Լրահոս
Օրվա լրահոսը

Լրացավ Յանուկովիչի նախագահության 100-րդ օրը

Հունիս 05,2010 00:00

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը իր պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրված ասուլիսում հայտարարել է, թե Կիեւը մտադիր չէ ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: «Գոյություն ունեն միջազգային օրենքներ եւ նորմեր, որոնց համաձայն՝ այս կամ այն պետության ամբողջականության ցանկացած խախտում արգելվում է»,- հայտարարել է Յանուկովիչը: Նա շեշտել է, որ երբեք չի խոսել այդ ինքնահռչակ կազմավորումների անկախությունը ճանաչելու մասին՝ հավելելով, թե ինքը միշտ դեմ է եղել այս կամ այն տարածքների անկախության ճանաչման հարցում երկակի ստանդարտների կիրառմանը: Հիշեցնենք, որ վերջիններիս անկախությունը ճանաչել են Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան եւ Նաուրուն:
Ի դեպ, օրերս Ուկրաինայի Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ ընդունել էր «Ուկրաինայի ներքին եւ արտաքին քաղաքականության սկզբունքների մասին» կառավարության ներկայացրած օրենքը, որտեղ արձանագրված է երկրի՝ «դաշինքների չմիանալու» կարգավիճակը, եւ որով, Ուկրաինան, ըստ էության, հրաժարվել է երկրի նախորդ նախագահի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու ակտիվ քաղաքականությունից: Ընդսմին, երկրի նախագահ Յանուկովիչը շեշտել է, թե ՆԱՏՕ-ի եւ նրա դաշնակից Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցությունը շարունակվելու է: Ավելին, ի հավելումն սրա, Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը իր հերթին պարզաբանել է, թե «Ուկրաինայի ներքին եւ արտաքին քաղաքականության սկզբունքների մասին» օրենքի ընդունումը չի ազդի Կիեւի՝ Եվրամիությանն ինտեգրվելու քաղաքական եւ տնտեսական օրակարգի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել