Իսկ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը «Կրոնի ազատությունը Հայաստանում» ուսումնասիրության մեջ քննադատություն տեսավ՝ ուղղված առաքելական եկեղեցուն եւ ՀՀ օրենսդրությանը:
Ըստ Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախաձեռնությամբ իրականացված «Կրոնի ազատությունը Հայաստանում» ուսումնասիրության՝ Հայաստանում խղճի եւ դավանանքի ազատության ոտնահարման ամենատարածված դեպքերն են՝ վիրավորանքը, թշնամանք արտահայտող թռուցիկները, ԶԼՄ հաղորդումներն ու հոդվածները, քարոզչության ժամանակ հարձակումները, կոպիտ վերաբերմունքը եւ այլն: Ըստ անցկացված հարցման, Երեւանի եւ մարզերի 18 ԶԼՄ-ները դրական են վերաբերվում Հայ առաքելական եկեղեցուն, ունեն չեզոք վերաբերմունք՝ ոչ քրիստոնեական կրոնների հանդեպ եւ բացասական են տրամադրված ոչ ավանդական կրոնական կազմակերպությունների նկատմամբ: Հետազոտության ներկայացումը երեկ էր՝ «Կոնգրես» հյուրանոցում: Ուսումնասիրության հեղինակները առաջարկում են դպրոցում դադարեցնել հայ եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումը, «հոգեորսություն» բառի փոխարեն օգտագործել «ոչ պատշաճ դավանափոխություն» տերմինը: Նրանք այս եզրահանգման եկել են այն բանից հետո, երբ 808 հարցվածների 40%-ը «հոգեորսությունը» դիտել է որպես բացասական երեւույթ եւ այն բացատրել որպես գողություն, «թալանչիություն»: Քննարկմանը ներկա էին բազմաթիվ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ հանդիպումը երբեմն նրանց համար հերթական «քարոզի» վայր էր դառնում: Ելույթներ ունեցան «Եհովայի վկաների», «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու», «7-րդ օրվա ադվենտիստների եկեղեցու», «կրիշնայականների», «ավետարանականների», «Արորդիների ուխտ» հեթանոսական համայնքի եւ այլոց ներկայացուցիչները: Նրանց համոզմամբ, ուսումնասիրությունը օբյեկտիվ էր, դրա համար էլ գովեստի խոսքեր շռայլեցին հեղինակներին: Կրիշնայական Գայանե Մարտիրոսյանը շնորհավորեց տիեզերական ուժերին եւ նման հայտարարությամբ հանդես եկավ. «Վազգեն Սարգսյանը, որին հիմա սպարապետ եք ասում, հրամայել էր մեր գլուխները ջարդել, դրա համար էլ իր գլուխը իր տան մեջ ջարդեցին, նա իր ցանածը հնձեց»: Բոլոր ելույթ ունեցողները հայտնում էին իրենց վրդովմունքը իբր մեր երկրում կրոնական անհանդուրժողականության «մասով»: «Առավոտի» բարձրացրած մտահոգությանը՝ ինչպե՞ս վարվել, երբ ամեն օր զանազան աղանդների ներկայացուցիչներ զանգում, թակում են դռները եւ տարբեր ձեւերով հոգեորսությամբ զբաղվում: Ավետիք Իշխանյանն արձագանքեց. «Ես եւ իմ հարազատները, որ ապրում են քաղաքի կենտրոնում, նման դեպքերի չեն պատահում… Եվ հետո, ընտրությունների ժամանակ քաղաքական գործիչները չե՞ն գալիս, նույն բանն է, էլի…»: Ավետարանչական եկեղեցու ներկայացուցիչ Ռաֆայել Գրիգորյանն էլ լրագրողներին անվանեց տգետ՝ այն բանի համար, որ չեն լուսաբանում իրենց պաշտամունքները, իրենց շենքերի բացումը եւ այլն: Մայր աթոռ սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը «Առավոտի» հետ զրույցում ուսումնասիրության մասին ասաց. «Հայաստանի Հանրապետության հասարակությունը, որի մեծամասնությունը Հայաստանյայց սուրբ եկեղեցու հետեւորդ է, կարող է մեծագույն համոզումով հաստատել, որ բավականին հանդուրժող ենք այն առումով, որ այսօր, չգիտես ինչու, փոքրամասնությունների իրավունքները ավելի են բարձրաձայնվում, քան մեծամասնության: Երբեմն որոշակի ճնշում է գործադրվում փոքրամասնությունների կողմից տարբեր միջազգային կառույցների ու հիմնադրամների միջոցով: Սակայն այդ ամենի մեջ անտեսվում է կարեւորագույնը՝ Հայաստանյայց սուրբ եկեղեցին ունի պատասխանատվություն իր զավակների համար եւ անում է առավելագույնը, որ ապահովվի նրանց հոգեւոր անվտանգությունը, որպեսզի որեւէ մեկն իրեն իրավունք չվերապահի բռնությամբ, անհանգստացնելով, տարատեսակ այցերով եւ գրականության միջոցով սպառնալ հոգեւոր անվտանգությանը: Ուսումնասիրության մեջ վերապահության միտում է նկատվում, հիմնական քննադատությունները ուղղված են առաքելական եկեղեցու եւ ՀՀ օրենսդրության դեմ: Եթե ուսումնասիրություն է, ենթադրում է՝ անաչառ մոտեցում, ոչ թե՝ միակողմանի: Նույն առաքելական եկեղեցու իրավունքներն էլ տարբեր ասպեկտներով խախտվում են»:
Տեր Վահրամի համար անընկալելի էր այն, որ գրքում զետեղված էին միայն հեղինակ Վահան Իշխանյանի հոդվածները, որոնք ներկայացնում են, թե ինչպես են խոշտանգվում «Եհովայի վկաները» եւ այլն: Վ. Իշխանյանն էլ ի պատասխան ասաց. «Եթե փողոցում քահանան ծեծում է կանանց, ես այդ մասին գրում եմ, մյուս թերթերը չեն գրում, դրա համար չի զետեղվում»: