Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԱԴԱՀԱՅ «ԿԱՐՄԵՆԸ»՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հունիս 05,2010 00:00

Oպերային երգչուհի Նորա Սուրուզիանը չի հրաժարվի Հայաստանում աշխատելու առաջարկից

\"\"

Հայաստանում է կանադահայ օպերային երգչուհի, մեցցոսոպրանո Նորա Սուրուզիանը: Մասնավոր այցով է հայրենիքում՝ այստեղ են բնակվում ծնողները: Նորան ասում է, որ Հայաստանում ավելի լավ է զգում, բայց մի տեսակ տանը չի զգում:
Չնայած երիտասարդ տարիքին՝ նա հասցրել է հանդես գալ լավագույն բեմերում, լավագույն դերերգերով՝ Զալցբուրգում, Ստրասբուրգում, Ժնեւում, Ցյուրիխում, Ամստերդամում, Նեապոլում, Լիսաբոնում եւ այլուր: Նորա Սուրուզիանը ասում է, որ առիթը բաց չի թողնում մշտապես Կոմիտաս հնչեցնելու, չնայած այցեքարտը՝ Կարմենն է; Նորան երրորդ անգամ է այցելում Հայաստան, երազում է բեմ բարձրանալ նաեւ Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնում: Ներկա է եղել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին, տպավորությունները այսպես է ներկայացնում. «Հիացած եմ, այնքա՜ն հաճելի միջավայրում էի, ինձ մեկ ժամով լիարժեք հայ զգացի, որովհետեւ շրջապատված էի հայերով, հայ էր հանդիսատեսը, հայերն էին երաժիշտները…»:
Հարցին՝ ինչո՞ւ Հայաստանում իրեն տանը չի զգում, երգչուհին պատասխանում է. «Թափառաշրջիկ կյանքով եմ ապրում, այսինքն՝ դա իմ կենսակերպից է գալիս: Ապրել եմ Իտալիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Ճապոնիայում, Իռլանդիայում, հիմա Շվեյցարիայում եմ, Հայաստանից էլ Գերմանիա եմ գնալու Կարմենի դերերգով հանդես գալու համար»:
Նորան Հայաստան տեղափոխվելու մտադրություն առայժմ չունի: Հայաստանում չհաստատվելու պատճառներից մեկն էլ, ըստ մեր զրուցակցի, մարդկանց վերաբերմունքն է. «Այստեղ ինձ մի տեսակ օտարի աչքերով են նայում, օտարի տեղ են դնում: Հարցնում են՝ դուք իտալուհի՞ եք… Գուցե հայուհու նման չեմ, բայց հայ եմ… Նույնիսկ շփվելու խնդիր ունեմ, իմ հայերենը երիտասարդները չեն հասկանում, նրանց հայերենն ու իմ հայերենը տարբերվում են»:
Ազգային օպերային թատրոնից աշխատանքի առաջարկ ստանալու դեպքում երգչուհին կմտածի, եթե այն երկարաժամկետ լինի. «Չգիտեմ այստեղ ինչպես ինձ կվարձատրեն: Դրսում օպերային երգչուհին շատ բարձր է գնահատվում. կարող եմ երկու ամիս աշխատել, վեց ամիս հանգստանալ: Ամեն դեպքում Հայաստանում կուզենայի աշխատել, Հայաստանը շատ եմ սիրում, հպարտ եմ, որ հայ եմ: Հայաստան գալիս հատկապես գյուղեր եմ այցելում… Գյուղի մարդիկ բարի են, արվեստի հանդեպ կարոտ ունեն… Երբ նրանց մեջ եմ գտնվում, չեն հարցնում՝ որտեղ ես երգել, ում հետ, այլ ուղղակի սեր են տալիս քեզ, մաքուր, առանց հաշվարկի սեր, նրանց չի հետաքրքրում՝ դու ով ես, ինչ ես, որ երկրում ես եղել, դու նրանց համար սովորական մարդ ես…»:
Անդրադառնալով հայ օպերային երգչուհիներին՝ Նորան նշեց. «Հայ երաժշտական արվեստը բարձր եմ գնահատում, հայ երգչուհիները հիացմունքի են արժանի: Ինձ համար վոկալի բարձրակետը Լուսինե Զաքարյանն է: Այսօր էլ շատ հայաստանցիների եմ ճանաչում, որոնք երգում են Գերմանիայում, Իտալիայում»: Մեր զրուցակիցը փաստում է, որ դրսում արվեստը «առեւտրայնացված» է. «Այնտեղ ամեն ինչ առեւտուր է, ձայնն էլ է ապրանք: Մարդկային հարաբերությունները ոչ մի դեր չունեն: Հագուստի գույնի պես տաղանդդ ու շնորքդ կարող են հավանության արժանանալ կամ՝ ոչ…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել