Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ԴԱՏԱՊԱՐՏՎՈՒՄ ԵՆ

Հունիս 05,2010 00:00

Արգենտինական բանակի եւ ռազմական հետախուզության նախկին հինգ սպաներ կանգնել են դատարանի առջեւ՝ երկրում ռազմական դիտկատուրայի տարիներին 65 մարդու սպանության մեղադրանքով: Նրանք կասկածվում են 1976-1983թթ. ընթացքում ընդդիմադիր շարժման ակտիվիստներին առեւանգելու, կտտանքների ենթարկելու եւ սպանելու մեջ: Բացի այդ, նախաքննական մարմնի վարկածով, հենց այդ հինգ սպաներն են կանգնած բռնապետական ռեժիմի օրոք «Օրլետտի» անունը կրող ավտովերանորոգման սրահի անվան տակ տխրահռչակ գաղտնի բանտ կազմակերպելու մեջ: Այդ բանտի գոյության տարիներին այնտեղ է պահվել երկրի հատուկ ծառայությունների կողմից առեւանգված ավելի քան 200 մարդ: «Օրլետտիի» նախկին կալանավորները պատմել են, որ այդ բանտ են տեղափոխվել նաեւ հարեւան Ուրուգվայից բերված անձինք: Բացի այս, այդ բանտում են պահվել նաեւ Բոլիվիայից, Չիլիից, Պարագվայից եւ անգամ Կուբայից բերված մարդիկ:
Արգենտինայի դատախազը հայտարարել է, որ այն, ինչ կատարվել է «Օրլետտիում»՝ լավ հաշվարկված եւ ծրագրված հանցագործություն է եղել: Իհարկե, մեղադրվող հինգ սպաները առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր չեն ճանաչում: Իրավապաշտպանները հույս ունեն, որ դատական լսումները լույս կսփռեն, այսպես կոչված՝ «Կոնդոր» գործողության վրա, որի ընթացքում հարավամերիկյան մի քանի երկրների ռազմական ռեժիմները փորձել են համատեղ ջանքերով ֆիզիկապես ոչնչացնել իրենց քաղաքական ընդդիմախոսներին:
Հիշեցնենք, որ այդ իրադարձություններից 30 տարի անց, նույն դեպքերի առնչությամբ Արգենտինայի ռազմական կառավարության ղեկավար Խորխե Ռաֆայել Վիդելան դեռ 1985թ.-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ 1985թ.-ին 66 մարդու սպանության եւ 93-ին կտտանքների ենթարկելու մեղադրանքով, իսկ Արգենտինայի ռազմական խունտայի ղեկավար, գեներալ Ռեյնալդո Բինիոնը, որը երկրում նախագահել է 1982-83թթ., այս տարվա ապրիլին դատապարտվեց 25 տարվա բանտարկության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել