2010թ. փետրվարին «ՍԻՐԱՐ» հրատարակչությունը Բարսելոնա քաղաքում լույս է ընծայել Աշոտ Արծրունու «Հայ ժողովրդի պատմություն» (Historia del Pueblo Armenio) գրքի նոր՝ չորրորդ հրատարակությունը՝ իսպաներեն:
«Հայ ժողովրդի պատմությունը» առաջին անգամ Բուենոս Այրեսում (Արգենտինա) լույս է տեսել 1965թ.՝ ցեղասպանության հիսնամյակի առթիվ:
Հեղինակը՝ Աշոտ Արծրունին այն գրել է հայերեն, իսկ նրա որդին՝ Ռուբենն այն թարգմանել է իսպաներեն: Գիրքը վերահրատարակվել է 1971 եւ 1978թթ., պորտուգալերեն տարբերակը լույս է տեսել 1976թ.: Այս աշխատանքն ընդգրկում է չորս հազարամյակ՝ հայ ժողովրդի պատմությունն իր ծագումից մինչեւ մեր օրերը: Գրքի առանձնահատկությունն այն է, որ հայոց պատմությունը ներկայացվում է հարեւան ժողովուրդների եւ համաշխարհային իրադարձությունների համատեքստում: Հեղինակը 1919թ. ուսանել է Հայաստանում՝ պատմաբանասիրական ֆակուլտետում: Եղել է քաղաքական գործիչ, մանկավարժ, դասախոս եւ լրագրող: Վերջին հրատարակությունը բնագրի արդիականացումն է, որը Ռուբեն Արծրունին կատարել է մանրակրկիտ կերպով՝ մի խումբ մասնագետների ուսումնասիրությունների համալրմամբ: Այսպիսով, տեղ են գտել նաեւ վերջին քառասուն տարվա պատմական իրադարձությունները՝ Ղարաբաղի ազատագրական պայքարը, 1991թ. անկախությունը, նոր արտագաղթը եւ այլ հարցեր: Լրագրողներ Օսվալդո Բայերը (Արգենտինա), Գեւորգ Յազըճյանը (Հայաստան) եւ Խոսե Անտոնիո Գուռիարանը (Իսպանիա) հանդիսանում են գրքի նախաբանների հեղինակները: Գիրքը ներկայացվել է ապրիլի 28-ին Բուենոս Այրեսի 36-րդ Գրքի միջազգային ցուցահանդեսի «Հայաստանի Հանրապետություն» տաղավարում՝ Արգենտինայում Հայաստանի Հանրապետության դեսպանության եւ Հայ կենտրոնի հովանավորությամբ: Ապրիլի 29-ին, «Բորխես մշակութային կենտրոնի» դահլիճում, գրքի շնորհանդեսին, ելույթ են ունեցել գրքի թարգմանիչ-լրագրող Ռուբեն Արծրունին, «Լուիսա Հայրապետյան» հիմնադրամի անդամ Բեատրիս Հայրապետյանը, Միջազգային հարաբերությունների եւ պատմության մասնագետ-հրապարակախոս Խուան Գաբրիել Թոքաթլյանը, լրագրող-հրապարակախոս Խոսե Անտոնիո Գուռիարանը: Նաեւ Խաղաղության նոբելյան մրցանակակիր Ադոլֆո Պերես Էսկիվելը: Մայիսի 3-ին գիրքը ներկայացվել է Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի «Ատենեո» մշակութային կենտրոնում: «Հայ ժողովրդի պատմությունը» առաջիկա օրերին կներկայացվի նաեւ Հայաստանում, նկատի ունենալով, որ այս վերջին՝ 4-րդ հրատարակության լրամշակման աշխատանքները Ռուբեն Արծրունին կատարել է մեծ մասամբ Հայաստանում՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ մասնագետների համագործակցությամբ: