Լրահոս
Օրվա լրահոսը

40 տարիների դիմաց՝ հոգեկան հանգստություն

Հունիս 05,2010 00:00

 Մելանյա Լալայանը խաղի ու երգի միջոցով է իր աշակերտներին լեզու սովորեցրել

Իր կյանքի 40 տարիները Մելանյա Լալայանը նվիրեց Սարդարապատի միջնակարգ դպրոցին: Այդ տարիների ընթացքում իրեն հասակակից կոլեգաների պես նա կարողացավ հասկանալ «մի պարզ ճշմարտություն»: «Եթե նորից սկսեմ կյանքս, էլի կլինեմ մանկավարժ ու էլի գերմաներեն կդասավանդեմ»,- ասում է նա:
Նա երկու անգամ սեմինար դասընթացներ է անցել Գերմանիայում, երկու անգամ եղել է նաեւ Ավստրիայում, ու թեեւ մեկնել էր ավստրիացի հոգեւորական Ալբերտի հրավերով (նրա հետ ծանոթացել էր պատահաբար՝ Հայաստանում) դպրոցի շրջանակներից դուրս, այնուամենայնիվ ցանկացավ ծանոթանալ տեղի կրթական համակարգին: «Եվ բուհեր գնացի, եւ դպրոցներ: Զրուցեցի այնտեղի ուսուցիչների հետ, տեսա, թե ինչ հնարավորություններ ունեն ավստրիացի աշակերտները, որից, ցավոք, մեր երեխաները զուրկ են»:
 Հաճախ տիկին Լալայանը փորձում էր խաղի ու երգի միջոցով լեզու սովորեցնել: «Որ նոր էր եկել Գերմանիայից, մեր դասարանի էրեխեքի համար փոքրիկ նվերներ էր բերել: Կապում էր մեր աչքերը, նվերը ինչ-որ տեղ էր դնում, հետո գերմաներեն բացատրում էր, թե որ ուղղությամբ գնանք, որ գտնենք մեր նվերը: Շատ հետաքրքիր էին իր սովորեցրած երգերը: Մինչեւ հիմա հիշում եմ, ոչինչ չեմ մոռացել»,-ասում է նրա նախկին աշակերտուհի Արփինե Գեղամյանը: Ժենյա Պողոսյանը նույնպես, նրա նախկին աշակերտուհին, ժպիտով է հիշում իրենց 10-րդ դասարանի ճանապարհորդությունը Մոսկվա՝ դասղեկ Լալայանի հետ: «Հասանք տեղ եւ մենք երեք աղջիկներով թունավորվեցինք, ճանապարհին երեւի ինչ-որ բան այն չէինք կերել, պառկեցինք, իրիկունը տղաները եկան մեզ տեսնելու՝ զրուցեցինք, իրենք իրենց տպավորություններն էին պատմում, էդ ընթացքում էլ ծխում էին, գնալուց ծխախոտի տուփը մոռացան մեզ մոտ: Առավոտյան հավաքարարը ներս մտավ, էդ տուփը տեսավ ու սկսեց գոռգոռալ, անպատվել մեզ, մտածում էր՝ մենք ենք ծխել, էդ պահին ընկեր Լալայանը մտավ ներս ու ասաց, որ դա իրենն է, ինքն է ծխել, հավաքարարը հանգստացավ ու գնաց: Հետո արդեն տղաների վրա ջղայնացավ, մոտները մի հատիկ ծխախոտ չթողեց»,- պատմում է Ժենյան:
Դպրոցի տնօրենը՝ Անահիտ Մանուկյանը, հիշում է. «Էն դժվար տարիներին, մթության մեջ, իր քնի հաշվին նա թելերից շոր էր գործում իր ուսանող երեխաների համար, էդ դժվարությունների մեջ նա ոչ մի վայրկյան չկոտրվեց, իրենց ընտանիքի ջերմությունն ու սերը երբեք չպակասեց: Եվ դա հենց նրա շնորհքն էր»:
Աշխատանքի 40 տարիների ընթացքում տիկին Լալայանը հոգեկան հանգստություն ձեռք բերեց եւ հանգիստ գնաց թոշակի: «Ես բավարարված եմ իմ գործից, հիմա տեղս սիրով զիջում եմ երիտասարդներին»,- ասում է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել