Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հունիս 05,2010 00:00

\"a\"
ԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնչորսերորդ

ՀԱՐԱՏԵՎ ՇԱԽՄԱՏ

Եվ Սամսոնն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «կներեք անհամեստությանս համար, բայց ձեզ կարող եմ հավաստիացնել, որ մեր հաճախորդներից շատերը հատկապես այս ռեստորան են հաճախում, որպեսզի նվաստս անձամբ սպասարկի իրենց», եւ Նինան ժպտալով ասաց՝ «չեմ էլ կասկածում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «սրանից հետո մենք էլ հաճախ կգանք», եւ Սամսոնը ժպտալով ասաց՝ «չեմ էլ կասկածում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց մենք էլ անսխալական չենք. երբեմն մենք էլ ենք մեր գործի մեջ թերանում», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ե՞րբ եք թերացել», եւ Սամսոնը ժպտալով ասաց՝ «հենց էս պահին» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «փոխանակ բանկետի սեղանը հավաքեմ, կանգնել՝ շաղակրատում եմ» ու էդ ասելով՝ Սամսոնը գնաց, եւ հիմա արդեն զգում եմ, որ էսպես ու էսքանով պիտի ավարտեմ իմ ու Պոտյոմկինա Նինայի պատմությունը, որովհետեւ, եթե հիշում եք, իմ ու Նինայի պատմությունն սկսեցի Ծաղկաձորում եւ Ծաղկաձորում էլ մտադիր էի ավարտել, մինչդեռ արդեն ամիսուկես է Ծաղկաձորից վերադարձել ու դեռեւս չեմ կարողանում Պոտյոմկինա Նինայից վազն անցնել, եւ չնայած հասկանում եմ, որ ընթացիկ ասելիքիցս շեղվելով՝ մի քիչ շուտ ու մի քիչ շատ խորացա անցած դարի ութսուներկուսի դեկտեմբերի սկզբներին սկսված ու ծայր առած իմ ու Պոտյոմկինա Նինայի չափազանց անձնական հարաբերությունների մեջ, այդուհանդերձ, հեչ չեմ փոշմանել, որովհետեւ արդեն տարուց ավելի էր՝ Իսրայելյան Աննան դժգոհելով ահազանգում էր առ այն, որ վեպիս սիրային կտորներն ակնհայտորեն քչություն են անում, եւ ես ուղղակի պարտավոր էի Պոտյոմկինա Նինայի ընկերակցությամբ անցկացրած առնվազն էդ առաջին մի քանի օրերին անդրադառնալ՝ թեկուզեւ Իսրայելյան Աննայի պես բարեխիղճ ու նրբաճաշակ մի ընթերցող չկորցնելու համար, եւ, Աննայից էլ բացի, Հակոբյան Տիկոն էլ էր հետեւողականորեն շարունակում պահանջել Մոսկվայի մեր հանրակացարանային կյանքին անդրադառնալ, եւ չնայած Տիկոյի պահանջն ամենեւին էլ իմ ու Պոտյոմկինա Նինայի հարաբերություններին չի վերաբերում, ես մի կետից պիտի սկսեի եւ ահա՝ Պոտյոմկինա Նինայից, Սանյայից, Սոկոլովից ու մյուսներից սկսեցի, բայց, այդուհանդերձ, սկսելուս հիմնական ու հիմնավոր պատճառն Աննայի ընթերցողական պահանջն ու նախասիրությունն էր, որովհետեւ ինքս էլ Աննայի պես գտնում եմ, որ նորմալ ու ընթեռնելի վեպն անպայման պիտի համեմված լինի սիրային տեսարաններով, բայց էս ասածս ամենեւին էլ չի նշանակում, թե Իսրայելյան Աննային բացառապես սիրային տեսարաններն են հետաքրքրում. հաստատ էդպես չի, եւ Աննային ոչ միայն սիրային տեսարաններն են հետաքրքրում, այլեւ ու առաջին հերթին՝ մարդկային ճակատագրերը, եւ դա է պատճառը, որ Իսրայելյան Աննան անընդհատ հետաքրքրվում է, թե հիմա որտեղ է եւ ինչ է անում Տիմոշենկոյի դպրոցի իմ համադասարանցի Հրուշը, եւ հիմա առիթից օգտվելով՝ ուզում եմ Աննային ու ձեզ տեղեկացնել, որ Մետաքսի Տիմոշենկոյի դպրոցի իմ համադասարանցի Հրուշն արդեն տարիուկես կլինի՝ Ֆրանսիայի Մարսելում է՝ իր աղջկա ու փեսայի մոտ, ու էս պահի դրությամբ Մարսելն ու Ֆրանսիան ոչ միայն Հրուշին, Հրուշի աղջկան ու Հրուշի թոռներին են լիասիրտ ու լիաթոք ժպտում, այլեւ՝ Հրուշի եղբայր ու իմ պատանեկության ընկեր Նվերին ու նրա ընտանիքին, եւ չնայած Հրուշն ու Նվերը Մարսելից ու Ֆրանսիայից ինձ ոչ մի անգամ չեն զանգել, իրենց մասին, ինչպես տեսնում եք, ահագին տեղեկություն ունեմ՝ շնորհիվ իմ համադասարանցի ու Հրուշի ամենամոտիկ ընկերուհի Կարինեի, որին ու որի ընտանիքին բաժին հասան Նվերի «Ընտանեկան լոտոյի» տեղն ու սեղանը, եւ Կարինեի ասելով՝ Հրուշը, Նվերն ու բոլորն էնտեղ՝ Մարսելում արդեն աշխատանք ունեն, եւ եթե Կարինեն էդ բանն ինձ չասեր, ես ինքնուրույն մտածելով էլ կարող էի գլխի ընկնել, որ Հրուշենց գործերը լավ են, որովհետեւ կյանքիս ու մանավանդ էս վերջին տարիների կյանքիս փորձից գիտեմ, որ եթե մարդիկ քեզ չեն հիշում ու չեն զանգում, ուրեմն՝ էդ մարդկանց գործերը լավ են, բայց էս ասածս Հրուշին չի վերաբերում, որովհետեւ, Կարինեի ասելով, Հրուշն էս վեպս ինտերնետով լավ էլ կարդում ու երբեմն էլ ինձնից հարցուփորձ է անում, բայց էս ընթացքում Հրուշն ու Նվերն ինձ ոչ մի անգամ չեն զանգել, եւ իրավունք ունեմ ենթադրել, որ ինձ չեն կարոտում ու կարիքս չունեն, եւ փառք Աստծո՝ որ էդպես է, որովհետեւ տարիներ շարունակ իմ ու ուրիշների կարիքն զգալով՝ երբեւէ իմաց չեն արել, ու էսօրվա դրությամբ հատկապես իրենք ինձանից ու բոլորից անկախ ապրելու ու երջանիկ լինելու իրավունքն ունեն, բայց Հրուշի կարիքը Երեւանում ու Հրուշի շրջապատում չափազանց է զգացվում, որովհետեւ Հրուշի տեսակը հազվագյուտ տեսակ է. Հրուշի տեսակը կնոջ էն տեսակն է, որի անհրաժեշտությունը մարդիկ հատկապես ծանր ու դժվարին պահերին են զգում, եւ Հրուշի տեսակը հատկապես հոգեհանգստի ու թաղման արարողությունների ժամանակ է հայտնվում, եւ ճիշտ ժամանակին հայտնվելով ամուսնուն, զավակին կամ ծնողին կորցրած ընկերուհիների, հարեւանուհիների ու բարեկամուհիների կողքին՝ իրեն իրավունք է վերապահում հեկեկացող կամ աղաղակող որդեկորույս մորն ասել՝ «քեզ պինդ պահի, ախչի՛. մյուս էրեխեքիդ էլ ես պետք», կամ, ասենք, ամուսնուն կորցրած կնոջն ասել՝ «քեզ մի կոտորի, ախչի՛. սրանից հետո դու քո էրեխեքի համար համ մեր ես, համ էլ՝ հեր», կամ՝ առանց քաշվելու կարող է ծնողին կորցրած ընկերուհուն, հարեւանուհուն կամ բարեկամուհուն ասել՝ «ինքը իրանը լավից-վատից ապրեց. քեզ ընենց պահի, որ գոնե իրա չափ ապրես ու էրեխեքիդ գլխին ըլնես», եւ կնոջ էս տեսակին երեւի Աստված է էս իրավունքները շնորհել, եւ եթե նույնիսկ չի էլ շնորհել, սրանք էդպես կարծելով՝ իրենք են իրենց էդ տեսակ իրավունքներ լիուլի շնորհում, եւ սրանց կարիքը մշտապես բոլորն են զգում, եւ չնայած Հրուշը կնոջ էդ տեսակն է, ինքն էլ է շատ հաճախ իրեն էդպես բարեկամաբար սաստողի եւ ուշքի բերողի կարիքն զգացել, բայց քանի որ կնոջ էդ տեսակը հազվագյուտ ու բացառիկ է, բնականաբար՝ չի կարող ամենքին մեկական Հրուշ բաժին հասնել, եւ էս կյանքում հատկապես Հրուշին Հրուշ չհասավ, որովհետեւ բոլորը սովոր էին, որ միշտ Հրուշը պիտի բոլորին հասներ, եւ չնայած իր կյանքն էնպես դասավորվեց, որ հատկապես Հրուշն էր Հրուշի կարիք զգում, իր բաժին Հրուշը երբեւէ չհայտնվեց, եւ ինքը ճարահատյալ մենմենակ կրեց իր բաժին մեծ ու փոքր բոլոր դժվարությունները եւ ծնողներին էլ մենմենակ ճամփու դրեց էն աշխարհ, եւ չնայած հորնումոր թաղումներին Նվերին մի քանի ժամով բաց էին թողել բանտից, եւ չնայած երկու դեպքում էլ Նվերը բանտից ահագին գումար հասցրեց, Հրուշը կյանքի դժվարությունների դեմ հիմնականում մենմենակ էր, եւ չնայած Նվերը հարկ եղած դեպքերում բերդից ու մանավանդ ազատության մեջ Հրուշին թիկունք էր, իր էդ թիկունքից Հրուշը հազվադեպ էր օգտվում՝ ոչ միայն էն պատճառով, որ Հրուշը միայն ծայրահեղ դեպքերում էր իր դժվարությունները Նվերին հայտնի դարձնում, այլեւ ու հիմնականում էն պատճառով, որ Հրուշը սովոր էր, որ ինքը պիտի ուրիշներին ու մանավանդ Նվերին օգնության հասներ, եւ Հրուշն իր մենակությունը հատկապես ծնողների մահվան օրերին էր զգացել՝ Նվերի մի քանի ժամով հայտնվելուց ու բանտ վերադառնալուց հետո, եւ իր վշտերի դեմ էնքան մենակ էր, որ հնարավորություն էլ չէր ունեցել մարդկայնորեն ու մարդավարի սգալ ծնողների կորուստը, ու էս մանրամասներն իր՝ Հրուշի պատմածով գիտեմ, որովհետեւ Հրուշն իր Աննային Մարսել ամուսնացնելուց, երջանկացնելուց ու անձամբ երջանկանալուց հետո միայն սկսեց իր կրած դժվարությունները հիշել ու դրանց մասին խոսել, եւ հիշելուց ու խոսելուց հանկարծակի լացը բռնում էր, մինչդեռ իր ամենածանր օրերին ու ժամերին Հրուշը ոչ լաց էր լինում եւ ոչ էլ նույնիսկ հուզվում էր. ավելին. մշտապես ինքն էր ուրիշ վհատներին հասնում ու հույս տալիս, եւ հիմա, երբ Իսրայելյան Աննայի հիշեցնելուց հետո վերստին Հրուշին հիշում ու Հրուշի մասին եմ մտածում, կամաց-կամաց սկսում եմ հասկանալ, որ Աստված հենց Հրուշին պիտի էդ տեսակ անսպասելի ու անկանխատեսելի բախտի արժանացներ, եւ չնայած ինքն ինձ Մարսելից ու Ֆրանսիայից ոչ մի անգամ չի զանգել, համոզված եմ, որ ինքն էլ ինձ է երբեմն-երբեմն հիշում, եւ եթե Հրուշի ամենամոտիկ ընկերուհի Կարինեն չասեր էլ, ես պիտի ինքնուրույն էլ գլխի ընկնեի, որ Հրուշն իմ էս վեպն ինտերնետով կարդում է, եւ չնայած էս ընթացքում Կարինեին ընդամենը երկու անգամ եմ տեսել, երկու անգամն էլ զգացել ու հասկացել եմ, որ Կարինեն ու մանավանդ իր ամուսին Գագոն երախտապարտ են Հրուշին, որովհետեւ Հրուշի շնորհիվ իրենք վերջապես աշխատանք ունեն ու էդ «Ընտանեկան լոտոները» ծախելով՝ արդեն սկսել են ծերը ծերին հասցնել, եւ վերջին անգամ Կարինեի ասածներից հասկացա, որ Նվերն Ալեքսի հիմնարկում տնտեսվարի պես բան է աշխատում ու արդեն ահագին ֆրանսերեն է սովորել, ու նաեւ հասկացա, որ Հրուշը, Նվերի կինն ու Նվերի որդին էլ են Ալեքսի համակարգում աշխատում, ու հատկապես էս վերջին անգամ էր Կարինեն Հրուշի մասին մեծ երախտագիտությամբ խոսում ու մեր էդ վերջին խոսակցության ընթացքում մի քանի անգամ ասաց՝ «Հրուշը որ չըլներ, ոտովգլխով կորած էինք», եւ Կարինեի աչքերի մեջ թաքուն հույս նկատեցի առ այն, որ Հրուշի շնորհիվ մի օր իրենք էլ կարող են Մարսելում ու Ֆրանսիայում հայտնվել, եւ, իմ կարծիքով, դա միանգամայն արդարացի կլիներ, որովհետեւ Հրուշի երկարուձիգ տառապանքների ընթացքում Կարինեն միակն էր, որ մշտապես Հրուշի կողքին էր, եւ չնայած տպավորությունն էնպիսին էր, թե մշտապես Հրուշն էր Կարինեին եւ ուրիշներին հասնում, այդուհանդերձ, Հրուշն էլ էր մշտապես ու որոշակիորեն մարդկանց կարիքն զգում, եւ չնայած էդ մասին միայն ինքը գիտեր, երբ վերջին անգամ Կարինեին ասացի՝ «Հրուշը ոչ մի անգամ ինձ չի զանգել», Կարինեն մի քիչ մտածեց եւ գոհունակությամբ ասաց՝ «ինքը իրա էն ամենադժվար տարիներին էլ ա մենակ ինձ զանգել», եւ որ Իսրայելյան Աննան, սիրային տեսարաններ ակնկալելով հանդերձ, մշտապես ասում ու շեշտում է, որ իմ էս վեպում իր ամենասիրած կերպարը Հրուշն է, ինձ շատ լավ եմ զգում, որովհետեւ շատ անարդար կլիներ, եթե Հրուշի էության ու գոյության մասին միայն համադասարանցիներս ու հատուկենտ մարդիկ իմանային, եւ չնայած ընթերցողներս առանձնապես բազմահազար չեն, հենց միայն Իսրայելյան Աննան բավական է, որ Հրուշի գոյության ու որակների մասին ահագին տեղեկատվություն տարածվի ու ապահովվի, եւ իմ ու Հրուշի ամենավերջին հանդիպման ժամանակ նաեւ զգացի, որ իր համար էլ է ցանկալի, որ իմ գրածներից մարդիկ տեղեկանան ու իմանան, թե ինչպես Հրանուշ անունով մեկը մենմենակ հաղթեց չարին ու վերադարձավ կյանք, ընդ որում՝ ոչ թե Հայաստան վերադարձավ, այլ՝ բարգավաճ Ֆրանսիա ու Մարսել, եւ չնայած Հրուշն էդ անհավասար պայքարում իր մենակ լինելու հանգամանքը մշտապես նշում ու շեշտում էր, մեր ամենավերջին հանդիպման ժամանակ ասաց՝ «մենակը մենակ եմ էղել, բայց ախպորս՝ Նվերի պաձերժկեն դուխի ու փողի իմաստով միշտ էլ էղել ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «բայց ամենակարեւորը՝ Աստված ա միշտ հետս ու կողքս էղել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «որ Աստված թեկուզ մի վայրկյան ձեռը գլխիցս քաշեր, ես ո՞վ էի, որ էդ հազար ու մի դժոխքներին դիմանայի», եւ հիմա, երբ Իսրայելյան Աննայի հիշեցնելով՝ վերստին Հրուշին հիշել ու իր մասին եմ գրում, համոզված եմ, որ իր մասին էս վերջին հիշողություններս կարդալով՝ իրեն, այնուամենայնիվ, լավ կզգա, որովհետեւ Հրուշը բոլորիցս չափազանց տարբեր լինելով՝ բոլորիս պես իրեն լավ է զգում՝ երբ իրեն հիշում են, եւ, ընդհակառակը, իրեն շատ վատ է զգում՝ երբ մարդիկ իրեն մոռանում ու մտքներից ջնջում են, եւ չնայած հույս ունեմ, որ իր մասին էս վերջին էջերս կարդալուց հետո կզանգի, այդուհանդերձ, հույս չունեմ, թե կզանգի ու որեւէ լավ բան կասի. ընդհակառակը, արդեն իր զանգը պատկերացնելով՝ նաեւ իր ասելիքն եմ պատկերացնում. «փաստորեն, որ ձեր էդ Իսրայելյան Աննան չհիշացներ, ինձ վաբշե չէիր հիշելու, հա՞», եւ իր ծորուն ձայնն ու հարազատ մուննաթն անմիջապես ճանաչելով՝ սրտանց կուրախանամ՝ անկախ իմ հասցեին հնչեցրած իր բառերից ու նախադասություններից, բայց քանի դեռ չի զանգել, իր մասին այլեւս որեւէ բառ չեմ գրի, որովհետեւ իր ու Նվերի մասին ինչ որ գիտեի՝ արդեն համարյա լրիվ գրել պրծել եմ, եւ ահա էս մտքիս հետեւից միանգամայն այլ միտք է ուղեղս սողոսկում. իսկ միգուցե Հրուշն ու Նվերն էսքան ժամանակ ինձ չեն զանգում, որպեսզի իրենց մասին այլեւս որեւէ բան չգրեմ, եւ ահա էս նորածին մտքիս շուրջ պտտվելով՝ նաեւ սկսում եմ մտածել, որ երջանիկները երեւի չեն էլ ուզում, որ իրենց ու իրենց երջանկության մասին որեւէ բան գրվի, բայց հիմա էս վերջին մտքիցս բռնվելով՝ նաեւ սկսում եմ մտածել, որ երջանիկ մարդիկ դժվար թե իրենց երջանիկ լինելը հասկանան ու զգան, որովհետեւ մարդ արարածը երջանկության մասին իր պատկերացումները հիմնականում ուրիշների հետ է կապում, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Հրուշ անվանյալ մարդ արարածին, ինքը եթե բացարձակ երջանիկ էլ լինի, դժվար թե իր երջանկությունն ըմբռնի ու զգա, որովհետեւ Հրուշը մարդու ու կնոջ էն տեսակն է, որն ընդհանրապես պարապ չի մնում ու մտածելու ժամանակ երբեւէ չի ունենում եւ դրախտում անգամ որեւէ հոգս ու չարչարանք կճարի, իսկ ինչ վերաբերում է իր եղբայր ու իմ պատանեկության ընկեր Նվերին, Նվերը հաստատ չի կարող Մարսելում ու Ֆրանսիայում իրեն երջանիկ զգալ՝ թեկուզ ջրի պես ֆրանսերեն սովորի ու իմանա, որովհետեւ Նվերն էն մարդկանցից չի, ովքեր ի վիճակի են իրենց կյանքը նորից ու զրոյից սկսել, եւ, ի տարբերություն բոլորի, Նվերը թքած ունի՝ իր մասին կգրեն, թե չեն գրի, եւ իր մասին գրելուս համար ինձանից չնեղացավ, որովհետեւ, ի տարբերություն ուրիշների, երեւի հասկանում է, որ էս գրածներս առաջին հերթին ու ամենից շատ ինձ են հարկավոր, եւ հավանաբար ինքը, ի տարբերություն ուրիշների, հասկանում է, որ ես, ի տարբերություն ուրիշների, այլ զբաղմունք ու այլ մխիթարություն չունեմ, եւ քանի որ Հրուշի ու Նվերի մասին այլեւս չեմ կարող էս ասածներիս որեւէ բան ավելացնել, վերստին կվերադառնամ Պոտյոմկինա Նինային, մանավանդ որ՝ Նինան էլ է Իսրայելյան Աննայի պատվերի մեջ ամբողջովին տեղավորվում, եւ վերստին ութսուներկուսի Մոսկվա վերադառնալով՝ պիտի ասեմ, որ չնայած իմ ու Պոտյոմկինա Նինայի հարաբերություններն արագորեն ու սրընթաց խորացան, այդուհանդերձ, շատ կարճ կյանք ու միանգամայն անցանկալի շարունակություն ունեցան, եւ իմ ու իր խորացած հարաբերությունների մասին ինչքան գրեցի՝ հերիք ու բոլ է, եւ չնայած էդ օրվա ռեստորանից հետո մեր հարաբերությունները շարունակվեցին այնպես՝ ինչպես որ սկսվել էին, դրանք ընդամենը մի քանի շաբաթվա լիարժեք կյանք ունեցան եւ չնայած մինչեւ հաջորդ տարվա մարտ շարունակվեցին, հաջորդ տարվանը նախորդի զուտ իներցիոն շարունակությունն ու կրկնությունն էր, որովհետեւ իմ ու Պոտյոմկինա Նինայի անկրկնելի հարաբերություններն իննսուներկուսի դեկտեմբերի առաջին շաբաթվա կեսերին ծայր առնելով ու սկսվելով՝ նույն դեկտեմբերի երրորդ շաբաթվա ընթացքում տեղի տվին առողջ բանականությանը, ավելի ճիշտ՝ անձամբ իմ առողջ բանականությանը, որովհետեւ էդ պահին իմ առողջ բանականությունն ու Պոտյոմկինա Նինայի պահանջները բացարձակապես չէին համընկնում, եւ եթե առողջ բանականությունս ինձ պարտադրում էր դեկտեմբերի վերջին մեկնել Երեւան եւ Ծննդյան տոներն ու ձմեռային արձակուրդս անցկացնել ընտանեկան միջավայրում, ընկերներիս հետ եւ, վերջապես, հայրենիքում, ապա Նինայի պահանջն էն էր, որ մնամ եւ Ծննդյան տոներն ու ձմեռային արձակուրդս անցկացնեմ ընտանեկան միջավայրում. այսինքն, իր կարծիքով՝ ես ու ինքն արդեն ընտանիք էինք, եւ չնայած ինքն իբր կատակով ասաց՝ «կմնաս ու Նոր տարին կանցկացնես ընտանիքիդ հետ», հետագա օրերի ընթացքն ու բովանդակությունը ցույց տվին, որ շատ էլ լուրջ էր ասել, որովհետեւ երբ Մոսկվա-Երեւան տոմսս տեսավ, էդ գիշեր թույլ չտվեց իր սենյակում մնամ, եւ, ինչքան հիշում եմ, քսանմեկի գիշերն էր, եւ, ինչքան հիշում եմ, ինքնաթիռի տոմսս քսանյոթի ամսաթվով էր, ու ես գլխիկոր իմ պաղ ու անհոգի սենյակ տեղափոխվելով՝ մինչեւ քսանյոթն ապրեցի իմ էդ պաղ ու դափդատարկ սենյակում, որից արդեն վերջնականապես էի օտարացել, եւ էդ օտարացած, պաղ ու դատարկ սենյակում մի ամբողջ շաբաթ տհաճությամբ քնելով ու զարթնելով՝ քսանյոթին, առանց Նինային հրաժեշտ տալու, մեր հայ տղերքի հետ թռա Երեւան, եւ եթե Նինային լսեի ու Երեւան չթռչեի, Նոր տարին էդ հանրակացարանում դիմավորած միակ հայն էի հանդիսանալու, որովհետեւ հայերս օտարության մեջ ու հատկապես խոպաններում ենք զգում Նոր տարին հայրենիքում ու հարազատների հետ դիմավորելու անհրաժեշտությունը, ու էդ անհրաժեշտությունն զգում ու հասկանում ենք հատկապես ռուս սիրուհիների անկողինների մեջ շնթռած, եւ չնայած մոսկովյան իմ էդ առաջին տարվա վերջին շաբաթվա ընթացքում ինձնից կախված ամեն ինչ անում էի, որ Նինային չտեսնեմ, առավոտից իրիկուն ուշքս ու միտքս իրենով էին լեփլեցուն, եւ որպեսզի իրեն չտեսնեի, առավոտները պարտաճանաչ գնում էի դասի ու դասից հետո՝ ուղիղ Սյունազարդ դահլիճ, որտեղ վաղուց սկսվել ու շարունակվում էր Կասպարով-Կարպով դարի մրցամարտը, որի մշտական հրավիրատոմսը Մեժիրովի շնորհիվ ունեի, ավելի ճիշտ՝ Մեժիրովն իր մշտական հրավիրատոմսն ինձ էր նվիրել, որովհետեւ ինքը, ի տարբերություն ինձ, շախմատ խաղալ էր սիրում եւ ոչ թե՝ նայել, իսկ ես, ընդհակառակը, նայելն էի սիրում, նաեւ՝ Կասպարովի ու Կարպովի խաղի ընթացքում ճեմասրահում ֆռֆռալն ու բուֆետում նստելը, եւ աչքիս պոչով գրոսմայստերներին էի ուսումնասիրում ու զննում եւ հատկապես Պոլուգաեւսկուն էի հեռվանց զննում, որովհետեւ անձամբ Պոլուգաեւսկին էր իր թղթախաղի գծով խաղընկեր Մեժիրովին նվիրել էդ մշտական հրավիրատոմսը, որը մշտապես պիջակիս ձախ ծոցագրպանում էր՝ Գրողների միության անդամատոմսիս մեջ, եւ շարունակաբար գրոսմայստեր Լեւ Պոլուգաեւսկուն հետեւելով՝ փորձում էի պարզել՝ ինքը Կասպարովի՞ համար է ցավում, թե՝ հակառակը, բայց Պոլուգաեւսկուն անընդհատ հետեւելով՝ ոչ մի կերպ չէի կարողանում էդ հանգամանքը պարզել, ու Սյունազարդ դահլիճում Պոլուգաեւսկուն, Վահանյանին, մյուս գրոսմայստերներին ու մյուս հայերին նայելիս՝ շարունակ Նինայի մասին էի մտածում, եւ եթե Նինայի պատճառով շուրջ երեք շաբաթ շախմատն էի մոռացության տվել, հիմա արդեն միտումնավոր փորձում էի շախմատի շնորհիվ Նինային մոռանալ, բայց ոչինչ չէր ստացվում, եւ չնայած շուրջ երեք շաբաթ Նինայի պատճառով Սյունազարդ դահլիճից ու շախմատից բացակայել էի, էստեղ ոչինչ չէր փոխվել. ամեն ինչ նույնն էր՝ ներառյալ մրցամարտի հաշիվը՝ 5:0, իսկ ավելի ստույգ՝ արդեն երկուսուկես ամիս հաշիվը չէր փոխվել, որովհետեւ երբ հոկտեմբերի սկզբներին Մեժիրովը Պոլուգաեւսկու տված էդ մշտական հրավիրատոմսն ինձ տվեց, էդ մրցամարտի հաշիվն արդեն 5:0 էր՝ հօգուտ Կարպովի, եւ, համաձայն էդ տարվա մրցակարգի, մրցամարտը պիտի շարունակվեր՝ մինչեւ Կարպովի վեցերորդ հաղթանակը, եւ հոկտեմբերի սկզբներին, երբ Մեժիրովից շախմատի էդ մշտականն ստացա, մտածում էի՝ մի քանի օրվա ընթացքում Կարպովը մի պարտիա էլ կշահի, ու մրցամարտը կավարտվի, ու հոկտեմբերին Մեժիրովն ու բոլորն էդ կարծիքին էին, ու էդ հրավիրատոմսն ինձ նվիրելիս Ալեքսանդր Պետրովիչն ինձ ասաց՝ «քանի հայրենակիցդ վերջնականապես չի պարտվել, երեւի մի քանի պարտիա հասցնես նայել», եւ ես կատակով ասացի՝ «ես որ էդ մատչին գնամ, հայրենակիցս դժվար թե պարտվի», եւ Մեժիրովը հրավիրատոմսն ինձ տալով ասաց՝ «դա արդեն ֆանտաստիկայի ոլորտից է», եւ ահա երկուսուկես ամիս ֆանտաստիկայի ոլորտում էինք, ու Մեժիրովն ամեն ինձ տեսնելիս ժպտալով ասում էր՝ «հայրենակցիդ համար ոտդ խերով էր» եւ ժպտալով ավելացնում էր՝ «եթե իմանայի, որ էդ հրավիրատոմսն էդքան երկար կյանք է ունենալու, դժվար թե քեզ տայի», եւ ես ժպտալով ասում էի՝ «Աստված մեզ էնքան երկար կյանք տա, որ էդ մատչը մինչեւ վերջ տեսնենք», եւ Մեժիրովը ժպտալով ասում էր՝ «հուսով եմ՝ էդքան կապրենք», եւ չնայած Կասպարովն իր հիսուն տոկոսով հրեա լինելն ամենեւին չէր թաքցնում, Մեժիրովն ու էլի շատ հրեաներ թաքուն ու գաղտնի էին ուրախանում Կասպարովի հաջողություններով, մինչդեռ հայերս բացահայտ էինք Կասպարովին երկրպագում, իսկ մշեցի, ապարանցի ու շենգավիթցի Ռաֆոն, ի տարբերություն սովորական երկրպագուներիս, ոչ թե պարզապես երկրպագու էր, այլ Կասպարովի համար՝ իսկական թեւութիկունք, եւ Ռաֆոն Կասպարովին իր էդ գործուն աջակցությունը ոչ միայն չէր թաքցնում, այլեւ Կասպարովի բոլոր երկրպագուների եւ հատկապես հայ երկրպագուների գիտակցությանն ու իմացությանն էր հասցնում, եւ երբ հոկտեմբերի կեսերին ծագումով մշեցի, ծնունդով ապարանցի եւ էդ ու էս պահի դրությամբ շենգավիթցի Ռաֆոն հայտնվեց Սյունազարդ դահլիճում ու աջուձախ հայտարարեց, որ ինքը մեծ միսիա ունի եւ իր մեծ ու կարեւորագույն միսիան Կարպովին հիպնոսելն է, սկզբում ես էլ ուրիշների պես Ռաֆոյին հոգեպես շեղված համարեցի, բայց օրեցօր Ռաֆոյին լուրջ վերաբերվողներն ավելանում ու ավելանում էին, եւ երբ Նինայի հետ կապված ընդմիջումից հետո դեկտեմբերի վերջերին Սյունազարդ դահլիճ վերադարձա, էնտեղ արդեն ողջ հայությունն ու ներառյալ Կլարա Շահենովնան Ռաֆոյին միանգամայն լուրջ էին վերաբերվում…
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել