Armchess.am ինտերնետային կայքը երեկ առավոտյան տեղեկացրեց, որ Շախմատի միջազգային միությունը հաստատել է մի որոշում, ըստ որի՝ աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարի կազմակերպումը վստահվելու է երկու քաղաքների, որոնցից մեկը, ամենայն հավանականությամբ, կլինի Բաքուն: Որոշման համաձայն, հավակնորդներից չորսը պայքարի մեջ կներգրավվեն հարեւան հանրապետության մայրաքաղաքում, մյուսները (այդ թվում նաեւ մրցաշարի ընդհանուր հաղթող Լեւոն Արոնյանը), մեկ այլ երկրում, որը կորոշվի մոտակա ժամանակներում: «Առավոտը» երեկ պարզեց, որ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ շախմատային թագը վիճարկելու համար կազմակերպվող մրցաշարի մեկնարկը նշանակվել է եկող տարվա մարտին:
Անկասկած, նման վճիռ կայացնելու համար հիմնավոր պատճառ եղել է Լեւոն Արոնյանի կտրուկ հայտարարությունն այն մասին, որ եթե ընտրվի Բաքուն, ապա ինքը միանշանակ կհրաժարվի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու իր հալալ քրտինքով վաստակած հնարավորությունից: Սակայն այստեղ կա նաեւ մեկ այլ խնդիր: ՖԻԴԵ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք ձեռք բերած յոթ ուժեղագույն գրոսմայստերներին միանալու է կազմակերպիչ երկրի ներկայացուցիչը՝ մեկ հոգի: Սակայն հիմա, երբ մրցաշարը բաշխվել է երկու երկրների միջեւ, հարց է առաջանում, թե ո՞ր երկրի գրոսմայստերին է հատկացվելու այդ միակ թափուր տեղը: Վերջնական պատասխան դեռ չկա: Բայց, ամենայն հավանականությամբ, կընտրվի այն երկիրը, որն ավելու շուտ է հավակնորդների մրցաշարի կազմակերպման հայտ ներկայացրել: