Փոքր ժամանակ Անահիտը խոստացավ իր ընկերներին՝ հայտնի դառնալ եւ կատարեց իր խոստումը
«Հիշում եմ՝ ձմեռ էր, երեխաներով սահնակ էինք խաղում: Ես կանգնեցի բարձր տեղում եւ սկսեցի երգել ու դերասանություն անել: Ես ասացի ընկերներիս. «Կտեսնեք՝ կմեծանամ, հայտնի մարդ կդառնամ, ինձ հեռուստացույցով ցույց կտան, ես էլ ձեզ կողջունեմ, նոր կիմանաք»,- պատմում է 20-ամյա Անահիտ Կիրակոսյանը: Իր խոսքը այս տարի նա կատարեց, բայց դրա մասին հետո:
Անահիտը ծնվել է Վանաձոր քաղաքում, մի քանի տարի ապրել Մինսկում, նորից վերադարձել հայրենի քաղաք, հետո ընտանիքով տեղափոխվել են Երեւան, բայց միշտ կարոտում է Վանաձորի բնության բույրը: Դեռ փոքրիկ Անահիտը շատ է սիրել իր շուրջը հավաքել մարդկանց, երգել, պարել. «Միշտ գիտեի, որ դերասանուհի եմ դառնալու, բայց վախենում էի այդ մասին ընտանիքում խոսել: Հայրս շատ խիստ էր: Միշտ ասում էր՝ դերասանի մասնագիտությունը դժվար է, պատասխանատու եւ անշնորհակալ»: Ընտանիքում եթե Անահիտի մայրը կարող էր իր երազանքի իրականացումը՝ դերասանուհի դառնալը, տեսնել աղջկա միջոցով, հայրը աղջկա ցանկությունը չխրախուսեց: «Ինձ ասաց. կտեսնես՝ ոչ մի դեր չես ստանալու, ոչ մի բանի չես հասնելու, որովհետեւ հիմա ամեն ինչը փողով եւ ծանոթով է որոշվում»,- ժպտում է Անահիտը: Ի տարբերություն մորը՝ հայրը աղջկա ցանկությունը չխրախուսեց:
Դպրոցն Անահիտն ավարտում է ոսկե մեդալով: Պատրաստվում է քննություններին. անընդհատ հետեւել է Երեւանի կամերային երաժշտական թատրոնի ղեկավար Դավիթ Հակոբյանի խորհուրդներին: Ընդունելության հայտում նշելով միայն անվճար բաժինը՝ ընդունվում է Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ: «Ես համոզված էի, որ կընդունվեմ, որովհետեւ դա շատ էի ցանկանում: Սա միակ մասնագիտությունն է, որ բացարձակապես իրավունք չունես սխալվելու: Եթե սխալվեցիր, ուրեմն չես արժանանա ծափահարության: Քննության մտել էի համոզված եւ իմ կարգախոսով. եթե ինչ-որ բան շատ ես ուզում, անպայման ունենում ես»,- պատմում է Անահիտը: Իսկ ներկայացման մեջ գլխավոր դերասանուհու առաջարկ ստացել է դեռ ընդունելության քննություններին պատրաստվելիս: «Դավիթ Հակոբյանն ասաց, որ ինձ համար դեր ունի: Շատ ուրախացա: Ասացի՝ ինչ դեր, ուզում է մոմի լինի՝ կկատարեմ: Ինձ տարավ թատրոն: Մի ամբողջ կայացած դերասանական կազմ կար այնտեղ»,- պատմում է Անահիտը: Դավիթ Հակոբյանը իր նոր «Անուշը» բեմադրության դերասանական կազմն էր հավաքել: «Բոլորին դերեր բաժանելուց հետո ասաց, որ Անուշի դերը կատարելու է իր կողքին կանգնած աղջնակը՝ ես: Ապշել էի»,- ասաց Անահիտը: Այդ դերում Անահիտին ընտրելը հետագայում թատրոնի ղեկավարը պարզաբանեց. «Ասաց, որ իրեն պետք էր անփորձ մի դերասանուհի: Եթե դերասանուհին փորձված լիներ, նա կհասկանար դերի լրջությունը եւ հնարավոր է՝ լավ չստացվեր: Ասաց. «Դու այն ժամանակ իրոք մի տասնվեցամյա Անուշ էիր»,- հիշում է Անահիտը: «Անուշը» ներկայացման պրեմիերան հետաձգվեց, բայց ոչ Անահիտի անփորձության պատճառով: «Դեղնախտով հիվանդացա: Բժիշկներն ասել էին, որ պետք է 6 ամիս պառկեմ՝ լյարդի հետ խնդիրներ չունենալու համար: Բայց այդքան սպասել հնարավոր չէր: Նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ «Անուշը» ներկայացման պրեմիերան: Ես հավատում եմ, որ մտնում ես բեմ՝ փոխվում ես: Տրամադրեցի ինձ, որ ես ուրիշ մարդ եմ: Առողջացա»,- ասում է Անահիտը: Ներկայացումը մեծ արձագանք ստացավ. եղան ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կարծիքներ: «Այդ օրը շատ էի հուզվել: Հաստատ ավելորդ էմոցիայով էի խաղում»,- խոստովանում է դերասանուհին:
Երեք տարի է՝ «Անուշը» ունի իր հանդիսատեսը: Հիմա էլ Անահիտը զարմանում է, երբ իրենից կուլիսներում ստորագրություն են ուզում: «Ես դերասան եմ, իմ գործն եմ անում, ինչպես ուսուցիչը, բարմենը: Պարզապես մեր գործը տեսնում է հանրությունը եւ գնահատում: Ոչնչով չի տարբերվում ուրիշ աշխատանքներից»,- ասում է 20-ամյա դերասանուհին: Ըստ նրա, բեմը հնարավորություն է տալիս իրեն բացվելու, լինելու այնպիսին, ինչպիսին չի կարողանում լինել կյանքում: Դեռ իրական կյանքում չէր սիրել, սիրուց չէր խելագարվել, բայց բեմում սիրուց խելագարված Անուշի դերը խաղաց: «Այնտեղ կա բուռն սեր, կիրք, գրկախառնում: Կյանքում երբեք նման բան չեմ ապրել եւ նույնիսկ կամաչեմ այդ ձեւով սիրել»,- ժպտում է Անահիտը: Բարդույթներից Անահիտը բեմում էլ լիովին չի ձերբազատվել. «Կարող եմ մինչեւ վերջ ցույց տալ, թե ինչքան եմ սիրում, բայց երբ հերթը հասնում է «ֆիզիկականին»՝ համբուրվելուն եւ այլն, չեմ կարողանում»: Իրական կյանքում երբ սիրահարվեց՝ չկարողացավ սիրած տղային սեր խոստովանել, ամաչեց, հիմա երազում է Պուշկինի «Եվգենի Օնեգին» բեմադրության մեջ համարձակ Տատյանայի դերը խաղալ:
Այս տարի Անահիտ Կիրակոսյանը մասնակցեց Հայրենական պատերազմի հաղթանակի 65-րդ ամյակին նվիրված երաժշտական մրցույթին, որը կազմակերպել էր «Միր» միջազգային հեռուստաընկերությունը: «Իմ վոկալի դասախոս Հարություն Խաչատրյանը ասաց, որ կա այդպիսի երաժշտական մրցույթ: Պետք է ներկայացնեմ Հաղթանակի օրվան նվիրված մի երգ: Ես սիրողական մակարդակով նվագում եմ կիթառ: Վերցրեցի կիթառս եւ երգեցի «Կապույտ թաշկինակ» երգը: Առաջին փուլում անցա հնգյակի մեջ»,- պատմում է Անահիտը: Երկրորդ փուլ անցնողը պետք է ներկայացներ Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում: Հաղթողն Անահիտը չէր: «Մի քանի օր հետո ինձ զանգում են Մոսկվայից: Ասում են, որ այդ մրցույթի երկրորդ փուլում չհաղթած բոլոր մասնակիցների երգերը դրվել էին ինտերնետում, եւ այստեղ հանրության քվեարկության միջոցով ԱՊՀ երկրները ներկայացնողներից ես էի հաղթել»,- ասաց Անահիտը: Նրան հրավիրում են Մոսկվա՝ եզրափակիչ համերգին մասնակցելու: Այստեղ կազմակերպիչների ցանկությամբ կատարում է Հաղթանակի օրվան նվիրված «Իմ սիրելի քաղաքը» երգը: «Մրցույթում մեկը պետք է հաղթեր: Բայց այնքան լավ էր կազմակերպված, որ մի քանի անվանակարգեր ավելացրին»,- ասում է Անահիտը: Նա ստացավ մրցանակ՝ լավագույն զգացմունքային կատարման եւ խորության համար: «Ինձ այնտեղ հարցրին, թե ո՞րն է իմ ամենասիրելի քաղաքը, ես ասացի՝ իմ հայրենի Վանաձոր քաղաքը եւ ողջունեցի վանաձորցիներին: Այդ պահին հիշեցի այն ժամանակ իմ ընկերներին խոսք տվածս»: