Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐՎԱ ՄԵՂԵԴԻՆԵՐ

Հունիս 05,2010 00:00

Իմ լավ ընկերներից մեկը շուրջ 20 տարի Գյումրիում չէր եղել, վերջին անգամ այս քաղաքը տեսել էր երկրաշարժից հետո, երբ ամեն ինչ ավերված էր եւ բոլորը՝ փլատակների տակ: Հետո այս բոլոր տարիներին չէր այցելել Գյումրի, քանի որ սրտում դեռ այն պատկերներն էին, որոնց մասին անգամ հիշողություններից՝ մարդու միտքը սարսռում է: Վերջերս իմ ընկերն այցելեց Գյումրի եւ պարզապես ապշեց: Անգամ լավ երազում չէր պատկերացնում, որ քաղաքը դեռ կա, որ մարդիկ այստեղ նույն ջերմն ու մարդամոտն են, իսկ գյումրեցու հումորը չէր անհետացել եւ կարծես հառնել էր երբեմնի փլատակներից: Գյումրիում դեռ շա՜տ գործ կա, բայց «հայրաքաղաքը» նորից սկսել է շնչել եւ ապրել: Մի քանի պատառիկներ արձանագրեցինք ես եւ իմ բարեկամը, որը սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

\"\"
Երբեմնի «օրինացերկրական», այժմ՝ նորաթուխ «բարգավաճական», ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանին պատկանող «Ալեքսանդրապոլ» գարեջրի գործարանի պատին եռագույնի եւ ԲՀԿ-ի դրոշների ներքեւի մասում, չգիտես ինչ տրամաբանությամբ, փակցված է այս ցուցատախտակը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Սամվել Բալասանյան: Ըստ մեր տեղեկությունների, ԲՀԿ-ն փորձելու է Գյումրիում ուժեղանալ այս պատգամավորի եւ մեկ այլ գյումրեցու՝ Մարտուն Գրիգորյանի շնորհիվ, սակայն գյումրեցիներն արդեն խոսում են այն մասին, որ նոր նշանակված մարզպետ Աշոտ Գիզիրյանը լայնածավալ աշխատանք է սկսել «հայրաքաղաքը համատարած» հանրապետականացնելու ուղղությամբ: Եթե հաշվի առնենք, որ այստեղ նաեւ ՕԵԿ-ն ու ՀԱԿ-ն են տիրապետում որոշակի ուժերի, ուրեմն դժվար չէ պատկերացնել, թե նախընտրական շրջանում ինչ կկատարվի հանրապետության երկրորդ քաղաքում:

\"\"
«Պոլոզ Մուկուչ» սրճարանում լավ գարեջուր են մատուցում եւ անասելի աղի պանիր: Ընդհանրապես՝ այս սրճարանում կարծես ժամանակը կանգ է առել եւ իշխում է «պոլոզմուկուչական» դարաշրջանը:

\"\"
Սրանք հոսանքի գծեր են, որոնք հիշեցնում են ցուրտ ու մութ տարիները, երբ տարբեր լարանցումներով մենք փորձում էինք «լեւի գիծ» ունենալ: Իսկ հիմա թեպետ այդ «լեւիի» կարիքը չկա, բայց, չգիտես ինչու, Գյումրիի քաղաքային իշխանությունները չեն մտահոգվում այս վտանգավոր գծերով:

\"\"
Ներս մտնողին «Պոլոզ Մուկուչում» մաղթում են՝ «Անուշ լինի», իսկ դուրս եկողների համար բայի ժամանակաձեւը փոխվում է, դառնալով՝ «Անուշ եղավ»:

\"\"
Գյումրեցի մեր գործընկերների ներկայացմամբ, սա հայտնի «Հեղնար աղբյուրն է»: Գյումրու քաղաքապետը լավ կաներ մեծ-մեծ խոսելու փոխարեն, հանձնարարեր, որ այս հուշարձանի ետնամասը մաքրվեր եւ բարեկարգվեր, քանի որ ջուր խմողները սրտխառոց են ունենում՝ հուշարձանի ետնամասի զուգարանային բույրերի պատճառով:

\"\"
Սա գյումրվա հայտնի Վարպետաց փողոցն է: Այստեղ ամեն ինչ այնքան հին է եւ այնքան ծանոթ: Այս փողոցում են գտնվում Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանները: Նոր օրերի գյումրեցի օլիգարխները հասցրել են այս փողոցը եւս աղտոտել՝ իրենց ճոխ եւ տարածքին չհամապատասխանող առանձնատներով:

\"\"
Այս տանն է իր մանկությունն անցկացրել սիրված դերասան Մհեր Մկրտչյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել