Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստ է քննարկել Գազայի հատվածի շրջափակման թուլացման հարցը: Ինչպես փոխանցում է news.am-ը, երկրի վարչապետը պատրաստ է թույլ տալ միջազգային տեսուչների ուսումնասիրությունները նավերից յուրաքանչյուրի մասով, որոնք Գազայի հատված բեռներ էին փոխադրում՝ համոզվելու համար, թե նավերն արդյո՞ք զենք էին տեղափոխում: Հիշեցնենք, որ դեռ հինգշաբթի օրը Իսրայելի վարչապետը հանդիպել էր ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրամիության եւ ՄԱԿ-ի մերձավորարեւելյան «քառյակի» ներկայացուցիչ Թոնի Բլերի հետ:
Վարչապետն ընդգծել է, որ Իսրայելը թույլ չի տա զենք եւ շինանյութ փոխադրել Գազայի հատված, ինչը կօգնի ՀԱՄԱՍ-ին՝ այնտեղ բունկերներ կառուցել: Միեւնույն ժամանակ, Իրանը սկսում է նոր «Ազատության նավախմբի» կազմակերպումը, որը նախատեսում է Գազայի հատված ուղարկել մի քանի շաբաթ անց: Այն բաղկացած կլինի 6 նավերից:
Իսկ ահա Թուրքիան, նույն աղբյուրի մատուցմամբ, պատրաստվում է պաշտոնապես Իսրայելի դեմ հայցով դիմել Հաագայի միջազգային եւ Վաշինգտոնի արբիտրաժային դատարաններ: Անկարան երկու հայց է ներկայացնելու Իսրայելի դեմ: Առաջինը, այսպես կոչված՝ «Ազատության նավախմբի» վրա իսրայելական հարձակման արդյունքում զոհվածների ընտանիքներին եւ վիրավորներին փոխհատուցում վճարելու պահանջով, երկրորդը՝ միջազգային ծովային կոնվենցիայի խախտման փաստով, որը, ըստ Թուրքիայի, Թել Ավիվը խախտել է՝ միջազգային ջրերում հարձակվելով նավատորմի վրա:
Համաձայն թուրքական ԶԼՄ-ների, Ստամբուլի դատախազությունն արդեն այդ ուղղությամբ հետաքննություն եւ փաստահավաք գործունեություն է սկսել: Արդեն վկաներից առաջին ցուցմունքներն են վերցվել: Չի բացառվում, որ Թուրքիան, որ գտնվում է Եվրոպական դատարանի իրավասության շրջանակներում, դիմի նաեւ այդ դատարանին: «Այդ հանցագործությունը չպետք է անպատիժ մնա, եւ մենք կանենք հնարավորը, որ մեղավորների նկատմամբ արդարադատություն իրականացվի»,- ասված է Թուրքիայի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ: