Շուրջ 12000 դիմորդ «քննվեց» հայոց լեզու եւ գրականություն առարկայից
Երեկ հանրապետության բոլոր մարզերում, ԼՂՀ-ում եւ Երեւանում մեկնարկեց հայոց լեզու եւ գրականություն առարկայից միասնական քննությունը:
ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանի փոխանցմամբ՝ հայոց լեզու եւ գրականություն առարկաների քննություններն ամենածավալունն են. «43 քննակենտրոններում շուրջ 11 161 աշակերտ է քննություն հանձնում՝ Հայաստանում եւ Արցախում»: Նա նաեւ հավաստիացրեց, որ քննության ժամանակ անակնկալներ եւ հարցաշարից դուրս հարցեր չեն լինելու:
«Առավոտը» այցելեց ԵՊՀ-ում եւ Տնտեսագիտական համալսարանում ձեւավորված քննական կենտրոններ: Կոնկրետ ԵՊՀ-ում քննություն էր հանձնում 358 դիմորդ, որոնցից 17-ը, ըստ ԵՊՀ-ի քննական կենտրոնի ղեկավար Ռուզաննա Մուրադյանի, «բացակա» էր: Վերջիններիս մասին Ռ. Մուրադյանն ասաց. «Բժշկի թուղթ դեռեւս չեն ներկայացրել, դա կներկայացնեն ԳԹԿ-ին, իսկ եթե հարգելի պատճառներ ունենան, լրացուցիչ քննություն կհանձնեն»:
Քննական կենտրոնի ղեկավարը հայտնեց, որ քննասենյակից դիմորդներին թույլատրում են դուրս գալ միայն բնական կարիքներ հոգալու համար, այն էլ՝ հերթապահի ուղեկցությամբ:
Դիմորդ Լիլիթ Գրիգորյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ հուզված է, մի փոքր էլ՝ վախեցած. «Պարապել եմ մի ամբողջ տարի, չեմ ուզում հուսախաբ լինել»:
Մեկ այլ դիմորդ՝ 22-ամյա Սարգիս Պողոսյանը նշեց, որ անարդարության հարց չի կարող լինել, որովհետեւ համակարգիչն է ստուգում աշխատանքները. «գուցե մի քիչ ինքնավստահ եմ խոսում, երեւի նրանից է, որ տարիքով մեծ եմ շատ դիմորդներից»:
Ապագա հաշվապահ Հայկ Հարությունյանն էլ հետեւյալն ասաց. «Չեմ վախենում, բայց անհանգիստ եմ: Կազմակերպիչներն ու մեզ հսկողները այնքան խիստ են, որ շփոթվում ենք»: Չնայած դիմորդ Սեդա Ավագյանը վստահ է իր գիտելիքների վրա, բայց մի քիչ կասկածում է, թե ամեն ինչ արդար կլինի. «Արդյո՞ք համակարգիչն ի զորու է լիարժեք գնահատել գիտելիքներս»:
ԳԹԿ ներկայացուցիչ Սեդա Մելիքխանյանն «Առավոտին» հավաստիացրեց, որ այս տարի, նախորդի համեմատ, քննություններն ավելի լավ են կազմակերպված, դիմորդներն էլ ավելի իրազեկ են քննության կարգին: Նրա կարծիքով, անարդարությունների մասին խոսելն ավելորդ է, որովհետեւ մարդկային գործոնը չի կարող ազդեցություն ունենալ՝ մեքենան է ստուգում քննական աշխատանքները:
Ինչպես միշտ, դիմորդներից ավելի հուզված էին ծնողները: Մոնիտորները նրանց չէին բավարարում. ամեն ոք ուզում էր տեսնել իր երեխային, մինչդեռ մոնիտորը ոչ թե սեփական երեխային մոտիկից տեսնելու, այլ քննության ընթացքին հետեւելու համար է: ԵՊՀ-ում ծնողներին թույլատրում էին մոտենալ մոնիտորներին՝ հինգ հոգուց բաղկացած խմբով, այն էլ՝ 5 րոպեով, ինչը նյարդայնացնում էր նրանց: Մյուս կողմից էլ, նույն խումբը չէր կարող ժամերով կանգնել մոնիտորի առաջ, որովհետեւ այլ ծնողներ էլ պիտի մոտենային: Տնտեսագիտական համալսարանում քննություններին հետեւելու ավելի քաղաքակիրթ տարբերակ էր գործում. ծնողներին համախմբել էին մեկ լսարանում, որտեղ տեղադրված էր մեծ մոնիտոր՝ բոլորի համար:
Այս քննական կենտրոնում քննություն հանձնող Նարեի պապը՝ Թելմանը, եկել էր թոռնուհուն ոգեւորելու: Ասում է՝ «պարապել է, բայց ինչ իմանաս՝ ի՞նչ կանեն…… Ինչ-որ խաչեր է դնելու: Վախենում էր, բայց խելացի է՝ կընդունվի թոռնիկս»:
Ծնող Հասմիկն էլ նշեց. «Քննության արդյունքները չեն կարող կեղծվել, եթե արդարությանը չհավատայի, այսօր այստեղ չէի լինի: Հավատում եմ, որ շատերի պես իմ երեխան էլ առանց կաշառքի կընդունվի համալսարան»:
Հ. Գ. Քննությունից դուրս եկած որոշ դիմորդներ դժգոհում էին, թե թեստում օտարագիր հայ գրողների վերաբերյալ հարց կար, ինչը իրենց անակնկալի է բերել: Այցելելով ԳԹԿ-ի www.atc.am կայք, որտեղ տեղադրված են թեստերն ու դրանց պատասխանները, պարզեցինք, որ հարցը ոչ թե օտարագիր հայ գրողներին, այլ հայագիտության օտարազգի երախտավորներին է վերաբերում: Օրինակ, թեստերից մեկի 38-րդ առաջադրանքը հետեւյալն էր՝ ո՞ր շարքում են նշված հայագիտության օտարազգի երախտավորները.
1) Ա. Տոմսոն, Մ. Սեբաստացի
2) Ֆ. Ֆեյդի, Յ. Կարստ
3) Հ. Հյուբշման, Ֆ.Վերֆել
4) Զ. Ֆրեյդ, Ա. Մեյե:
Ինչ խոսք, հարցը բարդ է դիմորդի համար, որը կարող է չիմանալ Ֆեյդիին կամ Մեյեին, բայց «Մուսա լեռան 40 օրը» վեպի հեղինակ Վերֆելի անունը գոնե պիտի լսած լինել: Մյուս կողմից էլ, եթե դիմորդը չի տարբերում օտարագիր հայ գրող արտահայտությունը օտարազգի հայ երախտավորից, ինչպե՞ս է ուզում բուհ ընդունվել: