշխատել եմ որպես դասվար, բայց հիմա բուհի դիպլոմ չունենալու պատճառով ստիպված եմ հեռակա սովորել: Աշխատանքս տուն պահելու միակ միջոցն է»,- ասում է նա: Բուհ էլ գնում է իր «նյարդերի հաշվին». «Երեխայի նման մի երկու տող դասախոսություն ենք սերտում, գնում քննություն հանձնում: Բայց դրանո՞վ եմ ես մանկավարժ դառնալու»:
1965-ից գործող Արարատ քաղաքի ինդուստրիալ տեխնոլոգիական տեխնիկումի (այժմ կոչվում է Արարատի պետական քոլեջ) նպատակն էր եղել ապահովել տարածաշրջանում բուռն զարգացում ապրող արդյունաբերական ձեռնարկություններին միջին մասնագիտական կրթություն ունեցող մասնագետներով: Քոլեջն ունի նաեւ հումանիտար բաժիններ: Եթե նախկինում պետական քոլեջի շրջանավարտները կարողանում էին իրենց համար աշխատանք գտնել, ապա ներկայումս, ըստ քոլեջի տնօրեն Ազատ Հակոբյանի, այդ հարցը իրեն մեծ մտահոգություն է պատճառում. «Այստեղ են գործում «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն, Ոսկու կորզման ֆաբրիկան: Բայց նրանց հետ կապը շատ է թուլացել, չկա պատվերներ տալու եւ մասնագետներ պահանջելու ձգտում»: Պարոն Հակոբյանը սխալ է համարում նաեւ այն, որ գործատուները նախապատվություն են տալիս ոչ պետական բուհերի, եւ ոչ պետական միջին մասնագիտական կրթական հաստատությունների դիպլոմներին: «Պետական քոլեջային համակարգը խոցելի դարձնող խնդիրներից է մասնավոր գրեթե բոլոր բուհերի՝ այս կամ այն գյուղում, շրջկենտրոնում սնկի նման ծլող, ամպագոռգոռ անվանումներով, քանդ ու քարափ սենյակներում ծվարած մասնաճյուղերի առկայությունն ու անվերահսկելի գործունեությունը: Պետք է դրվի այդպիսի ուսումնական հաստատությունների անհրաժեշտության հարցը»,- ասում է Ազատ Հակոբյանը: Ըստ նրա, հանրակրթության բնագավառի լուրջ թերությունները արդյունք են վերջին տարիներին դրսից, «գուցե թե պարտադրված», փորձարարությունների ներմուծմանը: Պարոն Հակոբյանի համոզմամբ, այս ամենի հետեւանքով տարիներ հետո հանրակրթության բնագավառի առկա խնդիրների վերագնահատման անհրաժեշտություն կարող է առաջանալ: «Պարզունակորեն կոմերցիոնացված եւ օպտիմալացված կրթական համակարգի արդյունքում մասնավոր բուհերն ամբողջությամբ եւ պետական բուհերի հեռակա բաժինները հեղեղված են ուսանողներով, որոնք վաղը-մյուս օրը պիտի կրթեն մեր զավակներին ու թոռներին եւ չի էլ բացառվում, որ հենց նրանք էլ բախտորոշ դերակատար պետք է լինեն մեր երկրի ապագայում»,- ասում է պարոն Հակոբյանը:
«Պետությունը պետք է մտածի՝ գյուղական քոլեջների առկայությամբ կլուծվեն նաեւ տարածաշրջանային բազմաթիվ խնդիրներ, տարածաշրջանին հաղորդելով կենդանություն, թարմ շունչ ու հոգի: Մայրաքաղաքից դուրս քոլեջների առկայությունը կապահովի կրթության շարունակության լուրջ խնդիրները, տվյալ տարածաշրջանին հատուկ բուհական մասնագիտությունների ուսուցումը, նաեւ էապես կբեռնաթափի մայրաքաղաքը, կկասեցնի մարդկանց անզուսպ հոսքը մարզերից Երեւան, կթուլացնի սոցիալական լուրջ լարվածությունը հանրապետությունում, կլուծի գյուղական երիտասարդությանը գյուղում պահելու խնդիրը»,- ասում է քոլեջի տնօրենը: