Լրահոս
Օրվա լրահոսը

Շպարգալկաիզմ

Հունիս 05,2010 00:00

Դասախոսները «գաղտնազերծում» են ուսանողների ծածկագրային քաղաքականությունը

Համալսարանում հիմա քննական շրջան է, ուսանողները փութաջանորեն պատրաստվում են միջանկյալ քննություններին: Բայց «պատրաստվել» ասածը տարբեր ուսանողների մոտ տարբեր է. մեկն օրուգիշեր պարապում է, մյուսը վերջին օրվան է թողնում իր պարապմունքը, բայց վերջին օրն էլ տրամադրություն չի ունենում, մեկ այլ ուսանող էլ շատ լավ է պատրաստվում արտաքնապես. այցելում է գեղեցկության սրահ, հագնում է իր «տեղ գնալու» հագուստը եւ հավուր պատշաճի ներկայանում է քննության: Իսկ ուսանողների մի մեծ խումբ քննության է ներկայանում՝ զինված ծածկագրերի, ուսանողական լեզվով ասած, շպարգալկաների վերջին տեխնիկայով: «Մի՛ պատկերացրեք, թե հեշտ է շպարգալկա պատրաստելը: Ես օրուգիշեր չարչարվել եմ, որ պատրաստեմ տասը թեմայի շպարգալկա»,- ասում է իմ ընկեր մի ուսանող: Եվ նա դեռ պատրաստել է «ամենաշաբլոն» տարբերակը՝ փոքրիկ թղթի վրա մանր գրել թեմաները:
Ծածկագրեր պատրաստելը մեծ հնարամտություն եւ հմտություն է պահանջում: Ծածկագրերից օգտվելու շատ հետաքրքիր ձեւեր կան, օրինակ՝ ականջակալներով լսել ձայնագրած տեքստը, հարցի պատասխանները գրել ձեռքերին եւ ոտքերին, ծածկագրերը թաքցնել շորերի մեջ, ոտքերի արանքում, ոտքերի տակը եւ այլն: Նույնիսկ վերջերս ստեղծվել են հատուկ գրիչներ ծածկագիր պատրաստելու համար. գրիչով գրում ես թղթի վրա, թանաքն անգույն է, եւ գրվածը երեւում է գրչի ծայրի լույսը վրան գցելիս: «Ես երբեք չեմ օգտվում ծածկագրերից, ինքս շատ եմ պարապում, սովորում եմ բոլոր թեմաները, քանի որ ոչ ծածկագրերից օգտվելու հմտություն ունեմ եւ ոչ էլ առանձնապես ցանկություն: Չնայած, երբեմն նկատում եմ, որ արտագրողներն ավելի բարձր են ստանում, քան ինքնուրույն գրողները»,- ասում է իմ մեկ այլ ուսանող ընկերներից մեկը:
Բնական է, որ քննություն վերցնող դասախոսները հնարավորինս պայքարում են ծածկագրերի դեմ։ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի Ռադիոժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ եւ դասախոս Մուշեղ Հովսեփյանը ասում է. «Ես ծածկագրերին դեմ եմ, ընդհանրապես չի կարելի օգտվել դրանցից: Տարբեր տարիներ լինում են դեպքեր, երբ ուսանողներն արտագրում են, հիմնականում հավաքում եմ ծածկագրերը, խիստ չեմ պատժում, բայց առավել կարգազանցներին դուրս եմ հանում»: Պարոն Հովսեփյանը հիշեց մի շատ հետաքրքիր դեպք. «Մոտ չորս տարի առաջ մեկը ծածկագիրը ռեզինով ամրացրել էր թեւին, տեսնում եմ՝ գրում է, մոտենում եմ՝ ծածկագիրը չկա, հետո հասկացա. ռեզինով քաշում էր, ծածկագիրը գալիս էր, երբ մոտենում էի, ռեզինը թողնում էր, եւ ծածկագիրն անհայտանում էր»:
«Նախապատրաստական» մեծ աշխատանքի հետ մեկտեղ՝ ինչպիսի՜ ահուսարսափի պահեր է ապրում ուսանողը վախը սրտում՝ մինչեւ վերջացնում է արտագրելը, կարելի է ասել, կյանքի կեսն անցնում է: Այսքան փորձություններից հետո, մեկ է, արիուտես, փորձված դասախոսը շատ լավ է ընկալում, թե ով է արտագրում, ով՝ ոչ: «Ստուգելիս, իհարկե, տարբերում ենք արտագրածը, հիմնականում դասագրքային են: Լինելով մանկավարժ՝ հենց լսարանում ենք զգում՝ ուսանողի նայվածքից, նրա շարժուձեւից»,- ասում է պարոն Հովսեփյանը:
Ուրեմն եկե՛ք ուսանողներով գանք այն պարզ եզրահանգմանը, որ ժամանակի եւ առողջության (լսել եմ, որ վախից շատ հիվանդություններ են առաջանում) զուր կորուստ է ծածկագրեր պատրաստելը եւ դրանցից օգտվելը: Հավատացե՛ք, շատ ավելի հեշտ ու հաճելի է պարապել, մի երկու բան ավելի իմանալ եւ սեփական քրտինքով գնահատական ստանալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել