Լրահոս
Օրվա լրահոսը

Դիպլոմի հետ նաեւ մեդալներ

Հունիս 05,2010 00:00

ԵՊՀ-ում կրթությունը եւ սպորտը եղբայրներ են. մնում է միայն իրար հետ ապրել

\"\"
Դ. Կարապետյանը՝ մեդալակիրների հետ:

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիան հանրապետության առաջնություն էր կազմակերպել, որին մասնակցում էր նաեւ Երեւանի պետական համալսարանի թիմը: Համալսարանական մարզիկները մի քանի քաշային կարգերում ներկայացան եւ մեդալներ նվաճեցին:
Ներկայացված հինգ մարզիկներից ոչ ոք առանց պարգեւատրման չմնաց: ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Մայիս Ղուշչյանը արժանացավ ոսկե մեդալի, Ավիկ Սիմոնյանը (քիմիայի ֆակուլտետ, 1-ին կուրս) եւ Արտյոմ Աբովյանը (աշխարհագրության ֆակուլտետ, 1-ին կուրս) 2-րդ տեղ գրավեցին եւ արժանացան արծաթե մեդալի, երկու հոգի էլ՝ Արմեն Սահակյանը (կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, 1-ին կուրս) եւ Արուս Հակոբյանը (ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս) նվաճեցին բրոնզե մեդալներ:
ԵՊՀ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի վարիչ Սարգիս Սանթրոսյանի կարծիքով, նման հաջողությունները առաջին հերթին պայմանավորված են մարզիչների բարեխիղճ աշխատանքով. «Մարզիչների շնորհիվ է, որ մրցման են ուղարկվում լավագույնները: Մենք անցկացնում ենք փորձնական մրցումներ եւ անհատական աշխատում բոլոր ընտրվածների հետ»: Բացի այդ, Սանթրոսյանը բարձր գնահատեց նաեւ ուսանող-մարզիկների ձգտումը, ովքեր թեեւ դժվարությամբ, բայց համատեղում են սիրելի մարզաձեւը եւ ուսումը:
«Համատեղելն իսկապես հեշտ չէ, քանի որ ոչ բոլոր դասախոսներն են ընդառաջում եւ թույլ տալիս բացակայել դասերից՝ մարզումներին հաճախելու համար,- ասում է ԵՊՀ քիք-բոքսինգի հավաքականի անդամ Ավիկ Սիմոնյանը:- Շատ եմ կապված այս մարզաձեւի հետ: Այժմ ինձ շատ է օգնում եւ ոգեւորում մարզիչիս նվիրվածությունը, ով ամեն պահի մեր կողքին է»:
Ավիկի մարզիչ Դավիթ Կարապետյանի խոսքերով, ճիշտ է՝ մեր մարզիկները մեծ ձգտում ունեն, բայց շատ բան կախված է նյութատեխնիկական բազայից, որը մեզ մոտ կաղում է. «Յուրաքանչյուր մարզաձեւ նախ եւ առաջ բիզնես է եւ կապված է մեծ գումարների հետ: Մարզիկին անհրաժեշտ է մարզահագուստ, համապատասխան սպորտային պարագաներ եւ մարզվելու համար գոնե նվազագույն պայմաններով դահլիճներ»: Այս խնդրի լուծման համար արդեն որոշ քայլեր են ձեռնարկվել: Ամբիոնի վարիչն ասաց, որ այս տարի մասամբ վերանորոգվել են մարզադահլիճները, իսկ եղանակի կարգավորվելուն պես՝ կվերանորոգվի նաեւ մինի-ֆուտբոլի մարզադահլիճի տանիքը, որն այժմ խիստ անմխիթար վիճակում է: Իսկ համալսարանականներին մնում է այնպես անել, որ կրթություն եւ սպորտ «եղբայրները» ոչ միայն չխանգարեն, այլեւ նպաստեն մեկը մյուսի կայացմանը: Այդ ժամանակ, գուցե, ԵՊՀ-ական մարզիկների մեջ կհայտնվեն ապագա չեմպիոններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել