Լրահոս
Օրվա լրահոսը

Իգական սեռը՝ ուժեղ սպորտում

Հունիս 05,2010 00:00

Կանանց բռնցքամարտն արդեն օլիմպիական մարզաձեւ է համարվում

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքներ տանել՝ հայ բռնցքամարտուհիներին օլիմպիական խաղերում ներկայացներու համար: 2012թ.-ին աշխարհում առաջին անգամ կանանց սիրողական բռնցքամարտը հանդես կգա որպես օլիմպիական մարզաձեւ:
«Ինքս դեմ եմ, որ աղջիկը այսպիսի ծանր սպորտաձեւով զբաղվի: Հայ աղջիկը պետք է միշտ ընտանիքում լինի: Առհասարակ՝ կինը նուրբ էակ է, նրան միշտ պետք է սիրել,- ասում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հարությունյանը եւ հավելում,- սակայն որպես ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ես պարտավոր եմ անել ամեն ինչ, որ Հայաստանը հետ չմնա որեւէ երկրից եւ թիմով ներկայանա սպասվող խաղերին: Ճիշտ է, առանձնապես հակված չեմ, որ Հայաստանում զարգանա աղջիկների բռնցքամարտը, բայց եթե աշխարհում արդեն ընդունվել է եւ կա, ապա ինչո՞ւ մենք էլ չունենանք»:
Բռնցքամարտի օլիմպիական հավաքականի 15 քաշային կարգերից 3-ը պետք է աղջիկները ներկայացնեն: Հայաստանում հավակնորդներից մեկը 20-ամյա աշտարակցի Աշխեն Սիմոնյանն է, ով այժմ բռնցքամարտի օլիմպիական դպրոցի սան է: Նա մինչ այդ՝ զբաղվել է նաեւ քիք-բոքսինգով: Աշխենն արդեն 12 տարի զբաղվում է այս սպորտաձեւերով եւ առայժմ միտք չունի դադարեցնելու, դեռ շատ անելիքներ ունի։ «Ես շատ դժվարությունների միջով եմ անցել: Հասարակ փորձությունն անգամ իմ դեպքում դժվար էր, քանի որ շատ անգամ միակ պարապող աղջիկն եմ եղել, եւ դա ինքնին բարդ գործ էր: Բայց ես դեռ պետք է հասնեմ իմ նպատակին. դրա համար արդեն իսկ շատ զոհողությունների եմ գնացել»,- ասում է մարզուհին: Աշխենը չի հրաժարվի սիրելի սպորտաձեւից նույնիսկ այն դեպքում, եթե դա պահանջի իր սիրած տղան. «Մինչ այժմ նման խնդիր չեմ ունեցել: Բայց եթե ապագայում ես այդպիսի այլընտրանքի առաջ կանգնեմ, անպայման կընտրեմ բռնցքամարտը, որովհետեւ կարծում եմ, որ եթե իսկապես սիրում է, ապա պետք է ընդունի տվյալ մարդուն այնպես, ինչպես նա կա»: Աղջիկը պատրաստվում է մասնակցել օլիմպիական խաղերին եւ ամեն ինչ անում է վերջինիս բարձունքը նվաճելու համար: Նրան այս գործում օգնում են սիրելի մարզիչը՝ Հարություն Նազարյանը, եւ ընտանիքի անդամները: «Աշխենից մեծ սպասելիքներ ունենք: Նա շատ պատասխանատու եւ նպատակասլաց աղջիկ է: Բռնցքամարտի հանդեպ նրա սերը մեզ էլ է օգնում աշխատել եւ համատեղ ուժերով հաջողությունների հասնել»,- ասում է Աշխենի մարզիչը:
Այս ամենով հանդերձ՝ աղջիկը երբեք չի կորցնում իր կանացի նրբությունն ու գեղեցկությունը: Շատերի կարծիքով դա անհնարին է, բայց Աշխենը բոլորիս ապացուցեց, որ կինը կարող է զբաղվել նման սպորտաձեւերով եւ չկորցնել կանացի հմայքը: Տեսնելով նրան ե՛ւ ռինգում, ե՛ւ ռինգից դուրս, ինքս համոզվեցի, որ իսկապես հնարավոր է ամեն ինչ համատեղել. մնում է միայն ցանկանալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել