Լրահոս
Օրվա լրահոսը

Լացս գալիս է

Հունիս 05,2010 00:00

Օտարալեզու կրթության մասին՝ երեխաներիս օրինակով

Վիրավորանքից բացի, ուրիշ ոչ մի զգացում չառաջացավ սրտումս, երբ լսեցի, որ առաջարկվում է ՀՀ-ում բացել օտարալեզու դպրոցներ: Վիրավորանքից լացս էր գալիս, անզորությունից՝ կատաղությունս: Անզորությունից եմ ասում, որովհետեւ գիտեմ, եթե որոշել են՝ կբացեն: Թքած ունեն ե՛ւ մեր զգացմունքների, ե՛ւ մեր կարծիքների, ե՛ւ, որ ամենակարեւորն է, պետության վրա: Ովքե՞ր են այդ առաջարկության հեղինակները: Ես չգիտեմ: Մտովի տեղափոխվում եմ ոչ հեռավոր խորհրդային անցյալը: Կուսակցական չինովնիկների 90%-ը իրենց երեխաներին ուղարկում էր ռուսական դպրոցներ: Նրանց հետեւում էին ընդհատակյա գործող «ցեխավիկ» ծնողները՝ «պրեստիժ» էր, շատ հաճախ մտավորականները եւս չէին դիմանում գայթակղությանը: Եթե ուզում էիր «առաջ գնալ», ուրեմն ռուսական կրթությունը, կոմունիստ լինելը գրեթե պարտադիր պայմաններ էին…
1988-ից հետո արդարացանք, թե մեղավոր չէինք, խորհրդային կարգերն էին մեղավոր… Բա հիմա ո՞վ է մեղավոր, ո՞վ է ստիպում մասնատել, «սորտավորել» ազգը… Ուրեմն այսպե՞ս է լինում ազգային պետությունը: Ուրեմն սրա համա՞ր էին պատերազմը, զոհերը, զրկանքները… Որ այսօր էլ մի խումբ մարդիկ քնեն-արթնանան ու որոշեն, որ վաղը-մյուս օրը իրենց երեխաներին «առաջ գնալու» համար հարկավոր է 6-7 տարեկանից լավ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ չինարեն սովորել, իսկ հայոց լեզուն, դե ոչինչ, ձեռքի հետ տանը կսովորեն, «մեկ է, Հայաստանում ապագա չկա, հո Հայաստանում չե՞ն մնալու»… Ընդամենը մի օրինակ բերեմ աշխարհի հզոր պետություններից մեկի՝ Ֆրանսիայի կրթական համակարգից: Ես երկքաղաքացիություն ունեմ եւ երեխաներիս հետ 2 տարի ապրել եմ Փարիզում: Քանի որ վստահ էի, որ վերադառնալու ենք Երեւան, տղայիս, որ 7 տարեկան էր, ուղարկեցի Փարիզի հայկական «Դպրոցասեր» վարժարանը, որը վճարովի էր: Գիտե՞ք ինչ է նշանակում Ֆրանսիայում հայկական, հրեական կամ էլ չգիտեմ, ասենք, չինական վարժարան: Այդ վարժարաններում բոլոր առարկաները պարտադիր ուսուցանվում են ֆրանսերեն լեզվով, պարզապես երեխաները ամեն օր մեկ ժամ ունեն նաեւ իրենց մայրենի լեզվից: Ընդամենը այսքանը: Անգլիական դպրոցներ Ֆրանսիայում ընդհանրապես չկան, քանի որ բոլոր հանրակրթական դպրոցներում անգլերեն՝ որպես պարտադիր օտար լեզու, ուսուցանվում է: Միայն լիցեյում (ավագ դպրոցն է), ուր տեղափոխվում է երեխան 15 տարեկանից, նա կարող է ընտրել հումանիտար հոսքը եւ, ասենք, խորամուխ լինել օտար լեզուների իմացության մեջ: Այսօր ֆրանսիական պետությունը միլիոնավոր եվրոներ է ծախսում, որ իր երկիր ներգաղթած օտարականներին ֆրանսերեն սովորեցնի: Ամեն քայլափոխի քեզ քաղաքավարի ժպիտով հասկացնում են, որ առանց ֆրանսերենի իմացության՝ դու, եթե, իհարկե, հյուր չես, ուրեմն ոչ մեկն ես Ֆրանսիայում, եթե անգամ գիտնական ես կամ արվեստագետ, միեւնույն է: Ֆրանսիայի Հանրապետության պետական լեզուն ֆրանսերենն է, եւ վերջ: Իսկ դուք ի՞նչ եք անում, պարոնա՛յք: Փոխանակ պայքարեք հայկական պետական դպրոցի մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, որ բոլոր երեխաները լիարժեք կրթություն ստանան, հայկական դպրոցները հեղինակազրկում եք, մղում եք երկրորդ պլան եւ ձեր երեխաների համար ստեղծում եք վերնախավային կամ, ինչպես ընդունված է ասել, «էլիտնի» դպրոցներ՝ ընտրյալների համար: Հետո միտինգներում կամ ԱԺ-ում երդվում եք այն Նժդեհի անունով, որ խուլ ու համր հային գերադասում էր օտարալեզու հայից:
Ինչ կլինի, գոնե մի քիչ, մի՜ քի՜չ սիրեք ձեր հայրենիքը… Քաղաքացիական պարտքս եմ համարում կոչ անել բոլոր նրանց, ովքեր ի զորու են կանխել այս հակապետական որոշման ընդունումը, չխնայել իրենց ուժերը եւ պայքարել:
Միշտ հպարտ եմ եղել, որ հայ եմ եւ Հայաստանն է հայրենիքս: Ափսոս, որ նույն զգացումը չունեմ որպես ՀՀ քաղաքացի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել